ՀՆԱ-ի ցուցանիշի հաշվարկի անբաժանելի մասն է կազմում ստվերայնությունը, որով ճշգրտվում եւ ներկայացվում է ՀՆԱ-ն. սա աշխարհի գրեթե բոլոր երկրներում ընդունված մեթոդ է։ Ըստ այդմ, պետք է ենթադրել, որ մեզ մոտ էլ Ազգային վիճակագրական ծառայությունը նման կերպ է վարվում՝ ավելացնելով ՀՆԱ-ի մեջ ստվերայնության բաղադրիչը, որը, սակայն, թվերով չի ներկայացնում։ Եթե ելնենք պետական պաշտոնյաների գնահատականներից, ապա ՀՀ-ում տնտեսությունում ստվերը 30-35% է, բայց մեր երկրում թե որքան է կազմում ՀՆԱ-ում ստվերը՝ վիճակագրությունը լռում է:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ՀՆԱ-ի ստվերի ցուցանիշն ավելի կարեւոր է, քան տնտեսության ստվերը, քանի որ դրանով հնարավոր են մանիպուլյացիաներ: Մանուկյանի խոսքերով՝ ՀՆԱ-ի հաշվարկման մեթոդաբանության մեջ պետք է մտնի նաեւ ստվերը, որը փորձագիտական գնահատումների արդյունքում է ստացվում. այն տարբեր երկրներում տարբեր ձեւով է հաշվարկվում (կանխիկի շրջանառություն, էլեկտրաէներգիայի սպառում եւ այլն):
«Հայաստանում ՀՆԱ-ում ստվերի որեւէ հաշվարկ չի արվում, կամ չեն կարողանում անել, կամ՝ չեն ուզում: Օրինակ՝ եթե հաշվարկվեր այդ ստվերը, եւ թիվ ունենայինք, որ ասենք՝ 2012 թվականին ՀՆԱ-ում ստվերը եղել է 30%, իսկ 2014-ին՝ 20%, ապա տնտեսության ակտիվության լուրջ ցուցանիշ ցույց կտային, կամ պաշտոնական այն պնդումները, որ հարկային վարչարարություն է բարելավվում, ապա կհասկանայինք, որ ՀՆԱ-ում ստվերի կրճատումը նաեւ դրա արդյունք է: Հիմա այդ մեթոդաբանության թափանցիկության բացակայության պատճառով կասկածի տակ կարող ենք դնել ընդհանրապես ՀՆԱ-ի հաշվարկը, որովհետեւ կախված ինչ-որ մեկի քմահաճույքից՝ դա կարող է լինել 20% կամ 30%: Հասարակությանն իրականում չի տեղեկացվում, թե ՀՆԱ-ում ստվերի հաշվով մենք գրանցում ենք ա՞ճ, թե՞ անկում»,- ասաց տնտեսագետը:
Մանուկյանը նշեց, որ եթե այս տարվա 1-ին կիսամյակում ՀՆԱ-ն կազմել է 1 տրիլիոն 113 միլիարդ 726 միլիոն դրամ, ապա պաշտոնապես պիտի նաեւ ներկայացվի, թե այստեղ ստվերը որքան է, որպեսզի իրական պատկերը հասկանալի լինի:
Կարդացեք նաև
«Առավոտի» այն դիտարկմանը, որ տնտեսությունում ստվերի ցուցանիշը ցույց են տալիս, արդյոք դա բավարար չէ՞, տնտեսագետը պարզաբանեց. «Եթե ասում են, որ տնտեսությունում 30-35% ստվեր կա, սա չվճարված հարկերի ծավալն է, պարզ ասած՝ թաքցրած հարկերը, գործարարը թաքցրել է իր իրական եկամուտն ու շրջանառությունը: Տնտեսության ստվերը ՀՆԱ-ի ստվերի հետ շատ քիչ կապ ունի: Բայց երկրում տնտեսական իրական պատկերը ՀՆԱ-ն է, սա երկրում արտադրված վերջնական բարիքների մեծությունն է՝ շուկայական արժեքով: Իսկ ստվերայնության բացակայությունը կարող է մանիպուլյացիաների տեղիք տալ: Եթե ՀՆԱ-ում ստվերը ներկայացնեն ամեն տարի՝ ըստ այդ ստվերի կրճատման կամ ավելացման, մենք տնտեսության շարժի մասին իրական պատկեր կունենանք: Ի վերջո, ՀՆԱ-ի աճով կամ նվազելով՝ մենք տեսնում ենք, թե երկրում որքան նոր արտադրություն, վերջնական բարիք է ստեղծվում կամ հակառակը»:
Տնտեսագետն ասաց նաեւ, որ լավ կլինի հակակոռուպցիոն խորհուրդն այս հանգամանքի վրա ուշադրություն դարձնի եւ որպես թիրախ ընդգրկի իր հակակոռուպցիոն գործողությունների մեջ: Այսինքն՝ նպատակ դրվի ՀՆԱ-ում ստվերի թիվ ցույց տալ եւ պայքարել այդ ստվերի դեմ:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.11..2015