Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսինեն դարձավ հայ ժողովրդի աչքի լույսը…»

Նոյեմբեր 14,2015 14:00

Լուսինե Զաքարյանի հոբելյանի առիթով հրատարակվել է հուշագիրք

Մասնագետների ձեւակերպմամբ՝ հուշագրությունը թերեւս ամենադժվար ժանրն է, որովհետեւ միշտ չէ, որ հուշագրողը դիմանում է գայթակղությանը եւ ավելի շատ ներկայացնում իրեն, քան ում մասին է գիրքը: «Առավոտը» Սերգեյ Մանվելյանի՝ «Լուսինե Զաքարյանը ժամանակակիցների հուշերում» գրքի մասին տեղեկացավ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Մկրտչյանից եւ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանից: Վերջինիս խոսքերով՝ «Հուշագրության ժանրին պետք է զգույշ մոտենալ… Երիտասարդ արեւելագետ Սերգեյ Մանվելյանն էլ չի դիմացել գայթակղությանը եւ այլ մարդկանց պատմած հուշերով գրքի կազմի վերեւում անմահացրել է իր անունը, այն դեպքում, երբ նա ընդամենը կազմողն է: Անխոս, շնորհակալ գործ է արել: Եթե չեմ սխալվում, մինչ օրս չի նշանավորվել անկրկնելի երգչուհու 80-ամյա հոբելյանը»: Ի դեպ, դեռ չի կայացել գրքի շնորհանդեսը: Իսկ իսկապես սիրելի երգչուհու մասին մինչ օրս տպագրված է 2 գիրք՝ Կարլեն Դանիելյանի եւ Լիդա Գեւորգյանի ու Խորեն Պալյանի հեղինակությամբ:

Մեզ հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Մանվելյանը հայտնեց, որ Լուսինե Զաքարյանին նվիրված հուշագրքի գաղափարը առաջացել էր դեռ 3 տարի առաջ. «Սկսեցի հավաքել երգչուհու մասին այն բոլոր հուշերը, պատմություններն ու լեգենդները, գնահատանքի խոսքերը, որոնք պիտի լրացնեն անվանի արվեստագետի անհատական դիմանկարն ու ստեղծագործական ընդհանուր պատկերը»: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ գրքի համար նյութեր հավաքելիս հանդիպումներ է ունեցել երգչուհու ընտանիքի, մշակութային գործիչների, լայն առումով՝ Հայաստանի եւ Սփյուռքի մտավորականության հետ, տեսագրել եւ ձայնագրել նրանց: Ասաց նաեւ, որ գիրքը կազմելիս, նյութերը վերծանելիս ու խմբագրելիս հավատարիմ է մնացել հուշատուի խոսքին, պահպանել հուշերի ուղղագրությունն ու հարազատ մնացել պատմելու ոճին, գրքին գեղարվեստական շնչառություն հաղորդելու նպատակով էլ օգտագործել նրանց անձնական արխիվներում եղած շուրջ 100 լուսանկարները, որոնցից շատերը տպագրվում են առաջին անգամ: Հարցին, թե եղած տեղեկատվական գրքույկներում, հրապարակված գրքերում Լուսինե Զաքարյանի ծնունդը նշված է 1937թ., Սերգեյ Մանվելյանը հավաստիացրեց, որ երգչուհու ծննդյան տարեթիվը, այն է՝ 1935, իրեն հայտնել է քույրը՝ Ելենա Զաքարյանը: Հուշագրքում ամենայն մանրամասնությամբ նշված է երգչուհու հետ կապված յուրաքանչյուր դիպված, եղելություն…

Lusine_Zaqaryan

Հետաքրքրվեցինք՝ քանի որ սա առաջին հուշագրությունն է, պատրաստվո՞ւմ է շարունակելու այս ժանրը, եթե այո, ապա ո՞վ է լինելու երկրորդ հերոսը: Սերգեյն ասաց, որ այդ ուղղությամբ դեռեւս չի մտածել, հետո էլ ընդգծված նշեց, թե սիրում է իր՝ արեւելագետի մասնագիտությունը:

Գրքում երգչուհու մասին հուշեր են պատմում երաժշտարվեստի տարբեր ոլորտներում Հայաստանում եւ Սփյուռքում բնակվող ու ստեղծագործող մեր հայտնի դեմքերը, օրինակ՝ Ռոզի Արմենը (Ֆրանսիա), Զառա Տոնիկյանը (Բելգիա), Անուշ Ղազարյանը (ԱՄՆ), Հասմիկ Պապյանը (Ավստրիա) եւ այլն, ու բնականաբար՝ Վարդուհի Վարդերեսյանը, Հովհաննես Չեքիջյանը, Յուրի Դավթյանը, Էդուարդ Թադեւոսյանը, Մարտին Վարդազարյանը, Արաքսի Սարյանը, Արաքս եւ Տիգրան Մանսուրյանները, Սոս Սարգսյանը եւ այլն: Հարցին, թե ո՞վ է հովանավորել հուշագիրքը, կազմողն ասաց. «Արտերկրում բնակվող իր ընկերը՝ Գագիկ Հարությունյանը, իսկ գիրքը ձեւավորել է Վահան Քոչարը»:

Համոզմունքին՝ որ սիրված երգչուհուն ներկայացնելու հարկ չկա, նպատակահարմար գտանք գրքում ընդգրկված մեկ-երկու հուշերից պատառիկների հետ ծանոթացնել:
Երկրաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Տեր-Ստեփանյան. «…Մի անգամ ֆիլհարմոնիայի փոքր դահլիճի կառավարական օթյակում նկատեցի Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղարին եւ ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ, Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղար Հեյդար Ալիեւին: Այդ օձին շատերը գիտեին, նա կարող էր հարցնել, թե ինչ է երգում Լուսինեն եւ իմանալով, որ հատված է պատարագից, կարող էր արգելել համերգներին կատարել հոգեւոր երաժշտություն: Այդ պատճառով հանձնարարեցի Անահիտին ծաղիկները նվիրելուց շշնջալ Լուսինեի ականջին, որ այս անգամ նա չերգի «Սուրբ- սուրբը»: Լուսինեն այդպես էլ արեց եւ հավանաբար խուսափեց հնարավոր խնդիրներից…»:

Օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահան Միրաքյան. «…Երբ Վիեննայում էի ապրում, անգլիացի մի բժշկի էի ճանաչում, ով զբաղվում էր մեդիտացիայով: Նա հայերեն չէր հասկանում, բայց երբ լսեց Լուսինեի սկավառակը, ապշած մնաց: Այդ օրվանից եւեթ անգլիացի բժիշկը մեդիտացիաներ էր անում Լուսինե Զաքարյանի ձայնի ներքո: Երգչուհու ձայնն օգնում էր մարդկանց կտրվել այս աշխարհից…»:

Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադեւոսյան. «…1980-ականներին էլ միասին գնացինք Գերմանիա եւ Ֆրանսիա համերգների: Շարունակ հետեւում էի, թե ինչպես էր նա գնացքի մեջ պարզորեն շփվում մարդկանց հետ, ինչպես ամեն մի իրական տաղանդավոր մարդ, ով հասկանում է իր արժեքը, բայց երբեք չի ցուցադրում: Իսկ երբ մի եկեղեցի էինք մտել, մոմ վառել ու դուրս եկել, հանկարծ նկատեցինք, որ Լուսինեն մեզ հետ չէր: Վերադառնալով եկեղեցի, նրան տեսա ծնկաչոք աղոթելիս, ինքն իր աշխարհում ամփոփված… Սա՛ էր Լուսինեն…»:
Դերասան, ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյան. «…Պատկերացնո՞ւմ ես՝ Բրեժնեւը հասկանա, թե Լուսինեն ինչ է երգում… Ինչ մեծ ուրախություն էր մեզ համար, որ Բրեժնեւը՝ վերջապես երկրի առաջին մարդը, բուռն ծափահարեց Լուսինեին եւ նրա հետ միասին՝ նաեւ բյուրոյի ողջ կազմը: Դա ինձ վրա մեծ տպավորություն թողեց: Այդ տեսարանը երբեք չեմ մոռանա…»:

ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյան. «Կարելի է ասել, որ ես Լուսինե Զաքարյան երեւույթի հայտնության ականատեսն ու վկան եմ եղել դեռ այն ժամանակներից, երբ Լուսինեն դեռ Լուսինե չէր, երբ նրան դեռ անվանում էին Սվետլանա Զաքարյան: Նրա առաջին քայլերը նաեւ ինձ հետ են եղել: Երբ առաջին անգամ 1964թ. Լուսինեն կապելլայի հետ մեկնեց Մոսկվա, Յակովսկու անվան դահլիճում կատարելու Մոցարտի Ռեքվիեմը: Նա կարող էր համաշխարհային երգչուհի դառնալ, բայց նրա առողջական վիճակը թույլ չէր տալիս շատ շրջագայությունների գնալ: Ի ծնե նրա մեջ կար հոգեւոր երաժշտության հանդեպ կայծը: Երգելիս կարծես Աստծո հետ էր խոսում: Լուսինեն դարձավ հայ ժողովրդի աչքի լույսը…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30