Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Բաղրամյան 26-ի ամենազորեղ աթոռը տեղափոխվում է այլ հասցե»

Նոյեմբեր 13,2015 13:23

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը սահմանադրական փոփոխություններում մեծ ռիսկեր է տեսնում:

«Այն, ինչ այսօր խոստանում ու հայտարարում են, հետագայում մենք դրանք դժվար թե տեսնենք: Ամենակարեւոր խնդիրը սահմանադրական ցանկացած փոփոխության դեպքում մնում է իշխանության ճյուղերի տարանջատումն ու հակակշիռների ստեղծումը: Գործող սահմանադրության մեջ բացակայում է իշխանության ճյուղերի տարանջատումը, բայց ի՞նչ ունենք առաջարկվող նախագծում: Չեմ տեսնում իշխանության ճյուղերի տարանջատումը: Առաջարկվող տարբերակում Բաղրամյան 26-ի ամենազորեղ աթոռը տեղափոխվում է այլ հասցե»,- ասաց պարոն Սաֆարյանը:

Նա կրկնեց մտահոգությունը, որ առաջարկվող փոփոխություններով միակուսակցական համակարգ է ստեղծվում, առանց ընտրությունների իշխանության փոփոխության բացառմամբ. «Իշխանության մի կարեւոր ինստիտուտ վերանում է, սա նշանակում է, որ մենք չենք ուզում տեսած լինել, թե ինչն է բացակայելու նոր Սահմանադրությունում: Արդյունքում կունենանք ավելի ուժեղ խորհրդարան, բայց թուլացած նախագահական ինստիտուտ: Եթե Սահմանադրությունում իշխանության ճյուղերի տարանջատումը չկա, ապա մյուս բոլոր գլուխները, որքան էլ սիրուն գրված լինեն, միեւնույնն է՝ չեն աշխատելու»:

Պարոն Սաֆարյանը, ժողովրդավարության առումով հետընթաց է նկատում մարդու իրավունքների բաժնում՝ պետական լիազորությունների եւ պատասխանատվության բացակայություն:

«Կողմնակից եմ խորհրդարանական համակարգին, բայց չեմ կարող համարել, որ այն, ինչ առաջակվում է՝ այն կառավարման համակարգն է, որը ես եմ պատկերացնում: Երկու ասպեկտ, որի պատճառով իմ «ոչ»-ն է ձեւակերպվում՝ իշխանության ճյուղերի տարանջատման եւ անկախ դատական համակարգ ունենալու հեռանկարի բացակայությունը»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ ասաց, եթե «այո» քարոզողներն իրեն երաշխավորեն, որ «Մարտի 1-ի» հանցագործությունն առաջարկվող փոփոխություններով կբացահայտվի ու մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, ինքը կողմ կքվեարկի այդ փոփոխություններին:

«Առաջարկվող փոփոխություններում ավելի անորոշություն կա, քան պատասխաններ: Իսկ վատ որոշակիությունն ավելի գերադասելի է, քան անորոշությունը, որի հետեւանքները կախված են սուբյեկտիվ գործոններից… սա իրավական պետության որոշակիության կոպիտ խախտում է: Առաջարկվում են խաղի անորոշ կանոններ: Մենք արդեն լուրջ խնդիրներ ունենք գործող սահմանադրության մեջ, բայց այն, ինչ առաջարկվում է՝ մեր մտահոգությունները չի լուծում, այլ մտահոգությունների նոր փաթեթ են առաջարկում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30