ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը այսօր մամուլի ազգային ակումբում սահմանադրական փոփոխությունների թեմայով քննարկման ժամանակ վերհիշեց 2013 թվականի նախագահական ընտրությունները:
«Եթե հույս չկա, որ այս սահմանադրական բարեփոխումներով դրական փոփոխություններ կլինեն, եթե մտածում եք՝ միեւնույնն է, ընտրությունները կեղծվելու են, հարց եմ տալիս՝ ի՞նչն է խանգարում այսօր գործող համակարգին՝ ունենալով ամբողջ վարչական ռեսուրսը, ընտրակեղծիքի կատարելագործված մեխանիզմները շարունակել այն ավանդույթը, որ 1995-ից այս սահմանադրությամբ ստեղծվել է այս երկրում: Միակ հույսն այն է, որ ժողովրդին դուրս բերենք փողոց ու հեղափոխությո՞ւն անենք: Վերջին ընտրություններում «Ժառանգության» առաջնորդը երկրորդ տեղն էր գրավել, եւ ամեն ինչ ավարտվեց Ծիծեռնակաբերդում աղոթքով: Այսինքն, եթե դա է ճանապարհը, ինչի՞ է հանգեցրել այդ ճանապարհը: Եթե Սահմանադրությունը մի թուղթ է ու չի կարգավորում մեր կյանքը, որը որեւէ կերպ չի ազդում այն իրավիճակի վրա, որ այսօր ունենք, ինչի՞ մասին ենք խոսում: Եթե որեւէ բան Սահմանադրության հետ կապ չունի, ի՞նչ գործ ունեք քաղաքականության հետ»,- քննարկման մասնակիցներին հարցրեց Բագրատ Եսայանը:
«Րաֆֆի Հովհաննիսյանը ճնշող մեծամասնության ձայներ է ստացել, բայց, ցավոք, որ նաեւ մեր դաշնակցական ընկերների հետ չկարողացանք պահել այդ ձայները: Պարոն Եսայան, ուզում էիք անպայման արյունոտվե՞ր, գայիք մեր կողքին կանգնեիք»,- հակադարձեց Արմեն Մարտիրոսյանը:
«Մենք պատրաստ էինք կանգնել ոչ թե անհասկանալի գործելակերպի կողքին, այլ հստակ պայմանավորվածությունների»,- պատասխանեց Բագրատ Եսայանը:
Կարդացեք նաև
«Գայիք մեր կողքին կանգնեիք, ոչ թե Ծիծեռնակաբերդում ժողովրդի հետ գնային աղոթք անեին, այլ մեզ հետ փոփոխություն անեիք: Ես չգիտեի՝ քաղաքականությունն այն է, որ հարմարվում ես ստեղծված իրավիճակին, գնում ես իշխանության ռեսուրսներից մի քիչ էլ դու կճմտես, որ դա դառնա քաղաքականություն, դա քաղաքականություն չէ: Այդ քաղաքականությամբ երկիրը բերեցիք էս օրին»,- հավելեց Արմեն Մարտիրոսյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ