Սահմանադրական փոփոխությունների թեմայով Մամուլի ազգային ակումբի կազմակերպած քննարկմանն այսօր ՀՀԿ-ական ներկայացուցիչն այդպես էլ չներկայացավ: Պայմանավորվածություն կար ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի մասնակցության վերաբերյալ:
ՀՅԴ ներկայացուցիչ, քննարկման ընթացքում «այո»-ի միակ կողմնակից Բագրատ Եսայանը նեղսրտեց, ասաց՝ հինգ համակարծիք մարդիկ «վրա են տվել» դեռ բողոքում էլ են, թե շատ եմ խոսում, հրաժարվեց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի հարցերը ոչ միայն լսելուց, այլեւ պատասխանելուց:
«Այսօր համատարած կեղծիքները մեծ ծավալով գնում են, Դաշնակցությունը չի տեսնում: Երեւի Դաշնակցությունը չգիտի՝ ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործվում են կամ էլ չգիտի, որ ամբողջ կրթական համակարգը՝ մանկապարտեզներից սկսած մինչեւ բուհեր օգտագործվում են: Նույնիսկ 2013-ի նախագահական ընտրություններին այս ծավալով վարչական ռեսուրս չի օգտագործվել, քան այս օրերին»,- դժգոհեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա դիմեց Բագրատ Եսայանին, ասաց՝ խորհրդարանական համակարգին ինքն էլ է կողմ, բայց. «Դուք էլ շատ լավ հասկանում եք, որ սա լինելու է միակուսակցական կառավարման համակարգ»:
Կարդացեք նաև
«Չէ»,- պատասխանեց Բագրատ Եսայանը:
«Վատ է, որ չեք պատկերացնում»,- հակադարձեց Արմեն Մարտիրոսյանը:
Նա նաեւ ներկաներին պատմեց, թե ինչպես է նախատեսված փոփոխություններից հետո ՀՀԿ-ն կոալիցիա կազմելու. «ՀՀԿ-ն ապա կոալիցիայի գործընկերներին ասելու է՝ ես հավաքելու եմ այսքան տոկոս, դու՝ այսքան, մի երրորդին էլ կբերենք, այսքան տոկոս կհավաքի: Դու կունենաս այս պաշտոնները, նա՝ այս պաշտոնները, մնացածը մերն է լինելու: Համաձա՞յն ես, կասեք՝ համաձայն եմ: Չեք ասի, կասի դե ուրեմն հանգիստ գնա քո համար ընտրություն արա»:
Պարոն Մարտիրոսյանը անդրադարձավ նաեւ այո-ի կողմնակիցների փաստարկներին, թե ընդդիմության լիազորություններն են մեծանալու, ընդդիմությունը կկարողանա ազդել իշխանության որոշումներին. «Ինչ ընդդիմության առավելություն կամ ով է ասել, որ ՀՀԿ-ն մեծամասնությունը չի վերցնելու ու կոալիցիա է լինելու: Երեւանի ավագանին ձեզ օրինակ»:
Արմեն Մարտիրոսյանի համար ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանի անձնական շահերն են հետապնդում. «Նա չգտավ գահաժառանգ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ