Լրահոս
Օրվա լրահոսը

Յոթերորդ եղբոր բացակայությունը

Նոյեմբեր 14,2015 16:30
merujan Ter-Gulanyan

Էրզրումներից գաղթած իմ Հովհաննես պապը վեց զավակ ունեցավ. հինգ աղջիկ, մի տղա, եւ այդ մի տղան իմ հայրն է, եւ պապս երազում էր, որ մայրիկս յոթ տղա ունենա, սակայն մայրս վեց տղա ունեցավ եւ ափսոս՝ ոչ մի աղջիկ: Եվ այդպես էլ ես քույր չունեցա:
Պապս երկար ապրեց, բայց այդպես էլ չմոռացավ իր Դավիթ հոր տունը՝ Ջրասուն գյուղի գետափին: Ինչպես որ իմ մայրական պապը, որ իր Փառանձեմ կնոջ Շահ Պարոնյան իշխանական տոհմի հպարտությունն էր կրում իր մեջ, դարձյալ չմոռացավ Ձիթով գյուղի առավել գեղեցիկ գետափնյա տունը:

Եվ, չգիտեմ թե ինչու, այս տարվա անձրեւոտ աշնանը, երբ ծնվեց Լեո անունով իմ յոթերորդ հրաշալի թոռնիկը, հստակ տեսանելիորեն իմ առաջ բացվեց Մերոնց՝ Էրզրումյան զարմանալի պատմությունը, որը հետագայում շարունակվեց Ջավախքում, որտեղ էլ ես ծնվեցի…

Մեր հին տան մեջ սուրբ կար, որը հիմա էլ կա, քանի որ սուրբը միշտ կա, չնայած որ տունը հին է ու խարխլված, եւ երբեմն ինձ թվում է, որ այդ անանուն սրբի ոգեղեն ներկայությունն է, որ մեր հին ու խարխլված տունը մինչ օրս կանգուն է պահում: Եվ երբ ես ու եղբայրներս մանուկ էինք, մայրիկս ամեն շաբաթ իրիկուն մեզ տանում էր սրբի ինքնաշեն խորանի առաջ եւ, բացելով թավշյա շորի մեջ փաթաթած ձեռագիր Նարեկը ու չհասկանալով գրաբարը՝ մեզ համար կարդում էր:

Բնականաբար, մենք երեխաներով առավել չէինք հասկանում, բայց մայրիկիս՝ գրքին եւ խոսքին վերաբերող հանդիսավորությունը մեզ՝ երեխաներիս, ներշնչում էր մեր ապրած կյանքից դուրս մեկ այլ ու կարեւոր բան, որին կարծես թե մենք ձգտում էինք, բայց որի հասցեն, սակայն, չգիտեինք:

Եվ ամեն շաբաթ օր մենք սպասում էինք, որ մայրիկս վերջում մեզ համար կերգի.
– Քեզ հավատամ, խոստովանեմ, շատ պատվական սուրբ տիրամայր…
Տարիներն անցան, եւ հիմա, երբ ամեն Նոր տարի ցեղով հավաքվում ենք հայրիկիս շնորհավորելու՝ զարմանալի բան է կատարվում. բոլոր եղբայրներիս թվում է, որ մեկը բացակա է, թերեւս պապիս հորդորած մեր յոթերորդ եղբայրը, որին աշխարհ չբերելով, ներողություն խնդրելով գնաց մայրս… ում ես ամեն օր փնտրում եմ:
Ինչպես որ փնտրում եմ մայրիկիս խոսքով մեզ ներշնչած անանուն սրբի պատկերը, որ մանանեխի հատիկի չափ հաստատուն հավատով մնացյալ կյանքս ապրեմ կասկածներից, տագնապներից հեռու, ապրեմ՝ հավատն իմ ներշնչելով Լեո անունով իմ հրաշալի յոթերորդ թոռնիկին, որ չվախենա աշխարհի ցրտից, դառնա իր Ցեղի արժանապատիվ որդին` ճանաչելով Անանուն սրբի պատկերն ու անունը:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30