Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին` Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնց հետևանքով կան մեծաթիվ զոհեր, վիրավորվել են բազմաթիվ մարդիկ:
«Այսօր, երբ Մեր ժողովուրդը նշում է Հայոց Ցեղասպանության օրերին Մուսալեռան ինքնապաշտպանության 100-ամյակը և երախտագիտությամբ հիշում իր զավակների փրկվելը ֆրանսիական նավատորմի կողմից, մենք շնորհակալության հետ մեկտեղ Մեր ու հավատավոր Մեր ժողովրդի անունից վշտակցություն ու ցավակցություն ենք հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, Ֆրանսիայի եղբայր ժողովրդին:
Խստորեն դատապարտում ենք անմեղ ֆրանսիացիների դեմ ուղղված ահաբեկչական գործողությունները: Ահաբեկչությունը ազգություն չի ճանաչում և ուղղված է ողջ մարդկության, աշխարհի բարօրության, մարդկանց ու ժողովուրդների ապահով ու ստեղծարար համակեցության դեմ: Հավատում ենք, որ Ձեր գլխավորությամբ Ֆրանսիո ժողովուրդը պիտի հաղթահարի ստեղծված իրավիճակն ու կորստյան ցավը և պիտի շարունակի վճռական պայքարը ահաբեկչության դեմ` զերծ պահելու աշխարհն ու համայն մարդկության կյանքը նման եղեռնագործություններից ու ոճրագործություններից», – ասված է Նորին Սրբության ցավակցագրում:
Վեհափառ Հայրապետն հայցել է Երկնավոր Տիրոջը հանգստություն շնորհել զոհվածների հոգիներին, մխիթարություն պարգևել մահացածների հարազատներին և շուտափույթ առողջություն` ահաբեկչություններից տուժածներին:
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ