Սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «ոչ»-ի ճակատները միեւնույն օրը միեւնույն տեղում հավաք անցկացնելու մասին առանձին իրազեկումներ են ներկայացրել Երեւանի քաղաքապետարան, որոնք ի գիտություն են ընդունվել։
Իրազեկման դիմում ներկայացրած ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը մեկնաբանելով ստեղծված վիճակը, նշեց, որ «ամեն մեկը իր համար իրազեկում է ներկայացրել»։ «Մենք զուգահեռաբար տարել ու իրազեկման հայտեր ենք ներկայացրել իրենցից անկախ»,- ասաց Աբրահամյանը։
Հարցին, թե երկու իրազեկումներ ներկայացնելը չի՞ նշանակում արդյոք, որ երկու «ոչ»-երը առանձին են գործում, ՀԱԿ ներկայացուցիչը պատասխանեց. «Բացարձակապես, ինչո՞ւ պիտի այդպես դիտարկվի։ Իրազեկումներ ներկայացնելը տեխնիկական խնդիր է ու համաձայնեցնելու, փոխհամաձայնեցնելու ի՞նչ անհրաժեշտություն կա։ Նման բաներ պատմության մեջ շատ են եղել»։
Աբրահամյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարիք կար Ազատության հրապարակում հավաքի իրազեկում ներկայացնել, եթե նման քայլ արդեն արել էր «Նոր Հայաստանն», ու քաղաքապետարանը այն ի գիտություն էր ընդունվել։ Բացատրելով՝ Աբրահամյանը նշեց. «Գիտե՞ք, դա մի օրվա իրազեկման խնդիր չէ։ Մենք շարքի համար ենք իրազեկում ներկայացրել՝ դեկտեմբերի 2-ին, 3-ին, 4-ին եւ այլն ու կորոշենք, թե այդ օրերից որն ենք օգտագործում»։
Խոսելով դեկտեմբերի 1-ին «Նոր Հայաստանի» հետ միասնական հավաք անցկացնելու հնարավորության մասին, ՀԱԿ գործադիր քարտուղարը նշեց, որ դեռ նման որոշում չունեն, սակայն ներկայումս հանդիպում են «Նոր Հայաստանի» ներկայացուցիչների հետ, քննարկում միասնական անելիքների հարցը։
Ընդդիմության միասնական շտաբի տեղակալ Մխիթար Ավետիսյանը նշեց, որ տեղյակ չէ ՀԱԿ-ի իրազեկումներից։ Անդրադառնալով դեկտեմբերի 1-ին համատեղ գործողություններ անցկացնելու հարցին՝ Ավետիսյանը նշեց. «Մենք մեր գործողությունների մասին հայտարարել ենք, եթե իրենք մասնակցելու են, խնդիր չկա, միասին կանենք»:
Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում