Մոսկվան ընդհատակում ի՞նչ պայմանավորվածությունների է փորձում հասնել
ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովը հավանության արժանացրեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» տխրահռչակ զեկույցը, որը կոչ է անում Հայաստանին «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանություն»:
Այս բանաձեւի ընդունման պատճառների մասին բավական խոսվել է վերջին օրերին, եւ քննարկումները շարունակելն այլեւս անիմաստ է: Եթե Հայաստանի իշխանությունները ցանկանում են որեւէ բան փոխել այդ բանաձեւում, ապա դեռեւս ժամանակ ունեն մինչեւ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի լիագումար նիստերը:
Իսկ բանաձեւի վերաբերյալ կոնկրետ վերաբերմունք ու մթնոլորտ արդեն իսկ ձեւավորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր թվիթերյան փոքր գրառմամբ. «ԵԽԽՎ-ն ու մյուս միջազգային կազմակերպությունները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մինչ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւեր կամ զեկույցներ հրապարակելը»:
Կարդացեք նաև
Վերոնշյալ մեկնաբանության լրջությունն ըստ արժանվույն գնահատել են Ադրբեջանի իշխանությունները, պաշտոնական Բաքվին այս հայտարարությունը ուղղակի հունից հանել է: Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը նշել է. «Քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի հասել անգամ աննշան առաջընթացի, ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իրավունք ու հիմքեր չունի կարգավորման շուրջ մյուս կազմակերպություններին խորհուրդ տալու։ Ցայժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը հավասար է զրոյի։ Միջազգային մյուս կառույցները, որոնք ձգտում են ներդրում ունենալ հակամարտության կարգավորման հարցում, կարիք չունեն խորհրդակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որը զբաղվում է անիմաստ գործունեությամբ»։ Այնուհետեւ Հաջիեւը կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ «անարդյունավետ» գործունեությունը ծառայում է Հայաստանի շահերին. «Չի բացառվում, որ Ջեյմս Ուորլիքը Հայաստանի զավթողական քաղաքականության շարունակման հիմնական մաս է կազմում»:
Ըստ էության, Ուորլիքը հակադրվել է Ադրբեջանի` ԼՂ հակամարտության կարգավորումը ոչ օբյեկտիվորեն, իսկ ավելի ճիշտ` ադրբեջանանպաստ նոտաներով այլ հարթակներում շահարկելու ալիեւյան քաղաքականությանը: Ուորլիքը թվիթերյան իր մեկ գրառմամբ արել է ավելին, քան արդյունավետության առումով կարող էին անել ՀՀ իշխանությունները: Հետեւաբար այս իրավիճակը պետք է օգտագործել տեղի ունեցածը հնարավորինս շտկելու նպատակով:
Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելու առումով ԵԱՀԿ Մինսկի խումբն, իրականում, ոչ տեսանելի, բայց նկատելի պայքար է տանում այս օրերին` ընդդեմ Ադրբեջանի ձգտումների` տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով բանակցությունների կազմակերպումը: Այդ է պատճառը նաեւ, որ Ուորլիքը բաց հակադրվեց ԵԽԽՎ բանաձեւի ընդունմանը:
Այդ էր նաեւ պատճառը, որ նույնիսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երեւանում օրերս ստիպված եղավ քննադատել նշյալ բանաձեւը` նշելով, թե Մինսկի խմբում համանախագահող երկրները դեմ են, որ ղարաբաղյան հարցը տեղափոխվի այլ հարթակներ: «Մենք՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, հաստատապես դեմ ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում հետեւողական, գործնական եւ համբերատար երկխոսության փոխարեն՝ փորձեն այս թեման տեղափոխել տարաբնույթ միջազգային հարթակներ, որոնք չեն զբաղվում կարգավորմամբ: Համենայնդեպս, միջազգային հանրության անունից նրանց ոչ ոք նման հանձնարարություն չի տվել։ Համանախագահները աշխատում են կողմերի պայմանավորվածության հիման վրա, որը հավանության է արժանացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Լեռնային Ղարաբաղի խնդրում այս եռյակն է հանդիսանում լիազորված միջնորդը, եւ ցանկացած կտրուկ գործողություն՝ անկախ այն բանից, թե ով է հեղինակը, միայն վնասում է գործին եւ համանախագահներին»,- ՀՀ ԱԳ նախարարի հետ բանակցությունների ավարտին հրավիրված համատեղ մամլո ասուլիսում ասել էր Սերգեյ Լավրովը:
Սակայն Լավրովի այցը նաեւ ուղեկցվեց տեղեկատվական արտահոսքի ապահովմամբ` ռուսաստանյան պարբերականի միջոցով: «Ղարաբաղյան բանակցություններում այժմ քննարկվում է կարգավորման մի տարբերակ, որի համաձայն՝ հայկական կողմը պետք է վերադարձնի Ղարաբաղին հարակից տարածքների մեծ մասը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի եւ թերեւս եւս մեկ շրջանի, ինչի դիմաց Բաքուն թեեւ պաշտոնապես չի ճանաչի Ստեփանակերտի անկախությունը, սակայն կպարտավորվի խնդիրը կարգավորել խաղաղ բանակցություններով»,- գրել էր «Կոմերսանտ»-ը Լավրովի երեւանյան այցի առնչությամբ հոդվածում: Պարբերականը հղում էր արել բանակցություններին մոտ կանգնած իր ռուսական աղբյուրներին, որոնք նաեւ պնդել էին, թե կայունությունը երաշխավորելու համար տեղում կարող են ՄԱԿ-ի կամ ՀԱՊԿ-ի խաղաղապահներ տեղակայվել:
Ռուսաստանյան պարբերականի կողմից Լավրովի երեւանյան այցին զուգահեռ նման տեղեկությունների տարածումն ամենեւին պատահականություն չէ: Ռուսաստանն այս փուլում կարծես փորձում է հասնել արեւմտյան միջնորդների ջանքերին եւ բանակցային գործընթացում ազդեցիկ դերակատարի դիրք գրավել` նաեւ կազմակերպելով որոշակի տեղեկատվական արտահոսք` չմոռանալով, իհարկե, խաղաղապահների մասին ակնարկել:
Բացի այդ, Ռուսաստանը Ադրբեջանին Եվրասիական միության կազմում տեսնելու ցանկություն ունի, իսկ պաշտոնական Բաքուն արդեն մի քանի անգամ ներկայացրել է այն «գինը», ինչի դիմաց Ադրբեջանը կարող է անդամակցել ԵՏՄ-ին: Ադրբեջանի ԱԳ նախարարը նույնիսկ մի առիթով նկատեց` երբեք մի՛ ասա երբեք: ԵՏՄ-ի հետ Ադրբեջանի հնարավոր համագործակցության մասին «Ռոսիա 24»-ի հարցին Էլմար Մամեդյարովն այսպես էր պատասխանել. «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիայի առկայությունը մեզ թույլ չի տալիս լինել Մաքսային միությունում Հայաստանի հետ միասին։ Եթե Հայաստանը դուրս բերի իր զորքերը, եթե բացվեն սահմանները, եթե կարգավորվի իրավիճակը, եթե տնտեսական կապեր լինեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ով գիտի՝ ինչ տեղի կունենա վաղը, ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք»։
Սեպտեմբերին Լավրովը Բաքվում էր խոսում ԼՂ խնդրի արագ կարգավորման անհրաժեշտության մասին, իսկ ավելի վաղ Մամեդյարովը Մոսկվայում հայտարարել էր. «Հիմքեր կան ենթադրելու, որ ժամանակն է ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու ջանքերը, կարծում եմ՝ տեսանելի ապագայում կարող ենք առաջընթաց ապահովել արդյունքների հասնելու համար»:
Մոսկվան ընդհատակում ինչ պայմանավորվածությունների է փորձում հասնել, քանի լարի վրա է խաղում, ում հետ ինչ «տորգերի» մեջ է՝ թերեւս, ապագայում ավելի հստակ կլինի:
Իսկ Լավրովի այցի հետ կապ ունեցող եւ բանակցություններում քննարկված հնարավոր մեկ թեմայի մասին տեղեկատվություն արդեն իսկ ստացվեց. օրերս հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Հայաստանի հետ ստորագրել Կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր: «Ընդունել ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրելու Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը»,- ասված է Պուտինի ստորագրած կարգադրությունում: ՌԴ նախագահը պաշտպանության նախարարությանը հանձնարարել է ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ եւ Ռուսաստանի անունից ստորագրել համաձայնագիրը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.11..2015