Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավարտվել է քննիչի վերադասի կողմից քննությանը խոչընդոտելու գործով նախաքննությունը

Նոյեմբեր 13,2015 16:22

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալ Հայկ Ավագյանը, նույն բաժնում քննվող քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով  քրեադատավարական նորմերից չբխող գործողությունների կատարմամբ և ապօրինի ցուցումներ տալով, միջամտել է գործով նախաքննություն կատարող, իրեն  անմիջականորեն ենթակա քննիչի գործունեությանը՝ խոչընդոտելով քննությանը:

Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչի վարույթ ընդունված «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի բակում Արմեն և Արման Սարգսյանների կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության կատարման ժամանակ Հայկ Ավագյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, հիշյալ քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով՝ միջամտել է քննիչի գործունեությանը: Հ. Ավագյանը  հրահանգել է քննիչին  քրեական գործով ականատես վկա Ա. Դ.-ին հարցաքննելու համար վերջինիս  տվյալներով լրացնել վկայի հարցաքննության արձանագրության ձևաթուղթ, որից հետո նույն քննիչի անունից կազմված արձանագրության մեջ վկա Ա. Դ.-ին անձամբ թելադրել է Սարգսյան եղբայրների օգտին տեղեկություններ պարունակող, սակայն իրականությանը չհամապատասխանող ցուցմունք, որով զենքի գործադրմամբ կատարված խուլիգանությունը ներկայացվել է, իբր, մանր միջադեպ, չնչին վեճ:

Ցուցմունքի հիմնական մասն ավարտելուց հետո, Հ. Ավագյանը կանչել է քննիչին, ցուցում տվել նրան անձամբ գրի առնել հարցերը, ինչից հետո, վկա Ա. Դ.-ին կրկին թելադրել է Արման և Արմեն Սարգսյանների օգտին տեղեկություններ պարունակող պատասխաններ:

Պաշտոնեական դիրքն օգտագործելով գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործունեությանը միջամտելու համար Հայկ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հիշեցվում է, որ 2015 թվականի ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը հաղորդում էր տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ, որի ընթացքում ուղեւորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճվել էր, իսկ որոշման օրինականությունը ստուգվելուց հետո այն չի վերացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից: Հետագայում քրեական գործով կայացված որոշումը վերադաս դատախազի կողմից վերացվել էր և գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված հիշյալ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում Արմեն և Արման Սարգսյան եղբայրները «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի բակային հատվածում վիճաբանել են գիտական կենտրոնի բժիշկ Կարեն Մուրադյանի հետ: Ծագած վիճաբանության ընթացքում եղբայրները, տևական ժամանակ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը և հասարակության նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք` մի շարք կողմնակի քաղաքացիների ներկայությամբ բարձրաձայն հայհոյել են բժշկին, որը զուգորդվել է նրա նկատմամբ բռնություն գործադրելով:

Սարգսյան եղբայրները  ձեռքերով հարվածներ են հասցրել Կ. Մուրադյանին, իսկ Արման Սարգսյանն էլ, իր հերթին, իր մոտ եղած զենքով՝ գազային ատրճանակով, կրակել է բժշկի դեմքին` պատճառելով այրվածքների տեսքով մարմնական վնասվածքներ:

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Արմեն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Արման Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դեռևս 2015 թվականի օգոստոսի 26-ին հաղորդագրություն էր տարածել նաև այն մասին, որ ավարտվել է Արմեն և Արման Սարգսյան եղբայրների կողմից  խմբով, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին, ով գործը հաստատել է և ուղարկել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30