Մոտ 10 տարի առաջ, բյուջե 2006-ը հաստատելիս, ֆինանսների եւ էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար, ներկայումս ՀՀ նախագահի խորհրդական Վարդան Խաչատրյանի առաջարկով, մեծ լավություն արվեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին` օրական նրանց մեքենաների համար տրվող բենզինի քանակը 4 լիտրից դարձնելով 10 լիտր: Հիմնավորում այդպես էլ չեղավ ոչ այն ժամանակ, ոչ էլ դրան հաջորդող տարիներին, թե ինչպե՞ս կարող էր չբավարարել 4 լիտր բենզինը հիմնականում մայրաքաղաքում շրջող ծառայողական մեքենաների համար:
Գուցե այն ժամանակ Հայաստանի տնտեսության երկնիշ աճը թույլ էր տալիս նման ճոխություն, բայց 2008-2009-ին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ հետեւանքով տնտեսական անկում ունեցանք, իսկ հիմա էլ դարձյալ աշխարհում ստեղծված կացության պատճառով տնտեսական լուրջ դժվարություններ ունենք:
Ուստի, ակնհայտ է օրական ծառայողական մեքենաներին տրվող բենզինի քանակի վերանայման անհրաժեշտությունը: Հեռու մնալով պոպուլիստական մոտեցումներից, դիտարկենք, թե 1 օրվա համար 10 լիտր բենզինով ի՞նչ ճանապարհ կարելի է անցնել եւ արդյո՞ք այդքան ճանապարհ անցնելու անհրաժեշտությունը կա:
1 լիտր բենզինը բավարար է նվազագույնը 10 կմ անցնելու համար: Կան նախարարություններ, օրինակՙ գյուղնախարարությունը կամ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը, որոնց կապը մարզերի հետ ավելի մեծ է եւ նրանց ծառայողական մեքենաների համար գուցե ավելի շատ վառելիք է անհրաժեշտ:
Կարդացեք նաև
Սակայն ճնշող մեծամասնությամբ պետական պաշտոնյաների մեքենաները օրական 100 կմ (գրեթե այնքան, ինչքան Երեւանից Դիլիջան ճանապարհը) կամ ամսական 2000 կմ (20 աշխատանքային օր) ճանապարհ անցնելու կարիքը չունեն: Ծայրահեղ դեպքում, մարզային այցելությունների համար կարող է նախատեսվել լրացուցիչ վառելիքի տրամադրում:
Մյուս կողմից` անհասկանալի է, թե ինչո՞ւ ծառայողական մեքենաները չեն անցնում ավելի խնայողական վառելիքի` գազով աշխատելուն: Հայաստանում գազով աշխատող մեքենաների թիվն այժմ գերակշռում է բենզինով աշխատողների թվին: Ի՞նչն է խանգարում, որ պետական համակարգն էլ անցնի առավել խնայողական վառելիքի:
Եթե օրական 1 ծառայողական մեքենային տրվող բենզինը կրկնակի նվազեցվի, հաշվի առնելով մեր երկրի ներկայիս տնտեսական դժվարությունները, հանրության գոնե առողջ հատվածի կողմից դա դրական կգնահատվի:
Միաժամանակ, նաեւ գործնական նշանակություն կունենա: Այսպես` 2006-ի ցուցանիշներով, ծառայողական մեքենաներին տրվող բենզինի չափաբաժնի ավելացումը մոտ 1 մլն դոլար էր արժեցել պետբյուջեի համար: Ներկայիս մոտավոր հաշվարկներով, նկատի ունենալով գնային եւ փոխարժեքային փոփոխություններն անցած 10 տարում, բենզինի օրական բաժնի կրկնակի նվազեցումը դարձյալ մոտ 1-2 մլն դոլար խնայողություն կտա:
Եթե նկատի ունենանք, որ պետական բյուջեի եկամուտները մոտ 2,5 մլրդ դոլար են կազմում, ապա գուցե 1-2 մլն դոլարը մեծ գումար չի: Սակայն այդ գումարով կոնկրետ սոցիալական ծրագիր կարելի է իրականացնել: Ասենք, երկու տասնամյակից ավելի 18 քմ տարածք ունեցող սենյակում ապրող Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցների համար 50 բնակարանոց մեկ շենք կարող է կառուցել կամ 3-րդ կարգի վթարային 7-8 շենքեր ամրացնել եւ այդտեղ ապրող հարյուրավոր մարդկանց ազատել ամենօրյա սարսափից:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում