Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզերի աշխատող ուսանողներն անգլերեն կսովորեն (Տեսանյութ) 

Նոյեմբեր 13,2015 13:34

Հայաստանի մի շարք գյուղերում այսօրվանից ընդլայնված ծրագրով կշարունակվեն անգլերենի ուսուցման ծրագրերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին ծրագրերի նախաձեռնողներ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան եւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ներկայացուցիչները:

ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի պատասխանատու Ժակլին Դինեյն ասաց, որ դեսպանատունը մեր երկրում լայն ընդգրկում ունեցող ծրագրեր է ֆինանսավորում՝ նպատակադրվելով զարգացնել հատկապես անգլերենի իմացության մակարդակը. «Անգլերենի իմացությունը կենսականորեն անհրաժեշտ է տարբեր բնագավառներում՝ բիզնեսից մինչեւ կրթություն եւ գիտություն: Տպավորված եմ Հայաստանի երիտասարդների տաղանդով ու ունակություններով, որոնք, համոզված եմ, կդրսեւորվեն այս ծրագրերի ընթացքում եւս»:

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամն աշխատում է Հայաստանի հեռավոր մարզերում եւ մեծ կարեւորություն տալիս երիտասարդների ինքնազարգացման ծրագրերին:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը տեղեկացրեց, որ անգլերենի ուսուցման ծրագրերից մեկն «Աքսես»-ն է. «Արտադասարանական այդ ծրագրի ընթացքում անգլերենի ուսուցումը կազմակերպվում է այն գյուղերում, որտեղ աշխատում է հիմնադրամը: 13-16 տարեկան աշակերտները երկու տարում շաբաթը երկու անգամ սովորում են: Բարձր որակավորում ունեցող ուսուցիչները պարապում են երեխաների հետ ինտերակտիվ մեթոդով»:

Այս ծրագրի շահառուները կլինեն Արագածավան, Հացիկ, Թումանյան, Աքորի եւ Դեբետ գյուղերի երեխաները:

Երկրորդը «Անգլերենի մատչելիությունը հեռավոր շրջաններում՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» ծրագիրն է, որը համադրում է առցանց եւ ստացիոնար դասընթացները: Անուշ Եդիգարյանը տեղեկացրեց, որ մի շարք համայնքների 17-35 տարեկան մոտ 360 մասնակիցներ առցանց տարբերակով անգլերեն կսովորեն: Նրանք այն երիտասարդներն են, որոնք դպրոցն ավարտելուց հետո կրթությունը բուհում շարունակելուն զուգահեռ աշխատում են կամ չեն շարունակել ուսումը: «Մենք ուզում ենք, որպեսզի նրանք էլ լեզուն ճանաչեն եւ բարձր մտածողություն ունենան»,-ասաց Եդիգարյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30