Չինացի միլիարդատեր Լյու Իցյանը օրերս Christie՚s աճուրդի տնից ռեկորդային՝ 170,4 մլն դոլարով ձեռք է բերել Ամադեո Մոդիլիանիի «Մերկ պառկած կինը» կտավը: Չինական Xinhua գործակալության փոխանցմամբ, Լյու Իցյանը նախկին տաքսիստ է, որը հետագայում դարձել է ֆինանսիստ ու լուրջ փողեր աշխատել: Իցյանը լրագրողներին ասել է, որ պատրաստվում է նկարն ուղարկել Շանհայ, որտեղ կինն ու տղան երկու մասնավոր ցուցասրահ են հիմնադրել: «Մեր թանգարաններում պահվում են չինական ավանդական արվեստի բացառիկ նմուշներ, ինչով մենք շատ հպարտ ենք: Ինչ վերաբերում է Մոդիլիանիի կտավին, այն, բնականաբար, իր պատվավոր տեղը կգտնի թանգարաններից որեւէ մեկում: Բացի այդ, այս նկարով հիմք կդնենք համաշխարհային արվեստի լավագույն հավաքածուներից մեկի ստեղծման համար»,-հայտարարել է չինացի միլիարդատերը:
Իցյանը քանիցս աչքի է ընկել արվեստի արժեքավոր նմուշների ձեռքբերմամբ, օրինակ, վերջերս հենց նա տիրացավ ֆարֆորե գավաթին, որի համար վճարեց 33,6 մլն դոլար:
Forbes-ի տվյալներով՝ նա աշխարհի 1533-րդ միլիարդատերն է, որի կարողությունը հասնում է 1,2 մլրդ դոլարի:
«Առավոտ» օրաթերթ
13.11..2015