Լրահոս
Օրվա լրահոսը

Հին «ալգորիթմների» շրջանակներում

Նոյեմբեր 14,2015 10:00

Ինչո՞ւ, երբ Ազգային փրկության ճակատի, «Ոչ»-ի ճակատի, «Այո/ոչ» ռեալիթի շոուի ժամանակ քաղաքական, հասարակական գործիչները գնում են որեւէ բնակավայր, նրանց քիչ մարդ է մոտենում: Իհարկե, քարոզչական նպատակով կարելի է ասել, որ մարդիկ վախեցած են: Գուցե կան նաեւ վախեցածներ: Բայց հիմնական պատճառն, իմ կարծիքով, այն է, որ մարդկանց չի հետաքրքրում, թե ինչ են այդ «դեսանտի» ներկայացուցիչներն ասելու: Նրանք անտարբեր են քաղաքական գործիչների քարոզի նկատմամբ:

Ամենահեշտը, իհարկե, մարդկանց ստրկամտության կամ մտավոր ցածր մակարդակի մեջ մեղադրելն է: Ինձ թվում է՝ երկուսն էլ հերյուրանք է մեր քաղաքացիների հասցեին: Սառը-քաղաքավարի ընդունելության պատճառները պետք է փնտրել հյուրընկալվողների որակների մեջ: Իսկ նրանց հիմնական «առանձնահատկությունն» այն է, որ, անկախ նրանից` «այո» են ասում, թե «ոչ», «ընդդեմ ռեժիմի» են խոսում, թե «հանուն ռեժիմի»` այդ հռետորներն իրականում ոչ մի նոր բան չեն ասում եւ անկեղծորեն չեն հավատում իրենց ասածներին:

«Այո»-ականներն ու «ոչ»-ականները ինչ-որ ճիշտ կամ սխալ բառեր են ասում, բայց նրանց մտքերը բոլորովին այլ տեղում են: Մի մասը, այդ բառերն արտասանելով, մտածում է՝ «միեւնույն է, եթե անհրաժեշտություն լինի, բամփելու ենք գլխներին», մյուս մասը (անկախ «այո»-ից կամ «ոչ»-ից) մտածում է՝ «միեւնույն է, պարզ է, թե ինչպես է այդ ամենն ավարտվելու, միայն թե այս «այո»-ական կամ «ոչ»-ական բառերն արտասանելիս մի կերպ մեր գործերը դասավորենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում մի քանի պատգամավորական տեղ ունենանք ԱԺ-ում»:

Եթե այդ «ճառասացները» ենթադրում են, որ «հասարակ ժողովուրդը» չի կասկածում իրենց անկեղծությանը, ապա նրանք վատ կարծիքի են մեր քաղաքացիների մասին: Մարդիկ կարող են ժպտալ, հյուրասիրել, քաղաքավարի զրուցել, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ նրանք «հալած յուղի» տեղ են դնում այդ բոլոր ճառերը: Ինչ-ինչ, բայց միամտության մեջ մեր ժողովրդին դժվար է մեղադրել:

Բայց խնդիրը ոչ միայն մեր քաղաքական գործիչների գաղտնի մոտիվացիան է՝ ի վերջո բոլոր քաղաքական համակարգերում մի բան ասելը եւ բոլորովին ուրիշ բան մտածելը քիչ թե շատ անխուսափելի է: Ավելի մեծ խնդիր եմ ես տեսնում արտասանվող տեքստերի մաշվածության, կրկնվածության մեջ: 25 տարի շարունակ ամբողջ քաղաքական վերնախավը գտնվում է միեւնույն, ինչպես վերջերս քաղաքական գործիչներից մեկն ասաց՝ «ալգորիթմի» մեջ: Ցավն այն է, որ ընդդիմությունը, որը հաճախ տեղին խստորեն քննադատում է իշխանությանը, նույնպես նոր տեքստեր, նոր ալգորիթմներ չի կարողանում գտնել: Ես էլ, բնականաբար, դրանք չգիտեմ: Միայն մի բան կարող եմ ասել՝ դրանք գտնվում են «այո»-ից եւ «ոչ»-ից դուրս:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Առաջարկում եմ որ Հայոց Աշխարհում մի նոր ճակատ կազմուի՝
    «Թերե՛ւս» նշանաբանով:

  2. Մարգար Մախսուդյան says:

    Նախ կուզենայի ճշտել, որ այնտեղ ՛՛Ոչ՛՛-ի ճակատի ներկայացուցիչներ չկան, կան ՛՛Այո՛՛-ներ և ՛՛Ըստ էության այո՝ սակայն…՛՛-ներ, ընդ որում՝ ՛՛սակայն՛՛ փաստարկներն այնքան վիճահարույց են, որ պարզապես ՛՛Ոչ՛՛-ի դիրքերն են փորձում խարխլել: Ինչ վերաբերում է բնակիչների սակավությանը, ապա իրոք՝ խնդրի կարևորության ընկալման պակասը չէ պատճառը, այլ այն, որ մարդիկ դժվարին տնտեսական դրության մեջ են հայտվել ու անտրամադիր են, բացի այդ՝ եթե ՛՛Ոչ՛՛-ի հանգեցնող հարցեր տան կամ մտքեր արտահայտեն, ապա պաշտոնյաների, ուժայինների և քրեականների միացյալ ճակատի համար թիրախի կվերածվեն, իսկ եթե հանկարծ ՛՛Այո՛՛-ի կողմն անցեն, պիտի պատրաստ լինեն բարեկամների, հարևանների ու ծանոթների թուքումուրին դիմագրավել:
    Ծա՛նր է, շա՛տ ծանր է Տզրուկաշենում քաղաքացի լինելը:

  3. Լավատես says:

    Հայ ազգը Հայոց թագավորի հավաքական կերպարը պետք է լինի, իսկ կառավարությունը՝ Հայոց թագավորի ծառան: Թագավոր լինելը իսկական ամենաբարձր ազնվականի հատկանիշներ է ենթադրում եւ եթե հայ անհատը դեռ չի դաստիարակվել նման հատկանիշներով, նա կարող է միայն լինել Հայոց թագավորի թեկնածու: Կառավարությունում աշխատելու՝ Հայոց թագավորին՝ Հայ ազգին ծառայելու պատիվը պետք է ունենան միայն ամենաամենաբարձր ազնվականի հատկանիշներ ունեցող հայ անհատները:
    Հետեւություն՝ մեզ պետք է ազգային միապետություն 😉 :

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30