Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ներկայացվել են էկոզբոսաշրջային երթուղիների մասին տեսահոլովակներ

Նոյեմբեր 13,2015 16:33

Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել «Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագրի ամփոփումը, որի ժամանակ էլ կայացել է ծրագրի շրջանակում էկոզբոսաշրջային երթուղիների մասին նկարահանված 2 րոպե տևողությամբ գովազդային տեսահոլովակների ու ֆիլմերի առաջնադիտումը:

«Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագիրն անցկացվել է օգոստոսի 1-ից նոյեմբերի 13-ը Երևանում, «Արփի լիճ» ազգային պարկում, «Սոսու պուրակ» արգելավայրում, «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտում, Գոմքում և Հանքավանի արգելավայրերում: Արդյունքում նկարահանված տեսանյութերն անվճար կտրամադրվեն էկոզբոսաշրջային կազմակերպություններին` նշված ուղղություններով այցերն ակտիվացնելու համար:

Նախընտրական փուլի արդյունքում ընտրված 36 մասնակիցները հնարավորություն են ստացել ներկա գտնվելու էկոզբոսաշրջության և ֆիլմ նկարահանելու հմտություների վերաբերյալ դասերին: Դրանց ընթացքում «Դոկտոր սինեմա» երիտասարդական ՀԿ-ի նախագահ Սեգ Կիրակոսյանը խոսել է ֆիլմ նկարահանելու հիմնական սկզբունքների մասին: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանն էլ մասնակիցներին ներկայացրել է էկոզբոսաշրջության հիմնական գաղափարը և սկզբունքները, Հայաստանում էկոզբոսաշրջության զարգացման նախադրյալները, ինչպես նաև ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների, վերջիներիս տարածքում գտնվող կենսաբազմազանության, ստեղծված էկոերթուղիների և տվյալ վայրերում զբոսաշրջության կազմակերպման օրենքների մասին տեղեկություններ:

Նախապես ընտրված աշխատանքային խմբերը բնության հատուկ պահպանությամբ տարածքներում հավաքագրել են տեղեկություններ էկոզբոսաշրջային ներուժի, կենսաբազմազանության, բնության և մշակութային հուշարձանների, շրջակա համայնքների վերաբերյալ: Ծրագրի մասնակիցներն այցերի ընթացքում հնարավորություն են ունեցել նաև գործնականում կիրառելու կինոստեղծման և կենսաբազմազանության դասընթացների ժամանակ ստացած տեսական գիտելիքները:

«Սոսու Պուրակ» արգելավայրում խումբը բացի մի քանի հարյուր տարեկան սոսիներից նկարահանել է Ներքին Հանդ գյուղի հին բնակատեղին, Քսաջրի եկեղեցին, բուսատեսակներ, կենդանատեսակներ, մշակութային այլ հուշարձաններ, բուժական աղբյուրը (ավանդությունների համաձայն), կեցության համար նախատեսված վայրերը:

«Արփի լիճ» ազգային պարկում աշխատանքային խմբին հաջողվել է տեսանկարահանել տասներեք տեսակի թռչուն, այդ թվում` Կարմիր գրքում գրանցված գանգրափետուր հավալուսն, սև արագիլ և այլն:

Հանքավանում նկարահանումներն ընդգրկել են Արզաքան-Մեղրաձորի և Հանքավանի ջրաբանական արգելավայրերը, Հանքավան և Արտավազ գյուղերը, Ծաղկունյաց լեռների շրջապատող այլ տեսարժան վայրեր:

Վայոց ձորի մարզի Գոմք, Մարտիրոս և Զառիթափ համայնքներում նկարահանումներն ընդգրկել են նորաստեղծ Զառիթափ-Գոմք-Մարտիրոս էկոսբոսաշրջային երթուղու տարածքը` վիմափոր խաչքարերով:

«Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագրի վերջին աշխատանքային այցի ուղղությունը Գնիշիկ պահպանվող լանդշաֆտն էր: Այստեղ խմբին հաջողվել է նկարահանել շուրջ երեսուն Բեզոարյան այծ` վայրի բնության մեջ:

«Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագիրն իրականացրել է «Դոկտոր սինեմա» երիտասարդական ՀԿ-ն` «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա», «Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում» ՀԿ-ների հետ համագործակցությամբ, ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում:

«Արփի լիճ» ազգային պարկի վերաբերյալ տեսանյութը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30