Գյումրու Անի թաղամասի սկզբնամասում գտնվող կենդանաբանական այգին հայտնվել է ահավոր վիճակում. փող չլինելու պատճառով գազանները սոված են մնում, մեծ խնդիր է դարձել նաեւ նրանց ջրով ապահովելը: Կենդանիներից մի քանիսին՝ լուսաններին ու կապիկներին ժամանակավոր այլ քաղաքների կենդանաբանական այգի են տեղափոխել, մասնավորապես Արմավիր, իսկ Գյումրիում մնացել են միայն 3 առյուծներ. մայրը՝ Մերին ու երկու ձագերը՝ Զիտան ու Գիտան եւ արջերը՝ զույգեր Մաշան ու Միշան: Սեփականատեր Ստյոպա Վարդանյանը, որը 30 տարի զբաղվում է այս ոլորտով, գազաններին հետ բերել է Ռուսաստանի Դաշնությունից՝ մտածելով, որ Գյումրին էլ ունենա կենդանաբանական այգի: 2010 թվականից գործունեություն ծավալելով Գյումրիում՝ այժմ մոլորվել է, չգիտի ինչպես անի, որ կենդանիները չսատկեն սովից: Նա Aravot.am-ի հետ զրույցում ուղղակիորեն աղերսում էր կառավարությանը տեր կանգնել կենդանիներին:
«Հիմա շատ վատ վիճակում են կենդանիները, դիմել ենք մեր կառավարությանը, բնապահպանության նախարարությանը, որ օգնեն մեզ, տեղափոխենք Երեւանի գազանանոց: Դեմը ձմեռ է, հնարավոր է եւ չդիմանան: Երեւանի կենդանաբանական այգուց պարոն Խաչատրյանի հետ ես խոսեցել էի, խնդրել, որ իրենց մոտ տեղ տան, սակայն ինքն ասաց, որ հնարավորություն չունի այս կենդանիներին տեղավորելու. գումարային ծախսերի հետ է կապված տեղափոխումն ու կերային հարցերը, ես այս պահին չեմ կարող դրանք հոգալ: Խնդրում եմ մեր կառավարությանը միջամտել, կարող է այդ դեպքում վերցնեն մեր կենդանիներին: Միայն 8 հատ առյուծ Երեւանի կենդանաբանական այգում կա, մեր 3-ին էլ, որ տանք, չգիտեմ տեղ էլ կանի՞… Մենք չենք վաճառում մեր կենդանիներին, ուղղակի ճարահատյալ նվիրում ենք: Իմ ուժերից վեր է իրենց պահելը»,-ասաց Ստյոպա Վարդանյանը:
Հարցին՝ հաշվարկ կատարե՞լ եք՝ օրական ինչքա՞ն գումար է անհրաժեշտ այս հինգ գազաններին լիարժեք կերակրելու համար, մեր զրուցակիցն ասաց, որ ամեն մեկը օրական 8-10 կիլոգրամ միս է ուտում, այսինքն օրական 24-25 միս, ծախսը մոտավորապես կազմում է 25-30 հազար դրամ: Այսինքն ամիսը 1000 դոլար է անհրաժեշտ նրանց տեր լինելու համար: «Սաղ աշխարհին դիմել ենք օգնության, հիմա Մոսկվայից կենդանաբանական այգուց ուզում են գան տանեն, հենց այսօր են ինձ զանգել, թե գանք, տեղափոխենք, փրկենք գազաններին, բայց ոնց ասեմ՝ մի քիչ ամոթ է էլի, որ մեր երկիրը չի կարող էս երկու կենդանիներին պահել, խայտառակ վիճակ է էլի: Վրացիների մոտ ջրհեղեղ էր եղել, ոչ մի օգնություն չուզեցին, ամաչում եմ էլի, ես գումարային պահով սպասելիք չունեմ, ես բիզնես չեմ ուզում անել, ուզում եմ, որ կենդանիներին վերցնեն ու պարտավորվեն նորմալ պահել: Առյուծի ձագերը Գյումրիում են ծնվել, ծնված օրվանից փայփայել ենք, տղաս իր ձեռքով է կերակրել, մեծացրել է, հիմա տանք ռուսների՞ն: Էս ինչ անճար վիճակ է»,-ասում է Ստյոպա Վարդանյանը:
Ըստ նրա, եթե փոքր-ինչ պետական օգնություն լինի, իրենք կպահեն իրենց կենդանիներին, մասնագետներ, անասնաբույժ ունեն: Նրա ասելով, բոլոր մարզերի կենդանաբանական այգիներն էլ վատ վիճակում են: Ստյոպա Վարդանյանի փաստմամբ, իրենք դիմել են թե՛ մարզային, թե՛ քաղաքային իշխանություններին, սակայն վերջիններս պատճառաբանել են, թե բյուջե չունեն: «Ուղղակի պետք է կառավարության որոշում, մի քիչ գումար, մեծ գումար էլ չէ՝ 1 միլիարդ դրամ, եթե տրամադրեն, իրենց 10 տարի էլ հերիք կլինի: Ես չեմ ուզում Հայաստանից դուրս տամ իմ գազաններին, վերջը պրեստիժի էլ հարց է չէ՞»:
Հարցին, թե մեծահարուստ մարդիկ չեն օգնո՞ւմ, գոնե մի քանի կիլոգրամ միս ուղարկեն, օրինակ՝ գեներալ Մանվել Գրիգորյանը կամ Գագիկ Ծառուկյանը, որոնք գազանների սիրահար են, մեր զրուցակիցն ասաց, որ օգնել են: «Գեներալ Մանվելն էլ է օգնել ժամանակին, ուղղակի չէի ուզում, որ Գյումրի քաղաքից ելնեն, պիտի պետական մոտեցում լինի, պետք է նորմալ հող տրամադրեն այս գազանների համար, հիմա ընկերս է այս տարածքը ժամանակավոր տրամադրել, որ վագոնները տեղադրենք»: Մեր զրուցակիցն ասում է, որ կենդանաբանական այգիները երբեք եկամուտ չեն բերում, եթե պետական մոտեցում չեղավ, չեն գոյատեւի: «Ես մտածեցի՝ եթե Երեւանում, Արմավիրում, Չարենցավանում կան գազանանոցներ, կուզենայի, որ Գյումրին էլ ունենա, ինչո՞վ են պակաս գյումրեցի երեխաները, դրա համար այստեղ հիմնեցի գազանանոց, ես ՌԴ-ում էի էլ ունեի: Հիմա իմ խնդրանք է ՝փրկել նրանց: Ես դիմում եմ Հովիկ Աբրահամյանին՝ օգնի՛ր վարչապետ գազաններին, որ սովից չսատկեն»:
Գազանանոցի աշխատակից Հովհաննես Մադոյանն էլ ասաց, որ գազաններին չեն կարողանում օրական 2-3 անգամ կերակրել, իսկ նրանք, եթե կուշտ չեղան, ցրտերին չեն կարողանա դիմանալ: Ըստ նրա, սալոմ անգամ չեն կարողանում գնել, որ լցնեն գազանների տակ, վերջիններս ցուրտ երկաթի վրա չմնան ու չմրսեն: Աշխատակիցը դժգոհեց նաեւ, որ անգամ ջուր չկա, ջուրը դույլերով են կրում, որ կենդանիները խեղդամահ չլինեն: Նա բնակիչներին հորդորեց գոնե կարտոֆիլի, մրգի կճեպները չթափել, բերել գազանանոց, որպեսզի գոնե արջերը չսատկեն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ