Շուրջ 20 տարի Փարիզում բնակվող մեր համերկրացի Ալբերտ Գրիգորյանը՝ Ֆրանսիական ENGIE ձեռնարկության գլխավոր ներկայացուցիչը Ռուսաստանում եւ Ուկրաինայում, ցնցված է Փարիզում տեղի ունացած ահավոր ոճրագործությունից: Նրա մայրը, դուստրը եւ քրոջ աղջիկն են Փարիզում եղել ահաբեկչության ժամանակ, եւ, բնականաբար, սարսափ են ապրել: «Անապահովության մթնոլորտ ու ամենաթողության զգացողություն, իշխանությունների անկարողություն… բոլորն արդեն զզվել են: Չի՛ կարելի այսպես թողնել… Ֆրանսիան դարձել է բաղձալի երկիր մթագնած ու հիվանդ ուղեղների համար, հազարներով գալիս են ու գալիս: Հասարակ, ազնիվ, պարկեշտ քաղաքացին իրեն ապահով չի զգում Փարիզում ու Ֆրանսիայի շատ քաղաքներում …»,- «Առավոտին» իր տպավորությունը տեղի ունեցածից հայտնեց պարոն Գրիգորյանը: «Շատ անհանգիստ ենք, շատ : Ուժեղ ղեկավար է պետք Ֆրանսիային, կարգ ու կանոն է պետք երկրին, շատ են թուլացրել հսկողությունն էլ զգոնությունն էլ: Այս գիշեր տեղի ունեցածը հենց այդ նույն ամենաթողության, իշխանությունների անկարողության և սահմանների անվերահսկելիության արդյունքն է…,-անհանգստացած շարունակեց նա, – Վստահ եմ, որ օրն էլ պատահական չի ընտրված՝ ուրբաթ, 13-ը»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ