Լրահոս
Օրվա լրահոսը

Միսակ Մարտիրոսյան. «Տարօրինակ չթվա, քննիչն իմ վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ է խնդրում լրագրողից»

Նոյեմբեր 14,2015 14:30

«ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալը հայտնում է, որ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի նստավայրի շինարարության մրցույթը հաղթելու համար, որպես կաշառք, 5.000.000 դրամ Վահրամի միջոցով փոխանցել են Միսակ Մարտիրոսյանին: Ուղղակի նշենք մեկ կարեւոր փաստ` նշված մրցույթը տեղի է ունեցել 2007թ., իսկ ես դատական դեպարտամենտի ղեկավար եմ նշանակվել 2009թ.-ին»,- իր պաշտպանական ճառի ժամանակ ասաց դատական դեպարտամենտի նախկին ղեկավար, վերաքննիչ բողոք բերած Միսակ Մարտիրոսյանը: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում բողոք են բերել, բացի նրանից, մեղադրանքի կողմը, դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանը, Վճռաբեկ դատարանի կադրերի գծով պատասխանատու Անգին Ղուկասյանը: Վերաքննիչ դատարանը Կարինե Ղազարյան, Մխիթար Պապոյան եւ Վազգեն Ռշտունի կազմով նոյեմբերի 27-ին հավանաբար կհրապարակի իր որոշումը:

Միսակ Մարտիրոսյանը ներկայացնելով նախաքննության մարմնի տրամադրվածության մասին, հայտնեց՝ «Շուշանիկ Մանուկյանը աշխատակիցների գումարային խրախուսանքները վճարելիս վերջիններից պահանջել եւ յուրացրել է վճարվող գումարի 20%-ը եւ տվել Մ. Մարտիրոսյանին», մեկ դրվագի մասին նույնպես: Ըստ Միսակ Մարտիրոսյանի, սա արվել է ընդամենը մեկ նպատակով, որպեսզի օրինականացվի իրականացվող մասսայական «տեռորը» ու դրա հիման վրա ստեղծվում է 8 հոգանոց քննչական խումբ: «Ոչ պատահաբար, Շ. Մանուկյանը, որը մյուսների նման հայտնվում է 6-րդ վարչությունում, ցուցմունք է գրում, որ իրոք ինքը հավաքել է այդ գումարները, սակայն դրանք տվել է ոչ թե Մ. Մարտիրոսյանին, այլ Անգին Ղուկասյանին: Մի քանի օր անց, նույն Շ. Մանուկյանը, որպես մեղադրյալ հարցաքննվելիս ցուցմունք է տալիս, որ նման բան չի եղել եւ գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում՝ նման բան է գրել»,- ասում է Մ. Մարտիրոսյանը: Իսկ այն հարցին էլ, ինչո՞ւ է նման ձեւով գրել, նույն Շուշանիկը պատասխանել էր՝ քանի որ մտածել է, որ ոչ մեկի համար որեւէ վատ հետեւանք չի լինի, մանավանդ որ, այդ մասին իրեն ասել են օպերները, ավելացնելով, որ իրենք օպերատիվ տվյալներ ունեն նման դեպքերի մասին: Հաջորդ հարցին, թե ինչո՞ւ է այդ դեպքում Մ. Մարտիրոսյանի անունը տվել, վերջինս պատասխանել է. «Մ. Մարտիրոսյանի անունը չեմ տվել, գրել եմ, քանի որ օպերները ինձ պատմեցին, որ նախկինում այլ դրվագներով նման դեպքեր են եղել»:

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի գնահատմամբ, ամբողջ քրեական գործը եւ իրեն առաջադրված մեղադրանքը նախօրոք մշակված սցենար էր, որը բացարձակ կապ չունի օբյեկտիվ իրականության հետ: Ըստ նրա, նախաքննական մարմինը, ոգեւորվելով իր անպատժելիությունից, անգամ իր կողմից մշակված սցենարը զետեղել է որոշման մեջ:
Մ. Մարտիրոսյանը բերեց մի շարք օրինակներ: Մասնավորապես, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին քննիչի 03.03.14թ որոշումը: Որոշման մեջ արձանագրված էր բառացիորեն հետեւյալը. «…մասնավորապես ստանալ նշանակված փորձաքննությունների եզրակացությունները, ՀՀ դատական դեպարտամենտում նշանակված ստուգման ակտը, կատարել ստուգման ակտից բխող քննչական եւ դատավարական գործողություններ, դատավարական կողմերի միջեւ կատարել առերես հարցաքննություններ, վերջնական քրեաիրավական գնահատական տալ ինչպես մեղադրյալ Միսակ Մարտիրոսյանի, այնպես էլ մյուս մեղադրյալների արարքներին»: Ըստ Մ. Մարտիրոսյանի, նախաքննական մարմինը դեռեւս չի ստացել ՀՀ դատական դեպարտամենտում կատարված ստուգման ակտը, բայց արդեն գիտի, որ կան խախտումներ եւ որ այդ խախտումներն էլ քրեաիրավական բնույթի են եւ դրա շուրջ մարդիկ պետք է հարցաքննվեն, որոնք իրենց ցուցմունքներում պարտադիր պետք է նշեն, որ այդ հանցագործությունները կատարվել են Մ. Մարտիրոսյանի գիտությամբ կամ մասնակցությամբ եւ որ Մ. Մարտիրոսյանը հրաժարվելու է դրանից, որի պատճառով վերջինիս եւ մյուսների միջեւ պետք է առերես հարցաքննություն կատարվի եւ որ նրանք իրենց ցուցմունքները, իհարկե, պետք է պնդեն առերեսման ժամանակ եւ որի արդյունքում վերջնական քրեաիրավական գնահատական պետք է տրվի Մ. Մարտիրոսյանի արարքներին:

Դեպարտամենտի նախկին ղեկավարի վերլուծությամբ, իրեն մեղադրանք առաջադրելու համար անհրաժեշտ է եղել ընտրել թիրախ, որը թշնամանք կամ նվազագույնը ոչ բարյացակամ վերաբերմունք կունենար նրա հանդեպ. «Կգտնվեր այնպիսի խոցելի վիճակում, որ պատրաստ կլիներ իմ դեմ, գործարքի արդյունքում, ցուցմունք տալ»: Ըստ նրա, երկու ամբաստանյալները՝ Ա. Ղուկասյանը եւ Ա. Մովսիսյանը, իր դեմ ցուցմունք տալիս ունեցել են կասկածյալի կարգավիճակ, իսկ վկա, իբր կաշառք տված Վ. Կարապետյանին, իր կարծիքով, ահաբեկել էին, քանի որ վերջինս էլ առերես հարցաքննության ժամանակ ասել է, թե իրեն ասել են, որ Մարտիրոսյանի դեմ ցուցմունք տա:

Մ. Մարտիրոսյանն իր ճառում անդրադարձել է Անգին Ղուկասյանի հետ առերեսմանը:
Ըստ նրա, առերեսումից հետո «նախաքննական մարմինը տեսնելով, որ փչած փուչիկը պայթեց, քանի որ իրենց համար էլ ակնհայտ էր, որ Ա. Ղուկասյանը թշնամանք է տածում եւ դա արձանագրվեց նաեւ առերես հարցաքննությամբ, եւ եթե կրկին Ա. Ղուկասյանի միջոցով ստեղծագործեին անգամ 30 դրվագ, դա, միեւնույն է, հավատ չէր ներշնչելու, դրա համար, ստեղծագործվում է 3-րդ դրվագը՝ Վիկտորյա Կարապետյանի մասով, փորձ անելով այն ներկայացնել որպես առանձին դրվագ»: Ոստիկանություն են հրավիրում հարյուրավոր նախկին եւ ներկա դատական ծառայողներ, դատական դեպարտամենտի կարիքների համար մրցույթներում ոչ միայն հաղթող ճանաչվածները, այլեւ՝ մասնակիցներ, որպեսզի պարզվի, թե ումից է Միսակ Մարտիրոսյանը կաշառք պահանջել: «Տպավորություն չստեղծվի, թե ես ցանկանում եմ կարծիք հայտնել, թե ինչու է դա արվել, ավելի լավ, բոլորն էլ տեսան եւ համոզվեցին, որ իմ կողմից չի կատարվել եւ ոչ մի հանցագործություն, բացի գործը քննող քննիչներից եւ հսկող դատախազից»,- ասաց Մ. Մարտիրոսյանը: Նա ներկայացրեց, թե ինչպես են իր տեղակալի՝ Արմեն Մովսիսյանի աղջկան, կնոջը, եղբորը եւ եղբոր կնոջը հրավիրել քննիչների մոտ, հիմքում դնելով Մովսիսյաններին պատկանող «MEZZO» բար սրճարանի հարցը: Մ. Մարտիրոսյանի կարծիքով, գործարքի մեջ է նախաքննության մարմինը մտել Ա. Մովսիսյանի հետ, որից ցուցմունք են կորզում, սակայն որը առերեսմամբ չի հաստատվում:

Ի դեպ, ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչում հնչեցվեց, թե ինչպես են քննիչները լրատվամիջոցների գրածների հետ կապված գործողություններ կատարել:

Ըստ Մ. Մարտիրոսյանի՝ փորձում են կառչել «Հրապարակից», կանչելով թերթի լրագրող Սիրուշ Հարությունյանին հարցաքննության: Վերջինը երբեմն դատական դեպարտամենտի մասին հոդվածներ է հրապարակել: «Տարօրինակ չթվա, քննիչը իմ վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ է խնդրում լրագրողից, այսինքն, ինչ ծանր վիճակի մեջ են իրենք իրենց դրել, որ ստիպված այդ անհույս քայլին էլ են դիմում»,- ասաց նա:
Դեպարտամենտի ղեկավարը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ քրեական գործի նախաքննությունը Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթից տեղափոխվել է ՀՀ գլխավոր քննչական վարչության վարույթ եւ ընդամենը երեք շաբաթ հետո, առանց որեւէ հիմնավորման, վերադարձվել է Երեւան քաղաքի քննչական վարչություն: Ըստ ամբաստանյալի, հսկող դատախազին բացարձակ չի հետաքրքրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի՝ պետական հատուկ ծառայողների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը ենթակա է հատուկ քննչական ծառայությանը, իսկ Դատական օրենսգրքի համաձայն՝ դատական կարգադրիչների ծառայությունը պետական հատուկ ծառայության տեսակ է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30