Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հույս ունեմ, որ կլինեմ իմ ուզած հիսուն տոկոսի մեջ»

Նոյեմբեր 14,2015 13:00

Լեւոն Արոնյանը՝ Եվրոպայի թիմային
առաջնության եւ հավակնորդների մրցաշարի մասին

Այսօր Իսլանդիայում մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:
Տղամարդկանց պայքարին մասնակցում է 36, կանանց պայքարին՝ 30 թիմ:
Հայաստանի ազգային հավաքականները նախապատրաստության վերջին փուլն անցկացրել են Ծաղկաձորում եւ մարտական կազմերով արդեն Ռեյկյավիկում են: Տղամարդկանց ազգային հավաքականի կազմը որոշակիորեն թարմացվել է: Վլադիմիր Հակոբյանի՝ ազգային հավաքականին հրաժեշտ տալու կապակցությամբ Լեւոն Արոնյանին, Գաբրիել Սարգսյանին եւ Սերգեյ Մովսիսյանին որպես հիմնական անդամ անհատական վարկանիշի շնորհիվ միացել է Հրանտ Մելքումյանը, իսկ հինգերորդ անդամը հանրապետության գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանն է: Կանանց հավաքականի հիմնական կազմը մնացել է նույնը՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Մարիա Կուրսովա եւ Լիլիթ Գալոյան: Պահեստային խաղացող է կանանց չեմպիոն Սուսաննա Գաբոյանը:

Մեր թիմերի մեկնելուց առաջ «Առավոտը» զրուցեց ինչպես տղամարդկանց թիմի մարզիչ Արշակ Պետրոսյանի, այնպես էլ հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի հետ: Մարզիչն ասաց, որ հավաքն անցել է ըստ ծրագրի եւ տղաները լավ մարզավիճակում են: Հարցին, թե Եվրոպայի առաջնություն ի՞նչ նպատակով են մեկնում, Ա. Պետրոսյանը պատասխանեց. «Մեդալների համար պայքարելու»: Հետաքրքրվեցինք, թե բազմափորձ Վլադիմիր Հակոբյանի բացակայությունը չի՞ անդրադառնա հավաքականի արդյունքների վրա: «Մենք ունենք երիտասարդ շնորհալի գրոսմայստերներ, որոնք իրենց արդեն վատ չեն դրսեւորում միջազգային մրցաշարերում: Հրանտ Մելքումյանն ու Կարեն Գրիգորյանը բավականին բարձր արդյունքներ են ցույց տալիս ներկայացուցչական տարբեր մրցաշարերում ու այդ առումով արդեն բավականին փորձ ունեն: Եվ բացի դա, սերնդափոխությունից խուսափել չես կարող»:

Լեւոն Արոնյանը նույնպես գոհ էր հավաքից: «Տեսանք, որ բոլորս էլ լավ մարզավիճակում ենք: Գիտե՞ք ամեն անգամ ուսումնամարզական հավաքն այն սկիզբն է լինում, որի ժամանակ կարողանում ես հասկանալ, թե ինչպես կընթանա տվյալ մրցաշարը: Հիմա համոզվածություն ունեմ, որ Ռեյկյավիկում լավ ենք խաղալու», – ասաց հավաքականի առաջատարը: Հարցին, թե ի՞նչ է մտածում Կարեն Գրիգորյանի մասին, որը թիմի հետ հավաքին չէր մասնակցում եւ այդ օրերին Բարսելոնում հանդես էր գալիս վեց գրոսմայստերների մասնակցությամբ մրցաշարին, Արոնյանը պատասխանեց. «Կարենը տաղանդավոր եւ վառ ոճի շախմատիստ է: Ցավոք, Բարսելոնում նրա խաղը չստացվեց: Ես, իհարկե, կցանկանայի, որ նա հավաքի ժամանակ մեր հետ լիներ: Բայց այդ մրցաշարը շատ ուժեղ էր եւ նա չէր ցանկանում այն բաց թողնել: Մենք նրա վրա մեծ հույսեր ենք դնում եւ կարծում եմ, որ Եվրոպայի առաջնությունում կարեւոր պահերին Կարենը կկարողանա իր տաղանդավոր խաղը ցույց տալ, ինչը մեր թիմին շատ կօգնի»:

Բնական է, որ անդրադարձ եղավ նաեւ հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրեն ընձեռված հնարավորությանը: «Ինձ համար մի մեծ հաջողություն էր, որ ինձ աջակցեցին իմ ազգի ներկայացուցիչները՝ այսպիսի հնարավորություն ընձեռելով: Երբ քեզ հավատում են, պետք է այնպես անես, որ այդ մարդկանց՝ քեզ տված հնարավորությունն օգտագործես: Հավակնորդների մրցաշարին նախապատրաստվելու եմ ամենայն պատասխանատվությամբ ու շատ լուրջ, որպեսզի իմ նախկին սխալները չկրկնեմ: Ինչ վերաբերում է այդ մրցաշարում իմ շանսերին, այնտեղ թույլ մրցակիցներ չեն լինում: Իմ շանսերը գնահատում եմ ինչպես միշտ՝ հիսուն տոկոս: Կամ կհաղթեմ, կամ չեմ հաղթի: Բայց հույս ունեմ, որ կլինեմ իմ ուզած հիսուն տոկոսի մեջ»:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30