Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք հասկացել են, որ երկրի մշակույթ են ներկայացնում»

Նոյեմբեր 14,2015 20:26

Կոմիտասի անվան ազգային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանի համոզմամբ՝ քառյակի երկարակեցության գաղտնիքը նրա երաժիշտների պատասխանատվության զգացման մեջ է. «Տարիների ընթացքում, բնականաբար, փոխվել են երաժիշտները: Նրանցից յուրաքանչյուրն իր մեծ ներդրումն է ունեցել քառյակի գոյատևման հարցում, նրանցից յուրաքանչյուրը հասկացել է, որ երկիր է ներկայացնում, երկրի մշակույթ, դասական երաժշտության մշակույթ, որը, ցավոք, չենք կարող ասել, թե այսօր ծաղկում է ապրում»,- ասում է Էդուարդ Թադևոսյանը:

Կոմիտասի անվան ազգային քառյակը 90 տարեկան է: Հոբելյանի առթիվ լույս է տեսել «Նվիրում» եռալեզու գիրք-ալբոմը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր, Հայաստանի ազգային գրադարանում:

Komitasi anvan qaryakԳիրք-ալբոմը Կոմիտասի անվան ազգային քառյակի 90-ամյա պատմության ժամանակագրական շարադրանքն է, որը կազմվել է քառյակի արխիվի և այլ նյութերի հիման վրա: Ներկայացվում են քառյակի երաժիշտների կենսագրականները, ներդրումը, մամուլի արձագանքներ, գնահատանքի խոսքեր, լուսանկարներ:

Գիրք-ալբոմը կազմել է հրապարակախոս Խաչատուր Դադայանը. «Ավելի քան երկու տարի առաջ, երբ քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանն առաջարկեց այսպիսի գիրք հրատարակել, առանց վարանելու համաձայնեցի: Պատճառն այն էր, որ գործ էի ունենալու ազգային արժեքի հետ: Կոմիտասի անվան քառյակը, իսկապես, ազգային արժեք է»,- ասաց Խ. Դադայանը:

«Ծանոթանալով արխիվային նյութերին՝ ուղղակի զարմանում ես, թե ինչպես է 90 տարի առաջ ստեղծված քառյակը, անցնելով տարբեր ժամանակաշրջաններով, գոյատևում մինչև այսօր և դեռ իր ասելիքն ունի»,- նշեց Կոմիտասի անվան ազգային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը:

Դանիել Երաժշտի բնորոշմամբ՝ քառյակը տարիներ շարունակ ուսուցիչ է եղել, որը բազում սերունդներ է կրթել՝ կապելով ազգայինը համամարդկային արվեստի հետ. «Ես ուզում եմ հիշեցնել Հենդելի խոսքերը: Նա ասում էր՝ եթե ես իմանամ, որ իմ երաժշտությունը միայն հաճույք է պատճառում, կդադարեմ ստեղծագործելուց. իմ նպատակը մարդուն կատարելագործելն է: Ահա Կոմիտասի անվան քառյակը գեղագիտական հաճույք պատճառելուց բացի, նաև կատարելագործում է մեզ»,- ասաց Դանիել Երաժիշտը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30