Արամ Կարապետյանի ղեկավարած «Նոր ժամանակներ» կուսակցությունը բոյկոտում է սահմանադրական փոփոխությունների գործընթացն ու հանրաքվեն:
Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ են նման պասիվ դիրքերից հանդես գալիս` չմիանալով ասենք «ոչ»-ի ճակատին, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Ամեն ինչ գրված, նկարված ու պատրաստ է: Կարծում եմ` միակ ձևը, որ գոնե լեգիտիմության խնդիրը հարցականի տակ չդրվի, քանի որ այս Սահմանադրությունը ՀՀ-ի համար հաստատ լավը չէ, բոյկոտն է, ինչպես արվեց 2005-ին: Հիշում եմ, որ այն ուրվականների հանրաքվե կոչվեց: Բոլորն էլ տեսան, որ մարդիկ չեն մտնում ընտրատեղամաս, բայց միլիոն ութ հարյուր հազար գրեցին»:
Արամ Կարապետյանը տեղեկացրեց, որ իրենց` դեկտեմբերի 12-ի համագումարում կհստակեցնեն իրենց անելիքները: Բայց մի բանում վստահ է, որ «ով գնաց թեկուզ «ոչ» ասաց, դա դառնալու է «այո»: Այս եզրահանգմանն է Արամ Կարապետյանը եկել դատելով վերջին զարգացումներից` նույնականացման քարտեր, Հովիկ Աբրահամյանի` շտաբի ղեկավար նշանակում և այլն:
Արամ Կարապետյանի համար զարմանալի է` «ի՞նչը վերահսկենք»: Նա երկու տարբերակ է քննարկում. «Կամ դուք «ոչ» եք ասում, վերահսկում եք գործընթաց, հետո ժողովրդին դուրս բերում փողոց և «ոչ»- դարձնում առարկայական գործողություն, կամ եթե դա չկա, դառնում է «разговор для бедных»: Եթե այսօր ժողովրդի այս ապատիան որևէ մեկը կվերածի գործողությունների, ապա Չե Գևարան գլուխը պատին է տվել: Այս էտապը արդեն պիտի համարել անցած, նկարելու են եւ գրելու: Այ դրանից հետո ի՞նչ է լինելու, Սերժ Սարգսյանը պիտի մտածի: Բոլորին թվում է, թե այս անցումից հետո ամեն ինչ դառնալու է այնպես, ինչպես իրենք են նախատեսել: Ֆիլատն էլ էր այդպես նախատեսել, հիմա բանտում նստած է»:
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանը` Սերժ Սարգսյանի համա՞ր էլ է նման ճակատագիր կանխատեսում, պարոն Կարապետյանն արձագանքեց. «Միայն Սերժ Սարգսյանին չեմ ասում, այլ միշտ եմ ասել` քայլ անելուց առաջ մի քիչ մտածել է պետք: Պիտի հասկանար, որ մինչև բարեփոխումների հասնելը միջազգային կացությունն է փոխվելու, ՀՀ-ում տնտեսական խնդիրներ են փոխվելու, հարյուրավոր հարցեր ծագելու»:
Մեր այն հարցին` իսկ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ ղեկավար լինելու և միևնույն ժամանակ իր խոստացածի համաձայն` վարչապետի պաշտոն չզբաղեցնե՞լն ինչպես է տեղի ունենալու, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ ՀՀ-ն դեռ Գերմանիա չէ, Անգելա Մերկել չէ, որ այնքան կոնսոլիդացիա ունենա իր կուսակցության ներսում, որ վարչապետ էլ չլինի, կուսակցության ղեկավար լինելով միայն` բոլորը լսելու են իրեն: Այ դեռ կտեսնենք` ՀՀԿ-ն քանի խմբակցությունների է բաժանվելու, էն վինետկան, որ նկարել են ձեռք սեղմելու` իրենց խայտառակ անելով, բա ինչի՞ համար են արել, նրա համար, որ անցնեն հաջորդ խորհրդարան: Հարց է առաջանում` այդքանին որ անցկացնեն, բա իրենցի՞ն ոնց են անցկացնելու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մարդը իրատես է ու ճիշտ է դատում, – ,,Այո,, ,,ոչ,, կամ ,,պոչ,, այլեւս դատարկաբանություն ու անիմաստ զբաղմունք են: Դրա պստլիկ նշանակությունը լինելու է այն որ դրսի երեսպաշտներին ցույց տրվի թե տեսեք քննարկում ու հանրաքվե արեցինք: Ժողովուրդն արդեն լրիվ զզված է ,,դեմոկրատական պայքար,, կոչվող անպտուղ հիմարությունից, ուրիշ բանի էլ ունակ չէ հիմա, բացի թքել հեռանալուց: Դրա համար Ճիշտ կլիներ ընդհանրապես հեռու մնալ էժան թատրոնից, ինչ ուզում են թող անեն իրենց գլխին: Իսկ որ հետո պալատական ,,թայֆաբազություն,, ու ,,պերեվարոտներ,, են լինելու – կարելի է չկասկածել: