Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Եսայան. «Վերջին 20 տարում, հենց այս սահմանադրությամբ է զրոյի հավասարեցվել կուսակցությունների դիրքորոշումը»

Նոյեմբեր 13,2015 13:04

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանն այսօր «Սահմանադրական փոփոխությունները եւ Հայաստանի քաղաքական ապագան» թեմայով Մամուլի ազգային ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ բացատրեց, թե ինչու դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին պետք է քվեարկել այո:

Նա նախ ասաց, որ իրենց կուսակցության մոտեցումը նոր չէ. «1988թ. մեր ծրագրում արձանագրվում էր, որ ժողովրդավարական Հայաստանին խորհրդարանական կառավարման համակարգ է պետք: Երբ մեղադրանքներ են հնչում, որ ՀՅԴ-ն «այո» է ասում՝ հետեւելով ինչ-որ այլ քաղաքական ուժի, ես կասեմ, որ բոլոր քաղաքական ուժերը փոխել են իրենց մոտեցումները ՀՀ-ում կառավարման համակարգի գործունեության հարցում, բացի ՀՅԴ-ից»:

Ինչո՞ւ «այո», որովհետեւ, ըստ պարոն Եսայանի, այսօր գործող սահմանադրության պատճառով ունենք այն համակարգը, որը երկրին հասցրել է ծանր վիճակի. «Միակուսակցական համակարգն արդեն առկա է ՀՀ-ում՝ հենց սահմանադրության դրույթների հիման վրա: Ասում են՝ միակուսակցական համակարգ ենք ունենալու, բայց վերջին 20 տարում, հենց այս սահմանադրությամբ է, որ զրոյի է հավասարեցվել կուսակցությունների դիրքորոշումը, գաղափարական մոտեցումը: Խորհրդարան մտած կուսակցությունները լիազորություններ չունեն ազդել իշխանության որոշումների վրա: Իսկ ընտրողները կարող են հարց տալ՝ ինչու ենք ձայն տալիս այս կամ այն կուսակցությանը, միեւնույնն է՝ ոչինչ չեն անում»:

Նա նկատեց, որ վերջին 20 տարում երեք նախագահներից որեւէ մեկի կողմից հաշվետվություն ԱԺ-ին կամ ժողովրդին չի տեսել, ոչ ոք հաշվետու չի եղել իր նախընտրական ծրագրային դրույթների կատարման մասին. «Գործող Սահմանադրությունը սա թույլ չի տալիս: Հիմա «Ոչ» ասողները, երբ ոչ են քարոզում, պետք է բացատրեն՝ ինչ գնահատելի մեխանիզմներ են տեսնում հակակշռող գործող Սահմանադրությանը: Առաջարկվող սահմանադրությամբ դատական իշխանությունը կախման մեջ է գործադիր իշխանությունից, իսկ առաջարկվող նախագծով անկախանում է: Ինչ վերաբերում է կայուն մեծամասնությանը, սա մի բան է նշանակում՝ ընտրական համակարգը պետք է ստեղծի այնպիսի մեխանիզմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորվի կառավարություն, եթե խորհրդարանում չի ձեւավորվում մեծամասնություն, նշանակում է երկիրը տանել ռիսկերի, ցնցումների: Քննադատներին, թե առաջին փուլից հետո իշխանությունը կհամախմբվի ու երկրորդ փուլում ճնշումների արդյունքում կստանա իշխանություն, ես խորհուրդ եմ տալիս նայել Թուրքիայի օրինակը…Փոքրամասնության կառավարությունը բազմաթիվ ցնցումներ բերեց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30