Հոկտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի Ռոն Ալպ ռեգիոնալ խորհրդի և գյուղական համայնքների ասոցացիայի պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանի համայնքների միության նախագահ, Եվրոպայի խորհրդի կոնգրեսում, ԵՄ ԱլԳ CORLEAP-ում Հայաստանի պատվիրակությունների ղեկավար Էմին Երիցյանը, Ռոն Ալպի ռեգիոնալ խորհրդի անդամ, խորհրդի փոխնախագահ Էդուարդ Սիմոնյանը, Ռոն Ալպի ռեգիոնալ խորհրդի Եվրոպայի և միջազգային հարաբերությունների բաժնի տնօրեն Ռաշել Հաաբը, Ռոն Ալպի ռեգիոնի հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Դավթյանը:
Ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարը կարևորեց ռեգիոնալ համագործակցությունը որպես հայ–ֆրանսիական բարեկամության օղակներից մեկը, հատկապես՝ ապակենտրոնացված գործակցությունը: Նախարարը, մասնավորապես, նշեց. «Շնորհակալ ենք, որ ֆրանսիական կառավարությունը ստեղծում է բոլոր հնարավորությունները, որ հայերը ոչ միայն ապրեն ու զարգանան, այլև ակտիվ մասնակցություն ունենան երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքին»:
Ռոն Ալպի ռեգիոնալ խորհրդի անդամ, խորհրդի փոխնախագահ Էդուարդ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա նշեց, որ կարևոր է տնտեսական, մշակութային կապերի ամրապնդումը, հմտությունների, փորձի փոխանակումը: Պարոն Սիմոնյանն անդրադարձավ Հայաստանի համայնքների ասոցիացիայի հետ ստորագրած համաձայնագրին:
Քննարկվեցին հետագա համագործակցության, ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերին աջակցություն ցուցաբերելու, համատեղ իրականացվելիք այլ միջոցառումների շրջանակները:
Կարդացեք նաև
ՀՀ սփյուռքի նախարարություն