Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր խոլեստերինը եւ շաքարային դիաբետը ուժեղացնում են միմյանց վտանգը

Նոյեմբեր 14,2015 11:00

Այսօր շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Շաքարային դիաբետը` շաքարախտը, էնդոկրին հիվանդությունների խմբին պատկանող հիվանդություն է, որն առաջանում է ինսուլին հորմոնի բացարձակ կամ մասնակի բացակայության պատճառով: Արդյունքում արյան մեջ գլյուկոզի կայուն բարձրացում է առաջանում։ Դիաբետին բնորոշ են քրոնիկ հիպերգլիկեմիան, ածխաջրածնային, ճարպային, սպիտակուցային փոխանակությունների տարբեր խանգարումները։

Շաքարային դիաբետի դեպքում արյան մեջ ացետոնային մարմինների պարունակությունը բարձրանում է մինչեւ 100 մգ%: Հիվանդներից ացետոնի հոտ է գալիս: Արյան մեջ ի հայտ է գալիս ացիդոզ, որի հետեւանքով ծանր դեպքերում առաջանում է դիաբետիկ կոմա: Շաքարային դիաբետով հիվանդների շրջանում նկատվում է պոլիֆագիա (անընդհատ ուտելու ցանկություն)՝ ի պատասխան այն բանի, որ բջիջները չեն յուրացնում գլյուկոզը, դրանք «քաղցում» են: Նման հիվանդների շրջանում նկատվում է նաեւ ծարավ եւ անընդհատ ջուր խմելու ցանկություն` արյան մեջ ցածրամոլեկուլային նյութերի (գլյուկոզ, ացետոնային մարմիններ եւ այլն) կոնցենտրացիան նոսրացնելու նպատակով: Դրա հետեւանքով առաջանում է պոլիուրիա՝ անընդհատ միզարտադրություն՝ այդ նյութերն օրգանիզմից դուրս հանելու նպատակով, եւ նիկտուրիա՝ գիշերային միզարտադրություն: Մեծ քանակությամբ միզարտադրության հետեւանքով փոքրանում է արյան ծավալը, եւ միջբջջային հեղուկից ջուրն անցնում է արյուն:

8-3

Հիվանդությունը նկարագրվում է խրոնիկ ընթացքով, նյութափոխանակության խանգարումով, անոթների ախտահարմամբ (տարատեսակ անգիոպաթիաներ), նեյրոպաթիաներով, տարբեր օրգանների եւ հյուսվածքների ախտաբանական փոփոխություններով։ Տարբերում է 2 տիպի շաքարային դիաբետ` 1-ին տիպի շաքարային դիաբետ եւ ինսուլին ոչ կախյալ շաքարային դիաբետ կամ 2-րդ տիպի շաքարային դիաբետ։ Շաքարային դիաբետով հիվանդների 90%-ն ունեն 2 տիպ։

«Առաջին եւ երկրորդ տիպի շաքարային դիաբետներն էլ կոչվում են շաքարային դիաբետներ, բայց պետք է ասել, որ երկուսն էլ գրեթե տարբեր հիվանդություններ են»,-«Առավոտի» լրագրողի հետ հեռախոսազրույցում ասաց էնդոկրինոլոգ, սննդաբան Հասմիկ Աբովյանը: Բժշկուհին նշեց, որ հաճախակի 1-ի տիպի դիաբետը լինում է երեխաների մոտ, բայց չի բացառված, որ այդ հիվանդությունը լինի նաեւ մեծահասակների մոտ, ինչպես նաեւ հակառակը` 2-րդ տիպի դիաբետը հիմնականում դրսեւորվում է մեծահասակների մոտ, բայց երբեմն նկատվում է նաեւ փոքրիկների շրջանում մեր օրերում, որը կապված է այն ուտելիքների, ճարպակալման, «ֆաստ ֆուդի» հետ: Մասնագետը նշեց, որ քաղցր, գազավորված ըմպելիքները եւ «ֆաստ ֆուդ»-ն այնքան են օգտագործում փոքրիկները, որ նրանց մոտ սկսվում է ճարպակալում, որը ասոցացվում է 2-րդ տիպի դիաբետի հետ: Այդ ժամանակ, մարդ ունենում է գերշատ ինսուլին եւ եթե նոր սկսվող վիճակում է, կարելի է կոմպենսացնել հիվանդությունը, քանի դեռ չի անցել դիաբետի փուլ: Ըստ բժշկուհու, հնարավոր է լիարժեք բուժվել այդ փուլում, եթե մարդը լիարժեք օգտագործի առողջ սնունդ, դիետա պահպանի, պաշտպանի ֆիզիկական ակտիվության ինդիվիդուալ ռեժիմ` քայլելը լավագույն ֆիզիկական ակտիվությունն է` 40 րոպեից 2 ժամ՝ ոչ միանգամից:

8-2

Բժշկուհին ասաց, որ եթե մարդու մոտ բացի շաքարի խախտումը` խախտված է նաեւ խոլեստերինի մակարդակը, ապա դա շատ լուրջ վտանգ է սպառնում` անոթային աթերոսկլերոզի փոփոխությունների, որոնք էլ իրենց հերթին կարող են բերել ինֆարկտների եւ ինսուլտների. «Խանգարված խոլեստերինը պահանջում է անպայման դեղորայքային բուժում, որը կարող է նշանակել միայն բժիշկը` անալիզներից, հետազոտություններից հետո»: Մասնագետը նշեց, որ լավացմանը կարող են նպաստել Օմեգա-3 չհագեցած ճարպաթթուն` ձկան յուղը, որը կա նաեւ բուսական յուղերի, կտավատի յուղի է, ինչպես նաեւ ընդեղենի մեջ:

Հասմիկ Աբովյանը նշեց, որ միաժամանակ շաքարային դիաբետը եւ խոլեստերինը ուժեղացնում են միմյանց վտանգը:

Ոչ միայն շաքարային դիաբետով հիվանդներին, այլեւ առողջ ապրելակերպ ցանկացողներին մասնագետը խորհուրդ տվեց, որ սննդակարգից հանեն ամբողջ «Ֆաստ ֆուդը», գազավորված ըմպելիքները, տապակած կերակուրները, մարգարինով պատրաստված թխվածքաբլիթները, եւ պետք է սննդակարգում ավելացնել թարմ բանջարեղենը, կանաչեղենը, միրգը, ընդեղենը, ձկնեղենը, թթու կաթնամթերքը եւ այլն:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
14.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30