ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ տնտեսական աճ կա եւ այն իրական է:
Դիտարկմանը, որ այդ աճը հիմնականում գյուղատնտեսության հաշվին է արձանագրվել, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Գյուղատնտեսության աճը եւ ավելացված արտահանումը, կներեք, դեպի ո՞ւր է գնում, դուք նայե՞լ եք: Արդյոք մենք Լուսի՞ն ենք արտահանել, թե Ռուսաստան»:
Լրագրողները փոխվարչապետից հետաքրքրվեցին՝ տարին ավարտվում է, բայց Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելով, որեւէ օգուտ չունեցավ: Գաբրիելյանն ասաց, որ ՀՀ իշխանությունները չէին էլ ասում, որ միանգամից ամեն ինչ լինելու է:
ԵՏՄ երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների նվազման վերաբերյալ էլ Գաբրիելյանը նշեց, որ անդամ բոլոր երկրներում կա որոշակի անկում, սակայն դա չի վերաբերում ընդհանուր հեռանկարներին, ժամանակի ընթացքում դրանց ծավալները կավելանան:
Կարդացեք նաև
Լրագրողների այն դիտարկմանն էլ, որ ԵՏՄ-ն չարդարացրեց Հայաստանի իշխանությունների ակնկալիքները, փոխվարչապետն ասաց. «Դուք անընդհատ մեկ տարվա տնտեսական զարգացումները կապում եք տնտեսական միավորման երկարաժամկետ հեռանկարի հետ: Կարծում եմ, որ վաղաժամ է նման եզրակացություններ անել, եւ ԵՏՄ-ն ունի զարգացման ներուժ, այդ ներուժն ի հայտ կգա: 2015 թվականի զարգացումներն այն պատմական օրինաչափությունները չեն, որոնցով մենք կկարողանանք ընդհանուր դատողություններ անել երկարաժամկետ պատմական հեռանկարի վերաբերյալ»:
Տարեվերջին կամ եկող տարվա սկզբին, ինչպես ասաց Գաբրիելյանը, մանրամասն վերլուծություններ կներկայացնեն՝ ԵՏՄ տնտեսական հետեւանքների մասին:
Լրագրողների այն հարցին, թե Հայաստանի իշխանությունները ԵՏՄ-ին անդամակցելիս մեծ շուկա էին խոստանում հայ գործարարներին, Վաչե Գաբրիելյանն այս առնչությամբ ասաց՝ «Իսկ ձեր կարծիքով շուկան փոքրացե՞լ է: Շուկան չի փոքրացել, մենք այդ տվյալները հիմա վերլուծում ենք, ուղղակի դեռեւս մի քիչ շուտ է»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ