Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նոյեմբերի 12-ին Իջեւանի բժշկական կենտրոնում այցելեց Ադրբեջանից Հայաստան վերադարձած, Կոթի գյուղի բնակիչ Լուսիկ Աբովյանին: Մարզպետը հարցրեց նրա տարիքը: Լ. Աբովյանը հայտնեց, որ 75 տարեկան է, 76-ը դեռ չի լրացել: Ըստ անձնագրային տվյալների՝ Լ. Աբովյանը ծնվել է 1939թ. հուլիսի 8-ին: Մարզպետը Ադրբեջանից վերադարձած կնոջն ասաց՝ համարիր, որ նոր ես ծնվել: Իսկ Լ. Աբովյանը մտահոգված էր իր 77-ամյա ամուսնու տեսողությամբ:
Մարզպետ Հ. Աբովյանը կոթեցի կնոջից հետաքրքրվեց, թե նա ինչպես հայտնվեց Ադրբեջանում: Վերջինս ասաց, որ երկար քայլել է մինչեւ սահմանը հատելը, ինքն այնտեղ հանդիպել է 4 քույրերի, որոնք իր համար ճաշ են պատրաստել, տեսել է շատ զինվորականների: Լուսիկ Աբովյանն ասաց, որ ադրբեջանցիները իր հետ շփվել են մի կնոջ միջոցով, ով հայերեն է խոսել: Մարզպետը Լուսիկ Աբովյանին կես կատակ, կես լուրջ պատվիրեց . «Գործ չունես, էլ Ադրբեջան չգնաս»: Լ. Աբովյանի հարսը՝ Ղուշիկ Աբովյանը շնորհակալություն հայտնեց սկեսրոջ Հայաստան վերադարձին աջակցած Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, հայ զինվորականներին:
Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Գրիգորյանն ասաց, որ իրենք սպասում են Լ. Աբովյանի առողջական վիճակի վերաբերյալ կրկնակի լաբորատոր հետազոտության արդյունքներին: Նախնական տվյալներով, նրա առողջական վիճակը նորմալ է, Լ. Աբովյանը, հավանաբար, այսօր Իջեւանի ԲԿ-ից դուրս կգրվի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ