2016 թ պետական բյուջեի նախագծով մշակութային ծառայությունների համար հատկացված է 13 միլիարդ 627 միլիոն 379 հազար դրամ, ընդ որում ամենահամեստ գումարը՝ 473 միլիոն 459 հազար դրամ, գրված է
«Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում» տողի դիմաց: Նախորդ տարվա 473 միլիոն 133 հազար դրամի համեմատ ոլորտի համար նախատեսված գումարի աճը, փաստորեն գրոշաչափ է:
Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում այդ խղճուկ գումարին, արդյոք դա բավարա՞ր է հուշարձանների վերականգնման եւ պահպանության համար:
«Այսինքն, ինչի՞ համեմատ քիչ»,- հարցրեց պարոն Աբրոյանը: Պատասխանեցինք, որ մնացած ոլորտների համեմատությամբ դիտարկելու դեպքում նկատի ունենք:
Կարդացեք նաև
«Այո, իրապես քիչ են այդ գումարները, բայց երկրի քաղաքականությունը կամ գումարների չափերը որոշողը ես չեմ: Բոլոր երկրներում էլ դրա անհրաժեշտությունը կա, որ բավական մեծ գումարներ տրամադրվեն ոլորտին, բայց ամեն տեղ էլ չի բավարարում նույնիսկ մեծ գումարների տրամադրումը…Ավելին չեմ կարող ասել»,-հայտնեց Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ hetq.am-ի