Մինչեւ 2018 թվականը հայաստանյան բոլոր բուհերը պետք է հավատարմագրվեն: Այդ գործընթացն արդեն անցել է 16 բուհ, եւս 4-ը՝ Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը, «Մովսես Խորենացի» համալսարանը, ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը եւ Գյումրիի պետական մանկավարժական համալսարանը ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի մեջ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Նա տեղեկացրեց, որ հավատարմագրման գործընթացը կազմակերպվում է աշխարհում ընդունված չափանիշներով. «Բուհն իրականացնում է ինքնավերլուծություն եւ ցույց տալիս գործունեության արդյունավետությունը: Վերլուծության մեջ նշվում են, թե ինչպես է բուհը կառավարում կրթական ծրագրերը, մարդկային ռեսուրսները, լաբորատորիաները եւ այլն, եւ թե ինչպիսին է ուսանողների հետազոտական կարողությունների մակարդակը: Փորձագետներն էլ կարդում են ինքնավերլուծությունը, մասնակցում բուհի առօրյա կյանքին եւ հաստատում բուհի աշխատանքի բարելավումը: Համապատասխան հանձնաժողովն էլ որոշում է՝ ինչ պայմաններով հավատարմագրել»:
Ռուբեն Թոփչյանի խոսքով՝ հնարավոր է, որ հավատարմագրման ժամկետի ավարտից հետո էլ բուհը նույն խնդիրներն ունենա. «Հաջորդ հավատարմագրումը տեղի է ունենալու ժամկետի ավարտին, ուստի փորձագետները պետք է ուշադրություն դարձնեն՝ արդյոք լուծվել են նախորդ խնդիրները»:
Իսկ թե ինչ է լինելու մինչեւ 2018թ-ը չհավատարմագրված բուհերի ճակատագիրը, Ռուբեն Թոփչյանը դժվարացավ ասել, քանի որ կառավարությունն այդ խնդիրը դեռեւս չի քննարկել: Այնուամենայնիվ, բանախոսը նշեց, որ այլ երկրներում սահմանված ժամանակահատվածում չհավատարմագրված բուհերում ընդունելությունը դադարեցվում է: «Եղած ուսանողները շարունակում են ուսուցումը մինչեւ վերջ, բայց նոր ուսանողներ չեն ընդունվում»,-եզրափակեց Թոփչյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ