Նոյեմբերի 14-ին Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցի շենքը բազմամարդ էր: Կայացավ ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանի նկարների ցուցահանդեսը: Նոյեմբերյանի զորամասի զինծառայող երաժիշտները օրվա խորհրդին հարիր ստեղծագործություններ էին հնչեցնում, մոնիտորին ցուցադրվում էր Հ. Մամյանի կյանքի, Կողբի գեղարվեստի դպրոցի հետ նրա սերտ կապերի մասին լուսանկարների շարք:
Ցուցահանդեսը նվիրված էր Կողբի գեղարվեստի դպրոցի 15-ամյակին: Ներկա էին Հենրիկ Մամյանի հարազատները, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, Նոյեմբերյանի տարածաշրջանի մտավորականներ, Երեւանից ժամանած հյուրեր: Հ. Մամյանը սերտ կապված էր հայրենի Նոյեմբերյանի տարածաշրջանի հետ, Նոյեմբերյան քաղաքում գեղեցիկ առանձնատուն է կառուցել, այն կոչելով իր հոր անունով՝ Արամաշեն: Ցուցահանդեսում ներկայացված էին Հենրիկ Մամյանի գրաֆիկական աշխատանքները, գեղանկարները:
Նկարիչ Հաղթանակ Շահումյանը, նկարիչ, բանաստեղծ Զավեն Պետրոսյանը, ՀՀ գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը,գեղանկարիչ Գագիկ Սիրավյանը, քանդակագործ Արմեն Գոգինյանն իրենց ելույթներում նշեցին Հենրիկ Մամյանի մեծ ավանդը հայ դասականների ստեղծագործությունների նկարչական ձեւավորման, հաստոցային եւ մոնումենտալ գեղանկարչության, երիտասարդ նկարիչներ կրթելու ոլորտներում, Հ. Մամյանի մարդկային բարձր որակները, հայրենի եզերքին նրա նվիրվածությունը:
Գրող, հրապարակախոս Վանուշ Շերմազանյանն ասաց, որ ինչպես Հենրիկ Մամյանը Երեւանում, Կասկադում շարունակեց եւ ավարտեց իր ուսուցչի՝ Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» եռանկարը, այնպես Հ. Մամյանի դուստրերը՝ Լուսինը եւ Զարուհին կավարտեն Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցու որմնանկարները, որոնք անավարտ են մնացել 2014 թվականին Հ. Մամյանի մահից հետո:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ