Օրգանիզմի միլիոնավոր բջիջներ ամեն օր, նույնիսկ յուրաքանչյուր վայրկյան քայքայվում եւ փոխարինվում են նորերով: Առաջին հերթին դրանք վերաբերում են արյան կարմիր եւ սպիտակ գնդիկներին: Շատ բջիջներ լավագույն դեպքում ապրում են մի քանի տարի, հաճախ` միայն ամիսներ կամ շաբաթներ, այսինքն` զգալիորեն ավելի քիչ, քան ամբողջական օրգանիզմը: Օրինակ, մարդկային օրգանիզմի ամբողջ սպիտակուցի կեսը լրիվ չափով նորանում է 5-7 օրվա ընթացքում: Դրա համար էլ սնունդն իր մեջ անպայման պետք է պարունակի բոլոր նյութերը, որոնցից կազմված է մեր մարմինը` սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, հանքային աղեր, վիտամիններ եւ ջուր:
Օրգանիզմի համար վնասակար է ոչ միայն ջրի պակասը, այլ նաեւ նրա ավելցուկը: Մեծ քանակությամբ հեղուկ ընդունելիս ծանրաբեռնվում է սրտանոթային համակարգը: Հատկապես վնասակար է թունդ թեյի, սուրճի օգտագործումը, որոնք հիմնականում գրգռում են կենտրոնական նյարդային համակարգը, առաջացնում անքնություն, սրտխփոց:
Սննդի մեջ սպիտակուցի առկայությունը հատկապես անհրաժեշտ է այն պատճառով, որ օրգանիզմում այն կարող է սինթեզվել միայն սննդանյութի սպիտակուցների կազմի մեջ մտնող ամինաթթուներից, այն դեպքում, երբ ածխաջրերը կարող են գոյանալ ճարպերից եւ սպիտակուցներից, իսկ ճարպերը` սպիտակուցներից եւ ածխաջրերից:
Կենդանական ծագում ունեցող սպիտակուցները` համեմատած ոչ կենդանականների հետ, կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածության բարձրացման շնորհիվ կարող են էլ ավելի ուժեղացնել սրտանոթային համակարգի գործունեությունը:
Ռուս բժիշկներ Ֆ. Ի. Ինոզեմցեւը եւ Ա. Ա. Օստրոումովը նյարդային համակարգը գրգռող մսամթերքին հակադրել են կաթնա-բուսականը, որը հանգստացնում է նյարդային համակարգը եւ լավացնում քունը: Սրանք չափազանց կարեւոր նշանակություն ունեն սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքի համար: Սակայն, ըստ բժիշկների, չի նշանակում, որ պետք է բոլորովին հրաժարվել մսից:
Ըստ բժիշկների, տարեց հասակում անհրաժեշտ է սահմանափակել ձուն, խավիարը, լյարդը, ուղեղը, երիկամները, սիրտը, թոքերը, ճարպոտ միսը, ձուկը, շոկոլադը եւ այլ մթերքներ, որոնք հարուստ են խոլեստերինով: Անհրաժեշտ է ընդգծել, որ խոսքը սահմանափակման, այլ ոչ թե նրանցից լրիվ հրաժարվելու մասին է:
Եթե սննդի մեջ շատ են ածխաջրերը, քան այն պետք է օրգանիզմին, այդ դեպքում դրանց ավելցուկը վերածվում է ճարպի: Ահա թե ինչու չափից դուրս խմորեղենի եւ քաղցրավենիքների օգտագործումը հաճախ հանգեցնում է ճարպակալման, որը նկատելիորեն դժվարացնում է սրտի աշխատանքը:
Սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքի համար հատկապես մեծ նշանակություն ունեն կալիումը, կալցիումը, ֆոսֆորը, մագնեզիումը: Կալցիումի եւ ֆոսֆորի միացությունները գտնվում են կաթի, կաթնաշոռի, պանրի մեջ: Կալիումի աղերով հարուստ են բանջարեղենը եւ մրգերը` ծիրանաչիր, սեւ սալորաչիր, սպանախ, լոբազգիներ, կարտոֆիլ եւ այլ մթերքներ:
Մագնեզիումի աղերով համեմատաբար հարուստ են խոշոր աղացած ալյուրից թխված հացը, հնդկացորենը, ընկույզը, ինչպես նաեւ մրգերը եւ բանջարեղենը:
Նյութերի նորմալ փոխանակության, առողջության պահպանման, դիմացկունության բարձրացման համար անչափ անհրաժեշտ են վիտամինները` A, B1, B2, B6, B12, C, D, E եւ այլն: Որոնցից յուրաքանչյուրը օժտված է միայն իրեն բնորոշ առանձնահատկություններով: Օրինակ, վիտամին A-ն ապահովում է նորմալ տեսողություն: Վիտամին B1-ն անհրաժեշտ է նյարդային եւ սրտանոթային համակարգի ճիշտ գործունեության համար:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
13.11..2015