Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով վերջին մի քանի օրերի ընթացքում քննարկվող այն թեմային, թե ՌԴ-ն ցանկություն ունի Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան եւս ներքաշել Սիրիայում հակաահաբեկչական գործողությունների դեմ պայքարում, ասաց. «Հայաստանը ոչ այն կարգավիճակում է, ոչ էլ այն երկիրն է, որը թույլ տա իրեն ներքաշել հակաահաբեկչական գործողությունների մեջ: Իհարկե, մեր իշխանությունները միշտ էլ ցույց են տվել, որ իրենք կողմ են՝ Բաշշար Ալ Ասադի իշխանությունը պահպանվի Սիրիայում, որովհետեւ նրա վարած քաղաքականությունը լիովին համապատասխանում է թե՛ մեր պետության շահերին, եւ թե՛ միեւնույն ժամանակ ձեռնտու է Սիրիայում հարյուր հազարից ավել բնակվող հայերին. նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը միշտ ապահովված են եղել:
Միեւնույն ժամանակ ՀՀ իշխանությունները եւ մեր հասարակությունը շատ լավ հասկանում են, թե ինչ է իրենից ներկայացնում սիրիական ընդդիմությունը ու Սիրիայում գործող «Իսլամական պետություն»-ը եւ ալ-Նուսրա՝ Ալ- Քաիդայի սիրական մասնաճյուղը, ու այդ կազմակերպությունները ումից են հիմնականում հովանավորվում: Հովանավորվում են Արեւմուտքից եւ Թուրքիայից, որոնք եւ ինքնըստինքյան իրենց պատվերն են տալիս այս ահաբեկչական կազմակերպություններին: Նորից եմ կրկնում, նրանց դեմ պայքարը լիովին համապատասխանում է նաեւ մեր շահերին՝ հայ ժողովրդի եւ Հայաստանի հանրապետության, բայց շատ վտանգավոր է, որ հանկարծ Հայաստանի Հանրապետությունը ներքաշվի սիրական ճգնաժամի մեջ:
Ռուսաստանը աշխարհի խոշորագույն պետություններից է, նաեւ ռազմական պոտենցիալի առումով, կարող է շատ դեպքերում իրեն պաշտպանել: ՀՀ-ն, գտնվելով այս բարդ տարածաշրջանում, ունենալով այնպիսի հարեւաններ, ինչպիսիք են թշնամական Ադրբեջանը եւ Թուրքիան, պատժամիջոցների տակ գտնվող Իրանը, թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողության տակ գտնվող Վրաստանը, մենք չենք կարող մեզ թույլ տալ ներքաշվել հակաահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մեջ»:
Հարցին, եթե ՌԴ-ն ամեն դեպքում ներքաշի, մեր իշխանություններն էլ չկարողանան մերժել, հակաճառել, ի՞նչ կստացվի: Մենք հիշեցրեցինք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորվի այցը Հայաստան փորձագետներից ոմանք բնութագրեցին որպես հակահաբեկչական գործողություններին Հայաստանին ներքաշելու փորձ, ավելին Մոսկվայում «Ռեգնում» գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը եւս հարց ուղղեց ԼՂ նախագահ Բակո Սահակյանին՝ հետաքրքրվելով, թե Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման հանձնելուց հետո Լեռնային Ղարաբաղը կմիանա՞ Միջին և Մերձավոր Արևելքում հակաահաբեկչական կոալիցիայի գործողություններին: «Այստեղ ես գտնում եմ, որ մենք պետք է հակաճառենք, որովհետեւ իմ կարծիքով Ռուսաստանը չի ապահովի Հայաստանի անվտանգությունը, եթե Հայաստանը ներքաշվի այս պատերազմին ու թույլ տա իր տարածքում գտնվող ռազմական օբյեկտները օգտագործել «Իսլամական պետության» դեմ:
Կարդացեք նաև
Դրա դիմաց «Իսլամական պետություն»-ը կարող է Հայաստանի տարածքում կազմակերպել հակաահաբեկչական ակտեր, ո՞վ կարող է մեզ ապահովագրել: Ինչի՞ համար մենք պետք է ներքաշվենք, եթե նույն Ռուսաստանը չի կարող իր քաղաքացիների անվտանգությունն ապահովել, որովհետեւ արդեն անթաքույց խոսվում է, որ Սինայում պայթած ռուսական օդանավը պայթեցվել է հենց ահաբեկիչների կողմից: Երեկ արդեն «Իսլամական պետության»-ը հայտարարել է, որ ահաբեկչական ակտեր կգործի Ռուսաստանի տարածքում»:
Ըստ Գագիկ Համբարյանի, Ռուսաստանը չի կարող միանձնյա որոշում ընդունել Գյումրիում տեղակայված ռազմաբազան արտերկրում ռազմական գործողությունների մեջ օգտագործելու մասով, դրա համար պարտադիր պետք է լինի Հայաստանի Հանրապետության իշխանությունների համաձայնությունը, քանի որ դրա հետեւանքները հայ ժողովուրդն է կրելու: Իսկ մենք պետք է հեռու լինենք ու զգույշ մնանք, քանի որ Սիրիայում խոշոր գերտերությունների շահեր են բախվում, իսկ մենք կարող է ոտքի տակ ընկնենք:
«Եթե Ռուսաստանը կարող է Կասպից ծովի ռուսական մասից հրթիռներ թողնել, ու այդ հրթիռները, մի քանի հազար կիլոմետր անցնելով, կարող են Սիրիայում խոցել ահաբեկիչների նստավայրերը, սա ցույց է տալիս, որ Ստեփանակերտի օդանավակայանի օգտագործումը հակաահաբեկչական գործողությունների մեջ էդքան էլ շատ կարեւոր չէ: Ստեփանակերտի օդանավակայանը օգտագործելու տեղը թող ՌԴ-ն համագործակցի Սիրիայի հարցում շատ մեծ շահագրգռվածություն ունեցող Իրան հետ: Թավրիզի օդանավակայանը թող օգտագործի, Ստեփանակերտի օդանավակայանից ընդամենը 200 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում:
Իսկ Իրանը տարածաշրջանի խոշորագույն պետությունն է՝ 70 միլիոն բնակչությամբ, տնտեսապես բավական հզոր, որը կարող է կոպիտ ասած ճակատ տալ նույն ԱՄՆ-ի, եվրոպական տերությունների հետ, ինչի փորձն ունի իսլամական հեղափոխությունից հետո: Իսկ Հայաստանի Հանրապետությունը կարող է շատ մեծ խնդիրներ ունենալ այս պարագայում: Բացի դրանից, ես ուզում եմ մի ուրիշ հարց բարձրացնել. եթե ՌԴ-ն պատրաստ է Սիրիայի համար օգտագործել Գյումրու , Ստեփանակերտի կամ Երեւանի օդանավակայանները կամ 102-րդ ռազմաբազան, ՌԴ-ն թող բարի լինի ապահովել մեր սահմանների անվտանգությունն Ադրբեջանի հետ: 2010 թվականին ՌԴ նախագահ Մեդվեդեւի՝ Հայաստան ու կոնկրետ Գյումրի այցի ժամանակ ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի ՌԴ ռազմաբազան եւս մոտ 50 տարով Հայաստանի տարածքում տեղաբաշխվելու դիմաց ՌԴ պարտավորվում է ապահովել ոչ միայն հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանները, այլ նաեւ հայ-ադրբեջանական ու հայ-վրացական սահմանների անվտանգությունը», -ասում է քաղաքագետը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ