Մեկ շաբաթ է՝ Աբովյանից Երեւան եկող ուղեւորները նկատել են, որ թիվ 267 ավտոբուսը, որը պատկանում է Արթուր Հարությունյանի (Պալաչ) «Կինգ Դելյուքս» ընկերությանը, նախկինի պես պարտաճանաչ չի սպասարկում: Աբովյանցի ուղեւորների խոսքերով, այդ շաբաթվա ընթացքում օր է եղել, որ 50 րոպե 267-ին են սպասել, սակայն երթուղու սպասարկման չվացուցակով ավտոբուսների միջեւ միջակայքը 15-20 րոպե է: Այս երթուղին սպասարկում է Ակունք-Աբովյան-Երեւան ճանապարհահատվածը, Երեւանում անցնում է Հերացի-Չարենց-Նարդոս հատվածով ու գնում դեպի Սասունցի Դավիթ կայարան:
Աբովյանցիների ներկայացմամբ, մարդիկ, սովորության համաձայն, դուրս են գալիս այն ժամի հաշվարկով, որ այսքան ժամանակից պետք է լինեն իրենց նախընտրած վայրում, սակայն ավտոբուսի չվացուցակի խախտման պատճառով ուշանում են:
«Աշխատանքի ենք, ուսանողները դասի են, մարդիկ կան, որ բժշկի են գնում, հստակ իմանանք, եթե այդպես է լինելու, այլ համարներով գնանք»,-ասում էին Aravot.am-ին դժգոհություն ներկայացրած քաղաքացիները, նկատելով, որ այդքան ուշանալուց հետո էլ ուղեգծից շեղվել են:
Աբովյանի քաղաքացիները նույն ընկերությանը պատկանող մեկ այլ երթուղուց` թիվ 259-ից էլ դժգոհեցին, նշելով, որ այս երթուղուց հանվել են ավելի լավ պայմաններ ունեցող «կապույտ» ավտոբուսները, որոնք օդորակիչով ու հեռուստացույցով էին եւ նշյալ գիծը սպասարկվում է դեղին ավտոբուսներով:
Ուղեւորների տեղեկություններով՝ այդ ավտոբուսները ուղարկվել են Անապա եւ այնտեղ են աշխատեցնում:
Կարդացեք նաև
«Նման բան չկա»,-լսելով Aravot.am-ի հարցը՝ ասաց «Կինգ Դելյուքս» ընկերության տնօրեն Արտակ Եղոյանը: Մեր հարցին, թե գուցե գծում եղած ավտոբուսների քանա՞կն է նվազել, տնօրենն ասաց, որ 11 ավտոբուս է եղել եւ ներկայումս այդքան ավտոբուս էլ կա. «Մեքենաների վրա տեղադրված է Ջի-Փի-Էս, որի առկայությամբ մեքենաները չեն կարող շեղվել, բացառվում է, դիսպետչերը նստած նայում է, որ ավտոբուսները ճիշտ ժամանակին աշխատեն»:
Ընկերության տնօրենը նաեւ ասաց, որ սկզբնակետից ավտոբուսները շարժվում են 5 րոպեն մեկ, իսկ սկզբնակետից մինչեւ վերջնակետ թիվ 267-ը հասնում է 45-55 րոպե` չհաշված խցանումները:
Թիվ 259 ուղեգծի առնչությամբ էլ Արտակ Եղոյանն ասաց, որ գծից ոչ բոլոր կապույտ ավտոբուսներն են հանվել. «Մեքենաների պահեստամասերի հետ կապված հանվել են կապույտ ավտոբուսները, ավելի լավ է՝ ուղեւորները դեղին ավտոբուսներով հուսալի գնան տեղ հասնեն: Հայաստանում այդ ավտոբուսների պահեստամասերը չկան»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ