Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենախոսական» մշակույթի դրսեւորումները

Նոյեմբեր 13,2015 10:06

Ուզում եմ սկզբում պարզաբանել, թե ինչ է նշանակում «ռեալիթի շոու»: Քաղաքական գործիչներից ոմանք թյուրիմացաբար կարծում են, թե դա միայն «Ավագ եղբայր» կամ «Տուն-2» տիպի հաղորդում է, երբ տեսախցիկները օրուգիշեր հետեւում են «շարքային մարդկանց» կյանքին: Հաղորդման մասնակից կամավորները որոշակի գումարի դիմաց համաձայնում են շաբաթներ շարունակ ապրել «ակվարիումի» մեջ եւ ի ցույց դնել իրենց հարաբերություններն ու կրքերը: Անկեղծ ասած, նման հաղորդումներն իմ ճաշակով չեն` նախեւառաջ այն պատճառով, որ մասնակիցները բոլոր դեպքերում անկեղծ չեն: Մարդը սովորաբար նույնիսկ ինքն իր հետ մեն-մենակ անկեղծ չէ, էլ ուր մնաց` տեսախցիկի առջեւ: Բայց այդ՝ «Ալֆրեդի սենյակի» ֆորմատը վերոհիշյալ ժանրի տարատեսակներից միայն մեկն է:

«Ռեալիթի շոու»-ի պարտադիր պայմաններն են՝ նախօրոք պատրաստված սցենարի բացակայությունը, սովորական, ոչ պատրաստված մարդկանց մասնակցությունը, «իրական կյանքին» առավելագույնս մոտեցող պայմանները: Դրանք կարող են լինել «գոյատեւման» շոուներ՝ «Վերջին հերոսը» կամ ամերիկյան վարկածով՝ «Survivor», «վերանորոգման» շոուներ, երբ, ասենք, գալիս են մեկի բնակարանն ու անճանաչելիորեն փոխում այն («Բնակարանային հարց»), «ուսուցողական», երբ «փողոցից եկած» մարդիկ ինչ-որ բան են սովորում (այդպիսին է, օրինակ, բրիտանական «X-ֆակտոր» նախագիծը, որն ունի բազմաթիվ ազգային վարկածներ, այդ թվում՝ հայկական): Եվ այլն: Մի խոսքով՝ պարտադիր չէ, որ դա լինի «Տուն-2»-ի նման հիմարություն:

Քաղաքական «ռեալիթի շոուների» մասին ես, խոստովանեմ, չեմ լսել: Դա, իմ պատկերացմամբ, զվարճալի ժանր է: Բայց գուցե մենք այս հարցում առաջի՞նը լինենք: Չգիտեմ՝ ինչ կստացվի ընկերներիս մոտ, որոնք ձեռնարկել են «Այո-Ոչ» ռեալիթի շոուն: Անկեղծորեն ցանկանում եմ, որ ամեն ինչ լավ ստացվի: Կամ գուցե դա լինի ոչ «ռեալիթի շոու», բայց դարձյալ շատ հետաքրքիր եւ դիտարժան հաղորդաշար: Բոլոր դեպքերում կարծում եմ, որ մենք՝ լրագրողներս, հեռուստատեսային աշխատողներս, իրար նկատմամբ բարյացակամ լինենք:

Բայց եկեք խնդրին նայենք քաղաքական գործիչների աչքերով: Եթե նրանք հրաժարվում են մասնակցել նման նախագծերի, ապա դա կարող է խոսել պրագմատիզմի պակասի մասին: Քարոզչության շրջանում ցանկացած քաղաքական ուժ պետք է ձգտի առավելագույնս օգտագործել անվճար ուղիղ եթերի հնարավորությունը՝ չխորանալով ժանրային առանձնահատկությունների եւ կազմակերպիչների մոտիվացիաների մեջ:
Իսկ ընդհանուր պատճառն այն է, որ մեր քաղաքական մշակույթը «մենախոսական» է: Մարդիկ գերադասում են մենախոսություններ արտասանել խորհրդարանական ամբիոններից, լրագրողական ակումբներում, կուսակցական ժողովներում եւ հարցազրույցների տեսքով: Թե ինչ պատճառաբանություն են նրանք բերում՝ բանավեճերից խուսափելու համար (օրինակ՝ «բերեք իմ կալիբրի մարդիկ»)՝ դա այնքան էլ էական չէ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30