Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԲ. «Հայաստանի պետական պարտքը կառավարելի մակարդակում է»

Նոյեմբեր 13,2015 16:28

Հայաստանը հուսալի վարկառու է, պետական պարտքն էլ կառավարելի մակարդակում է. այսօր այս մասին ասաց Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մշտական առաքելության տնօրեն Դեյվիդ Դոուլը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ՀՀ-ի պետական պարտքը մոտ 2 տարուց կրիտիկական շեմին է հասնելու, սակայն անընդհատ շատ արագ տեմպերով պարտքի բեռն ավելացնում են, արդյոք սա մտահո՞գիչ չէ եւ Հայաստանը վստահե՞լի վարկառու է:

Դեյվիդ Դոուլը կարծիք հայտնեց, որ ոչ մի կասկած չկա, որ Հայաստանը հուսալի վարկառու է. «Բայց մենք բոլորս պետք է ուշադրություն դարձնենք պարտքի մակարդակի վրա, ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցության 50%-ն այն մակարդակն է, որը սկսում է հատուկ ուշադրություն պահանջել: Չափազանց կարեւոր է, թե դա ինչպես է փոփոխվելու ապագայում, եւ պետք է շատ զգույշ լինել, թե՝ ինչ նոր ծրագրերն են ավելանում պետական պարտքին»:

Դուոլն ասաց, որ ՀՀ պետական պարտքն այսօր այն միջակայքում չէ, երբ որ շատ լուրջ մտահոգության առարկա է. «Բայց մենք ցանկանում ենք ամեն ինչ անել, որ այն չհասնի մտահոգիչ միջակայքին»:

ԱԶԲ-ի ներկայացուցիչը վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունը շատ լավ ու պահպանողական աշխատանք է տանում պարտքը կառավարելու համար, ՀՀ կառավարությունը շատ պահպանողական է նաեւ, թե ինչ նոր ծրագրեր են ավելանում եւ այդ ծրագրերի հաջորդականության հարցում: Դոուլը վստահեցրեց, որ դա խթան է տնտեսության զարգացման համար, եւ ԱԶԲ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի ՀՀ պարտքը վտանգավոր ու մտահոգիչ սահմանին չհասնի:

Նկատենք, որ Ասիական զարգացման բանկը այս տարվա հոկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությանը տրամադրել է 1,4 միլիարդ դոլարի վարկ:

Լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչ կանխատեսումներ ունի 2016 թվականին Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ. Կառավարության ներկայացուցիչներն ասում են՝ հաջորդ տարի ավելի վատ է լինելու, եւ 2.2% աճ են նշում, Դոուլն ասաց, որ եկող տարի վատթարացում չի լինի, տնտեսական աճն իրենք էլ մոտ 2% են կանխատեսում. «Այս տարվա համեմատ հաջորդ տարի չենք ակնկալում, որ տնտեսության քայքայում կլինի: Այս տարի Հայաստանի տնտեսությունն ավելի լավ ցուցանիշներ է արձանագրել, քան կանխատեսում էինք: Օտարերկրյա ներդրումների ծավալների ու տրանսֆերտների նվազման պայմաններում այս տարի դրական է եղել գյուղատնտեսության ոլորտի կտրուկ աճը: Միգուցե պատճառը բախտն է եղել, որ բարենպաստ եղանակ է եղել, բայց մենք չենք ակնկալում, որ հաջորդ տարի ավելի վատ կլինի:

Դոուլը նշեց, որ անհնար է վարկային ծրագրերն արդյունավետ իրականացնել, եթե չկան հմուտ ու փորձառու մասնագետներ, իսկ Հայաստանն այսօր նման մասնագետների կարիք ունի:

Լրագրողների այն հարցին էլ՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման համար ԱԶԲ-ն վարկային միջոցներ է տրամադրել, ՀՀ կառավարությունը որքան տույժեր պիտի վճարի աշխատանքների ուշացման համար, Դոուլը որեւէ թիվ չնշեց, բայց նկատեց, որ նման խնդիր կա: Նրա կարծիքով. «Ամենամեծ մտահոգությունը ոչ թե տույժերի հարցն է, այլ այն օգուտների կորուստն է, որ մենք կարող էինք ունենալ այս ծրագրից: Պետք է ավարտել ծրագիրն ավելի շուտ, ուշացումները բացառել, որպեսզի օգուտները շատ լինեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30