Նոյեմբերի 14-ին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը նշեց հիմնադրման 80 տարին: Թատրոնի երիտասարդ կազմը ինքնատիպ միջոցառում էր կազմակերպել՝ ամեն ինչ չափի մեջ էր, նուրբ հումորով, համ ու հոտով ու չձանձրացնող: Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը ժպիտով ասաց, որ ինքն էլ տեղյակ չի եղել, թե ինչ է ներկայացվելու:
Երեկոյի ժամանակ, որին ներկա էին նախկին երկու ղեկավարներ Երվանդ Մանարյանն ու Ռուբեն Մարուխյանը, հիշեցին բոլորին՝ թատրոնի հիմնադիրներից մինչեւ տեխնիկական կազմ:
Պարոն Բաբայանն էլ ներողություն խնդրեց բոլոր նրանցից, ում նեղացրել է. «Իսկ նեղացնել կարող էի երկու պատճառով՝ որպես տնօրեն եւ որպես ռեժիսոր»: Քիչ անց էլ կատակով հավելեց, որ չի խոստանում, թե ապագայում էլ չի շարունակի նեղացնել:
Դահլիճում տիրում էր ջերմ ու անբռնազբոս մթնոլորտ: Թատրոնին ուղղված շնորհավորանքները շարունակվեցին նաեւ ճեմասրահում, որտեղ տիկնիկայինի բարեկամներն ու թատրոնի մարդիկ Ռուբեն Բաբայանին ու նրա ղեկավարած թատրոնին բարեմաղթանքներ հղեցին արդեն գինու բաժակով:
Կարդացեք նաև
Հավելենք, որ ստեղծագործական գործունեության 80 տարիներին եւ անգամ մութուցուրտ 90-ականներին երբեք կանգ չառած թատրոնն ունեցել է ավելի քան 400 անուն ներկայացում, 8 մլն հանդիսատես, բազմաթիվ միջազգային փառատոների է մասնակցել ու վերադարձել մրցանակներով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ