«Հայ գիրք» գրախանութում այսօր տեղի ունեցավ Գնել Խաչատրյանի «Մի ժամադրության պատմություն» պատմվածքների առաջին ժողովածուի շնորհանդեսը:
Ժողովածուում ընդգրկված 36 փոքրիկ պատմվածքները կարծես հուշերի պատառիկներ լինեն, որոնք հեղինակը թղթին է փոխանցել վերջին 4-5 տարիների ընթացքում:
«Այն, ինչ գրում եմ, յուրահատուկ է նրանով, որ մյուսները չէին կարող գրել, որովհետև դա ես եմ տեսել»,- ասում է Գնել Խաչատրյանը:
Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իր պատմվածքները հստակ գծված սյուժե չունեն: Կենտրոնում կերպարն է՝ տվյալ պահի իր հոգեվիճակով. «Բոլոր հերոսներն իրական ու հասարակ մարդիկ են, որոնց հետ ինչ-որ ժամանակ շփվել եմ, և նրանք իրենց որևէ հոգեվիճակով, արարքով, ընդհանրապես իրենց կերպարով հետաքրքրել են ինձ ու տպավորվել հիշողությանս մեջ: Տպավորությունը մնացել է, հետո ինչ-որ պահի սկսել եմ գրել այդ մասին»,- հավելեց Գ. Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Ասում է, որ իր պատմվածքներով ցանկանում է մարդկանց ցույց տալ, թե որքան կարևոր են մարդու համար շրջապատի ուշադրությունն ու հոգատարությունը. «Իմ բոլոր հերոսներն իրենց շրաջապատի կողմից հոգատարության և ուշադրության պակաս զգացել են: Հաճախ են, չէ՞, մարդկանց պիտակավորում, ասում են՝ այս մարդը ինքնամփոփ է, շփվող չէ, մյուսը խելագար է, երրորդը մանկամիտ է և այլն: Պիտակ դնելով՝ այդ մարդկանց կարծես անտեսում են: Դրանից նրանք ավելի ինքնամփոփ, խելագար ու մանկամիտ են դառնում: Այնպես որ, ոչ թե պետք է պիտակավորել մարդուն, այլ փորձել խորանալ նրա հոգու մեջ: Այնտեղ ավելի հետաքրքիր բաներ կլինեն, քան այդ պիտակն է»,- ասաց մեր զրուցակիցը:
Գիրքը վերնագրված է «Մի ժամադրության պատմություն»՝ նրանում ընդգրկված պատմվածքներից մեկի անունով: Այն գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն է ընտրել. «Ժողովածուն ընթերցելուց անմիջապես հետո վերնագիրն իմ մեջ ծնվեց: Իմ տպավորությամբ՝ Գնելը մեզ ժամադրում է լավի, բարու, գեղեցիկի հետ: Եվ նրա ցանկացած պատմվածքի ընթերցում մի յուրօրինակ ժամադրության պատմություն է, որովհետև այդ ընթացքում մենք հանդիպում ենք հետաքրքիր կերպարների, գեղեցիկ զգացողությունների, որոնք անպայման լավ հուշ են թողնում: Գնելի գիրքը բոլորիս կարող է տանել լավ ու գեղեցիկ ժամադրության:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ