Լրահոս
Օրվա լրահոսը

«Պոպուլիստական հայտարարություններով հանրությանը մի մոլորեցրեք». անձնագրայինի պետը՝ «ոչ»-ի ճակատին

Նոյեմբեր 13,2015 19:50

ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «ոչ»-ի ճակատի՝ կրկնակի քվեարկությունների հավանականության մասին պնդումներին, հայտարարեց, թե պետք չէ նման պոպուլիստական հայտարարություններով հանրությանը մոլորեցնել:

Aravot.am-ի հարցին՝ «Ոչ»-ի ճակատի կողմից շատ է շահարկվում այն  հարցը, որ այն քաղաքացիները, որոնք ունեն և՛ նույնականացման քարտ, և՛ հին տեսակի թղթային անձնագիր, որը դեռ ուժի մեջ է, կարող են երկու անգամ քվեարկել, պարոն Բիչախչյանը պատասխանեց. «Պետք է նման հայտարարություններ անողներին հարց հղել՝ ի՞նչ մեխանիզմով են իրենք դա պատկերացնում, թող բերեն փաստարկներ, հակառակ դեպքում դրանք ուղղակի պոպուլիստական հայտարարություններ են, որոնցով չի կարելի մոլորեցնել հասարակությանը»:

Մնացական Բիշախչյանը նշեց, թե բազմակի քվեարկությունների հնարավորություն կլինի, եթե անձի տվյալները ընտրողների ցուցակներում լինի մեկից ավելի տեղ. «Ընտրական օրենսգրքի համաձայն`ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա և ձևավորվում են ընտրողների ցուցակներ: Բնակչության պետական ռեգիստրը վարվում է ՀՀ ոստիկանության կողմից անձի՝ ըստ նրա բնակվելու վայրի: Հստակ մեխանիզմ է սահմանված, որ անձը պետք է մեկ հասցեում հաշվառված լինել»:

Անձնագրային վարչության պետը տեղեկացրեց, որ ընտրողների ցուցակները հասանելի են elections.am, police.am կայքերում, ուստի «ոչ»-ի ճակատի ներկայացուցիչներ հնարավորություն ունեն ցուցակների անճշտությունները բացահայտել: Մեր այն հիշեցմանը՝ ցուցակներում ընտրություններից ընտրություններ հայտնաբերվում են նույն անուն ազգանունով անձինք՝ ասենք պապ ու թոռ, երբ պապը մահացել է, բայց դեռ ցուցակում է: Պարոն Բիչախչյանն արձագանքեց. «Ցուցակում ամրագրված է ոչ թե անուն ազգանունը, այլև ծննդյան ամիսը, տարին ու օրը: Եթե նույն անուն ազգանունով, ծննդյան ամիս ամսաթվով պապ ու թոռ կգտնեք, դա կլինի զավեշտ, աշխարհի վերջը»:

Անձնագրային վարչության պետը նաև տեղեկացրեց, որ իրենց նախաձեռնությամբ առանձնացել են այն 109 անձանց տվյալները, որոնց անուն, ազգանուն, հայրանունները, ծննդյան օրն, ամիսն ու տարեթիվը նույնն են, բացի հաշվառման հասցեներից: Այդ ցուցակը  հրապարակված է Police.am կայքում: Նույնիսկ նրանց մեջ կա մեկ զույգ, որոնց բոլոր տվյալները նույնն են, սակայն սեռերն են տարբեր: Օրինակ՝ գրանցված են Տոքսին անունով կին և տղամարդ՝ 1937 թվականին ծնված:

Մի շարք իրավապաշտպաններ, հիմք ընդունելով  ԱՎԾ-ի հաշվարկների վրա ներկայացված մինչեւ 18 տարեկանների ցուցանիշը, գտնում են, որ Հայաստանում պետք է, որ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը լիներ 2 մլն 197 հազար 738, որը չի համապատասխանում ԿԸՀ-ի հրապարակած 2 մլն 252 հազար 243 թվին, եւ տարբերությունը կազմում է 358.228 ընտրող:

Մեր հարցին՝ ԱՎԾ-ի ներկայացված տվյալնե՞րը ճիշտ չեն, թե՞ ԿԸՀ-ինը, մանավանդ, որ ԿԸՀ-ն իր ներկայացրած թվերը ստանում է ոստիկանության կողմից ներկայացված տվյալներից,  Մնացական Բիչախչյանն արձագանքեց. «ԱՎԾ պետին լրագրողը հարց է տալիս այն մասին, թե անձնագրայինի պետը մեղադրում է իրեն: Ես երբեք չեմ ասել, թե վիճծառայությունը սխալ է վարվում, ու նրանց թվերը սխալ են: Շեշտում եմ, որ այդ թվերը պետք է տարբեր լինեին, քանի որ ԱՎԾ կողմից ձևավորված ցուցանիշները այլ թվեր են, մեր կողմից ձևավորվածները՝ այլ: ԱՎԾ-ի կողմից մշտական բնակիչն այն անձն է, որը ՀՀ-ում բնակվում է մինչև մեկ տարի ժամկետով: Եթե նա մեկ տարուց ավելի ժամկետով գտնվում է դրսում, ինքը ԱՎԾ ցուցանիշների համաձայն՝ չի համարվի մշտական բնակիչ:

Մեր ցուցանիշները նույնը կլինեին, եթե նույն գործառույթն իրականացնեինք: Օրինակ՝ եղե՞լ է դեպք, որ ԱՎԾ տաք անձնագիր, կամ կանգնեք հաշվառման: ԱՎԾ-ում իրավունք չունեն ընտրելու իրավասությունների մեջ խորանալ, այդ ցուցանիշները վարվում են այլ կերպ: Նրանց համար մշտական բնակությունն է հիմք ընդունվում: Օրինակ՝ եթե անձը երկրից դուրս է գտնվում, ԱՎԾ-ի տվյալներով նա չի համարվում մշտական բնակիչ, բայց նա ոստիկանության ռեգիստրում մնում է հաշվառման մեջ»:

Մեր այն դիտարկմանը՝ հենց դրա համար էլ մտահոգություններ են հնչում, թե ընտրողների ցուցակում անձը կարող է գրանցված լինել, բայց երկրում չլինել, ու նրա տվյալներն օգտագործվեն ընտրակեղծարարության համար: Պարոն Բիչախչյանը հակադարձեց, թե ոչ ոք վստահորեն չի կարող ասել, գուցե այդ մադրիկ ընտրության օրը լինում են հանրապետությունու՞մ:

Մեր այն դիտարկմանը՝ այս բոլոր խոսակցություններից խուսափելու համար ինչու՞ չեն հրապարակվում քվեարկությանը մասնակցածների ցուցակները, պարոն Բիչախչյանը հրաժարվեց պատասխանել. «Մենք որպես պաշտոնատար մարմին կազմում ենք ընտրողների ռեգիստրը և ցուցակները հրապարակում:Իմ անձնական կարծիքն իմ մեջ է, չեմ ուզում քաղաքական հայտարարություններ անել: Գործում է վստահված անձանց ինստիտուտը, թող հետևեն գործընթացին: Իսկ քվեարկողների ցուցակների հրապարակման վերաբերյալ հարցին կպատասխանեն համապատասխան մարմինները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30