Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գոմեշի միսը չմարսած՝ հիմա էլ նեխած ձո՞ւկ են մատակարարել բանակին

Նոյեմբեր 14,2015 15:30

Լաբորատորիան բանակին մատակարարվող ձկան համար մեկ՝
բացասական պատասխան է տվել, մեկ էլ՝ դրական

Հայոց բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու սկանդալային պատմությունը դեռ չմարսած՝ «Առավոտը» տեղեկություններ ստացավ, որ 3-4 ամիս առաջ մեր բանակի զինվորներին մատակարարվել է «Խեկ» տեսակի նեխած ձուկ, որը ներկրվել է Մեքսիկայից: Ըստ մեր աղբյուրի՝ այս ձուկը էժան գներով մրցույթով ձեռք է բերել «Էրիզ» ՍՊԸ-ն եւ մատակարարել բանակին: Այս ընկերությունը հաճախ է մասնակցում բանակի համար գնումների մրցույթին:

Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, մոտ 100 տոննա սառեցված ձկան խմբաքանակից կատարված նմուշառումն առաջին անգամ լաբորատոր հետազոտության է ենթարկվել «Ստանդարտ Դիալոգ» ընկերության լաբորատորիայում, եւ արդյունքները եղել են բացասական: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ «Էրիզ»-ը երկրորդ եւ երրորդ անգամ էլ է ձուկը փորձաքննության տվել նույն լաբորատորիայում, եւ կրկին բացասական արդյունքներ են ստացվել: Համաձայն արդյունքների՝ սառեցված ձկան մեջ նեխման միկրոբները սահմանված քանակությունից շատ են եղել, ինչի պարագայում նման ապրանքը պարզապես ոչնչացվում է եւ իրացման ենթակա չէ:

Բանակին ձուկ մատակարարող ընկերությունն իր ապրանքը լրացուցիչ փորձաքննության է տվել այս անգամ Էրեբունու Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն լաբորատորիայում, որտեղից, սակայն, դրական եզրակացություն է ստացել: Այսինքն՝ այս լաբորատորիան հերքել է «Ստանդարտ Դիալոգ»-ի արդյունքները, ինչն էլ հիմք է ծառայել, որպեսզի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թույլատրի, որպեսզի «Խեկ» ձուկը ներկրվի Հայաստան: Այն մինչ ներկրումն ի պահ է տրվել Մաքսային պահեստների սառնարաններում:

«Սառեցված այդ ձուկը ոչնչացման ենթակա էր, ոչ թե սերտիֆիկացման: Խոսքը մի ամբողջ բանակի է վերաբերում: Այս պատմությանը մինչեւ պաշտպանության նախարար տեղյակ են, բայց քանի որ «Էրիզ» ՍՊԸ-ի տերը ՊՆ-ի գնումների բաժնի ղեկավարներից է, ոչ ոք հարցին ընթացք չտվեց, թողեցին, որ մատակարարվի բանակին: Եթե բանակի տենդեր է, չի նշանակում, որ փչացած ապրանք պետք է գնեն»,- մեզ հետ զրույցում ասաց «Առավոտի» աղբյուրը: Ըստ նրա՝ այդ ապրանքում այնքան շատ է եղել նեխման բակտերիաների քանակը, որ անթույլատրելի է եղել այն իրացնել, այսինքն՝ երբ ձուկը ներկրվել է Հայաստան, ապրանքն արդեն նեխման պրոցեսում է եղել:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից չհերքեցին, որ «Ստանդարտ Դիալոգ»-ում կատարված լաբորատոր փորձաքննությամբ իսկապես առաջին անգամ բացասական պատասխան է եկել, այսինքն՝ ձուկը չի համապատասխանել որակական չափանիշներին, սակայն նույն լաբորատորիայում կատարված երկրորդ հետազոտությամբ արդեն դրական արդյունքներ են եղել: Մեր հարցին, թե ինչպես է ստացվում, որ մի փորձաքննությունը բացասական է լինում, մյուսը՝ դրական, ծառայությունից վստահեցրին, որ հաճախ է անհամապատասխանություն լինում, այդ պատճառով էլ այս կամ այն ապրանքատեսակը կրկնակի լաբորատոր փորձաքննության է ենթարկվում: Պատճառներից մեկը լինում է այն, որ տվյալ սննդամթերքի ճիշտ հատվածից նմուշառումները չեն կատարվում կամ մեկ այլ խնդիր: Ծառայությունից նաեւ վստահեցրին, որ իրենց ձեռքի տակ է «Ստանդարտ Դիալոգ»-ի դրական եզրակացությամբ պատասխանը: «Քանի որ ապրանքի ծավալով պայմանավորված՝ ռիսկը մեծ է եղել, կրկնակի փորձաքննության է տրվել միաժամանակ երկու լաբորատորիաներում»,- «Առավոտին» ասացին ծառայությունից:

Մինչդեռ մեր աղբյուրը պնդում է, որ երեք անգամն էլ «Ստանդարտ Դիալոգ»-ը բացասական պատասխան է տվել, ընդ որում՝ ձկան տարբեր հատվածներից է նմուշառումը կատարվել:

«Ձեր տեղեկությունը սխալ է»,- մեր հարցին այսպես արձագանքեց «Էրիզ» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Ասլանյանը, երբ հարցրինք, թե ինչպես է լաբորատորիայի բացասական պատասխանը դարձել դրական: Տնօրենի խոսքերով՝ առաջին փորձաքննությունն է միայն բացասական եղել, բայց կրկնակի փորձաքննությունից հետո «լրիվ դրական պատասխան է եկել»: Մեր այն հարցին էլ, թե ձուկը ներկայումս է՞լ է մատակարարվում, Արսեն Ասլանյանն ասաց, որ «ձուկն արդեն վերջացել է»:

«Էրիզ»-ի տնօրենից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ կապ ունի պաշտպանության նախարարության գնումների բաժնի հետ, եւ արդյոք ընկերության տերն իրականում այդ բաժնի ղեկավարների՞ց է, Արսեն Ասլանյանն ասաց, որ ինքն է այդ ընկերության հիմնադիր տնօրենը, եւ որ «ընդհանրապես նման մարդու չի ճանաչում»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30