Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ-ն կես ժամում քննարկեց եւ ընդունեց կառավարության 4 օրենք, 8 միջազգային պայմանագիր

Նոյեմբեր 13,2015 12:53

Այսօր ԱԺ-ում կառավարության հրավիրած արտահերթ նիստը շարունակվում էր: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը 30 րոպեի ընթացքում մի քանի անգամ զգուշացրեց պատգամավորներին, որ չհեռանան՝ ասելով, որ պետք է կարողանան անցկացնել քվեարկությունները:

Քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է 3 մարզերում համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրն իրականացնել:

Լեւոն  Զուրաբյանը հայտարարեց, որ այս նախագիծը ԱԺ են բերել Սահմանադրության խախտմամբ, քանի որ օրինագծին կցված չեն հանրաքվեի արդյունքները: Նա կոչ արեց բոլոր պատգամավորներին քվեարկելուց առաջ ուշադիր լինել այդ արդյունքների նկատմամբ. «Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ համայնքները դեմ են քվեարկել այս խոշորացմանը, կոչ եմ անում հարգել համայնքների, ժողովրդի կամքը»:

Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց, որ այդ արդյունքները բերել են Լեւոն Զուրաբյանի խնդրանքով, կարող էին եւ չբերել. «Մի քանի անգամ կարդացին նաեւ կարգը: Այսինքն, խնդիրը ոչ թե վերաբերվում էր քվեարկության արդյունքներին, այլ հիմնական նախագծին»:

Այդ նախագիծը դրվեց քվեարկության եւ 70 կողմ, դեմ 14, ձեռնպահ 19 ձայներով ընդունվեց:

Այսպես` իրար հետեւից ԱԺ-ն ընդունեց մի շարք միջազգային պայմանագրեր, այդ թվում՝ Չինաստանից արտոնյալ վարկի համաձայնագիրը վավերացնելու հարցը, վավերացրեց Եվրասիական զարգացման բանկի հետ վարկային համաձայնագիրը, որի միջոցները պետք է ուղղվեն Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցմանը:

Քվեարկությունից անմիջապես հետո կառավարության հրավիրած հաջորդ արտահերթ նիստի օրակարգին անցան: Կառավարությունն ԱԺ-ում նախագիծ էր ներկայացրել եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենսդրական փաթեթն առաջարկում էր ընդունել 24 ժամվա ընթացքում:

Կառավարության այդ առաջարկին դեմ էին ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, բայց որոշումն ընդունվեց:

Քննարկվեց կառավարության կողմից ներկայացված առեւտրի եւ ծառայություների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցող կառավարության աշխատակազմի օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Արմեն Եղիազարյանն ասաց, որ հացի քաշի մակնշումը չլինելու համար վարչական պատասխանատվությունից ազատելու կարգավորումը առաջարկում ենք չկիրառել. «Քաշը ցույց չտալու համար կլինի վարչական պատասխանատվություն, ինչ վերաբերում է  այն հարցերին, որ մենք առաջարկել էինք բարմենի եւ մատուցողի որակավորման համար պահանջվող փաստաթղթերը վերացնել»:

Այդ որակավորման չափանիշները որոշեցին կիրառել միայն խոհարարի եւ հրուշակագործի համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30