«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը նոյեմբերի 14-ին այցելել էր նաեւ Արտաշատ: Արտաշատում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Վարդան Մալխասյանն ասաց, որ շատ վճռորոշ ժամանակներ են սկսվում. «Չարիքի, կեղծիքի, խավարի, սրիկայության ռեժիմը, բանդիտների ռեժիմը նոր հնարքներ է մտածել, որ իր գոյությունը ոչ միայն երկարաձգի, այլեւ հավերժացնի, իրենց պատկերացմամբ: Բեն Ալիի, Քադաֆիի նման ուզում են հավերժ թոռեթոռ թագավոր դառնան: Մտածում են շատ դավադիր ձեւեր, միջոցներ, քանի որ սրանք վարժվել են կեղծիքի մեջ, վարժվել են խաբելու հնարքների մեջ՝ հաշիշի նման դոզավորված: Ղարաբաղյան կլանը իշխանության գալուց հետո ամեն ինչ արեց, որ վարժեցնի ամենավերջին այլանդակություններին, որովհետեւ իրենք գիտեին, որ փչացած հասարակությունը հեշտ է ղեկավարվում: Բայց իրենց չի հաջողվել ամբողջ հայ ժողովրդին փչացնել. հայ ժողովրդի կեսից ավելին առողջ մտածողություն ունի: Ես կարծում եմ, որ հիմա դրված է մեր լինելիության հարցը, հայ ժողովուրդը պետք է իր վճռական խոսքը ասի»:
Նա համարում է, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեն ավելի կարեւոր է, քան նախագահական ընտրությունները. «Ինչպիսի կուսակցություն էլ լինի, ինչպիսի անհատ էլ լինի, ինչպիսի վառ անհատականություններ էլ լինեն Ժիրայր Սեֆիլյան չէ, Վարդան Մամիկոնյան էլ լինի, առանց ժողովրդի գիտակից աջակցության ոչինչի էլ չի կարող հասնել: Մեզ պետք է ձեր աջակցությունը: Եվ իմացե՛ք, եթե անհատ մարդիկ սխալներ են թույլ տալիս, դա թերեւս հնարավոր է ընթացքում շտկել, բայց եթե ժողովուրդը հավաքական սխալ թույլ տվեց, դա չի շտկվում: Չի շտկվում եւ դաժանաբար ծանր է նստում հենց այդ սխալը թույլ տված ժողովրդի վրա: Դրա համար ձեզ ասում ենք՝ սա մեծ ծուղակ է, չխաբվեք, չշփոթվեք, սխալ չանեք, եթե սխալ արեցիք, դաժան ձեւով հատուցելու եք դրա համար»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ