Ըստ «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանի` հետեւություններ անելու փոխարեն նույն` ադրբեջանական «խավիարային դիվանագիտության» մասին երգն են երգում:
– Պարոն Գրիգորյան, ռուսաստանցի պաշտոնյաների կողմից ԱՊՀ սահմաններն ամրացնելու մասին հայտարարություններ են հնչում: Ռուսաստանն ուղղակի մասնակցում է սիրիական հակամարտությանը, ռուսական օդուժը հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին: Սա որքանո՞վ է նոր մարտահրավեր Ռուսաստանի, ԱՊՀ-ի համար առհասարակ: Եվ տարածաշրջանային առումով Հայաստանի համար վտանգներ կա՞ն:
– Հարցն ընդարձակ է, եւ որոշակի տարանջատման անհրաժեշտություն կա: Նախեւառաջ, ԱՊՀ-ի սահմանների մասին. Ռուսաստանը մշտապես, դեռեւս 90-ականներից սկսած, ձգտել է իրականացնել, այսպես կոչված, «ԱՊՀ-ի արտաքին սահմանների», այսինքն` նախկին ԽՍՀՄ-ի պետական սահմանի վերահսկողությունը, չնայած այն ժամանակ դա դեռ «ռուսական աշխարհ» չէր կոչվում: Հայաստանն այն երկրներից մեկն էր, որը դա թույլ տվեց, ինչի արդյունքում մինչ այժմ Իրանի եւ Թուրքիայի հետ սահմանը, ինչպես նաեւ «Զվարթնոց» օդանավակայանը վերահսկվում է ռուսների կողմից: Դրա հետեւանքները հայտնի են. դրանք, բացի Հայաստանի ինքնիշխանության բացահայտ սահմանափակումից, ներառում են նաեւ ռուսական հատուկ ծառայությունների կողմից սադրանքները, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների նկատմամբ, օդանավակայանում Հայաստանի քաղաքացիների եւ այլ անձանց նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը եւ այլն: Իսկ այժմ ԱՊՀ-ի «սահմաններն ամրացնելու» նպատակը մի շարք ավտորիտար երկրների տարածքում «ռուսական աշխարհի» ներկայությունը գոնե խորհրդանշական առումով կրկին ընդգծելն է:
Սիրիական հակամարտությանը Ռուսաստանի մասնակցությունն արդեն իսկ մարտահրավեր է դարձել հենց Ռուսաստանի համար, ընդ որում՝ սա կարող է անգամ կարճաժամկետ առումով ավելի վատ հետեւանքներ ունենալ, քան Աֆղանստան ներխուժումը ԽՍՀՄ-ի համար, քանի որ ԽՍՀՄ-ն իր տարածքում ահաբեկչական գործողությունների իրականացում թույլ չտալու հնարավորություն ուներ: ԱՊՀ-ի ու անգամ ՀԱՊԿ-ի անդամների համար սա դեռեւս վտանգ չի ներկայացնում` գոնե այն երկրների համար, որոնք ընդունակ են թույլ չտալու, որ Ռուսաստանն իրենց էլ ներքաշի իր արկածախնդրությունների մեջ:
Կարդացեք նաև
Այդ առումով Հայաստանը պետք է զգույշ լինի, քանի որ Ռուսաստանին հավատարմություն ցուցաբերելու բազմաթիվ դրվագները չէին կարող չհանգեցնել այլոց կողմից եւս Ռուսաստանի վասալը համարվելուն, ինչի հետեւանքներից էր, օրինակ, թուրքական ուղղաթիռների կողմից սահմանի խախտումը` ռուսական օդուժի կողմից Թուրքիայի սահմանը խախտելուն ի պատասխան:
– Օրեր առաջ հայ-վրացական բանակցություններ տեղի ունեցան Թբիլիսիում, Սերժ Սարգսյանը հանդիպեց Վրաստանի իշխանությունների հետ: Ավելի վաղ Հայաստան էր ժամանել Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին: Օրերս Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով մեկնեց Թբիլիսի եւ այնտեղ հայտարարեց, որ իր երկիրն «ունի» բավականաչափ գազ, որպեսզի Եվրոպային գազ մատակարարի նաեւ 100 տարի անց: Իրանը նույնպես հայտարարում է, որ պատրաստ է Եվրոպայում գազ վաճառել, նույնիսկ եթե դա ոչ շահավետ է։ Իրանական գազը դեպի Եվրոպա տարանցելու երկու ուղի կա` թուրքական եւ հայ-վրացական: Տարածաշրջանային «գազային» այս հետաքրքրությունների դաշտում Հայաստանն ունի՞ ռեսուրս մասնակցելու ՀՀ-ի համար շահավետ նախաձեռնությունների:
– Նախկինում էլ այս խնդրին անդրադառնալու առիթ է եղել. կարող եմ ուղղակի կրկնել, որ Իրան-ԵՄ համագործակցության դեմն առնելու հնարավորությունից զուրկ Ռուսաստանն, այնուամենայնիվ, կարող է նորից ստիպել իր հայաստանյան կամակատարներին, որպեսզի գազի տարանցման որեւէ ծրագրի չմասնակցեն: Բացի այդ, եթե այս անգամ ձեւականորեն չխոչընդոտեն էլ, այլեւս չի ստացվի խաբել Իրանին կամ ԵՄ-ին, այսինքն` կառուցել նոր գազատար, իսկ հետագայում այն եւս հանձնել Ռուսաստանի տնօրինությանը: Վստահելի գործընկերոջ համբավ չունեցող Հայաստանի կառավարությունը չի կարող երաշխավորել, որ հետագայում հերթական «գույք պարտքի դիմաց» գործարքը չի կնքի:
– Պարոն Գրիգորյան, ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովը հավանության արժանացրեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ վիճահարույց զեկույցի նախագիծը: Ինչի՞ արդյունք է սա, երբ Ադրբեջանի նկատմամբ Արեւմուտքի զգալի կոշտ դիրքորոշման պայմաններում, այնուամենայնիվ, նման նախագծեր են անցնում: Ո՞րն էր Հայաստանի դիվանագիտության անելիքը, կարո՞ղ էինք խուսափել նման նախագծի ընդունումից:
– Երբ ավելի քան մեկ տարի առաջ Հ. Նաղդալյանը ԵԽԽՎ-ում խայտառակ ելույթ էր ունեցել, որը նույնպես ոչ բարենպաստ հետեւանքներ ունեցավ, դա արդեն իսկ պետք է ահազանգ դարձած լիներ: Սակայն ոչ պատվիրակության կազմի առումով, ոչ էլ աշխատաոճի առումով որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել. կատարվող աշխատանքի որակն է՛լ ավելի է վատթարացել, ինչի բազմաթիվ վկայություններից է նաեւ ԱԳՆ-ի լռությունը ադրբեջանական զինված ոտնձգությունների վերաբերյալ: Հետեւություններ անելու փոխարեն՝ թե այն ժամանակ, թե ներկայումս խաբեբաները կամ անմեղսունակները նույն երգն են երգում` ադրբեջանական «խավիարային դիվանագիտության» մասին: Կարելի է պնդել, սակայն, որ հաշվի առնելով քաղաքական ֆոնը, այդ թվում` Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելը, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանի առաջարկը` ադրբեջանցի որոշ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին` քաղբանտարկյալների հետ կապված իրավիճակի պատճառով, մարդու իրավունքների ոլորտում Եվրախորհրդի հետ համագործակցության դադարեցումը եւ այլն, նման զեկույցի ընդունումը հնարավոր էր միայն հայկական դիվանագիտության բացարձակ մասնագիտական ոչ պիտանելիության կամ երրորդ կողմի շահերն առաջնային համարելով՝ պայմանավորված անգործության հետեւանքով:
– ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորեց Եվրահանձնաժողովին Հայաստանի հետ բանակցություններ սկսել նոր շրջանակային համաձայնագրի շուրջ: Սպասվում է, որ բանակցությունները կմեկնարկեն մինչեւ տարեվերջ: Եվրահանձնաժողովի արտաքին ծառայության ՌԴ-ի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ-ի բաժնի ղեկավար Գունար Վիգանդը Երեւանում օրերս մասնակցելով Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական նիստին` նշեց, թե չի կարծում, որ Ռուսաստանը կմիջամտի Հայաստան-ԵՄ բանակցություններին: Պարոն Գրիգորյան, որքանո՞վ կարող է զարգացում ապահովել ՀՀ քաղաքացիներին այս նոր հնարավորությունը:
– Գ. Վիգանդի հայտարարությունից պարզ երեւում է, որ ԵՄ-ում լավ հասկանում են հայ-ռուսական հարաբերությունների իրական` վասալային բնույթը եւ այն, որ հայ քաղաքական վերնախավի թողտվությամբ որոշումների կայացման իրավունքը վերապահվել է Կրեմլին: Դա երեւում էր նաեւ մեկ այլ պաշտոնյայի` ԵՄ պատվիրակության ղեկավար, Եվրահանձնաժողովի Առեւտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուկ Պիեր Դեւինյեի խոսքից, երբ ասել է՝ «այս անգամ մի վախեցեք եւ ստորագրեք բանակցված համաձայնագիրը»: Կասկած չի հարուցում, որ ԵՄ-ում լավ են հասկանում հայ քաղաքական վերնախավի բնույթը` ռուսամետության իրական, ոչ թե «անվտանգության» հետ կապված պատճառներով հանդերձ: Սակայն մյուս կողմից՝ ԵՄ-ն այնքան էլ հետեւողական չէ. Արեւելյան գործընկերության հայտարարված բանաձեւն է «ավելին` ավելիի դիմաց», բայց հայաստանյան պաշտոնյաները կարողանում են իրենց անձնական խնդիրները լուծել մեկ այլ` «ամեն ինչ` ոչնչի դիմաց» բանաձեւով:
Այսպիսով, առայժմ պարզ չէ, թե քաղաքացիներն ինչ կստանան, հավանական է, որ ոչինչ կամ էլ որոշակի փոքր առավելություններ` ինչպես վիզաների տրամադրման կարգի պարզեցման դեպքում:
– Օրերս Երեւան էր ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը քննադատեց ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի՝ օրերս ընդունած զեկույցը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ հայտարարելով, թե Մինսկի խմբում համանախագահող երկրները դեմ են, որ ղարաբաղյան հարցը տեղափոխվի այլ հարթակներ: Մի կողմից՝ սա ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելու տեսանկյունից դրական հայտարարություն է, բայց ՌԴ-ն որքանո՞վ է նպաստում ԼՂ կարգավորմանը:
– Որպես համանախագահող երկիր` Ռուսաստանը պաշտոնապես մնում է Մինսկի խմբի շրջանակում կարգավորման կողմնակից: Սակայն ռուս վերլուծաբաններն ընդունում են այն, ինչը պաշտոնապես չի հայտարարվում. կարգավորումն արագորեն կհանգեցնի Ռուսաստանի Հարավային Կովկասից հեռանալուն: Նկատելի է, որ Ռուսաստանը երկակի, եթե ոչ՝ եռակի դերակատարում ունի. միջնորդ լինելով՝ այն նաեւ տարածաշրջանը համարում է «ռուսական աշխարհի» ժամանակավորապես անջատված մաս ու նաեւ զենքի հիմնական մատակարարն է թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար (եւ Ադրբեջանի հետ այդ ոլորտում համագործակցությունը շարունակելով` նաեւ իրավիճակի վերջին սրացման եւ հնարավոր հետագա հետեւանքների ուղղակի պատասխանատուն): Ռուսաստանը շարունակելու է հակամարտությունը շահագործել` իր շահերից ելնելով:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.11..2015
«Ջեյմսթաուն» հիմնադրամի վարչութեան անդամ է Մեթյու Պրայզա,
ԱՄՆ-ի պաշտօնական գործակալ,
որու կինը՝ թուրք է:
Մեթյու Պրայզա մի քանի տարի առաջ ջանաց դառնալ ԱՄՆ-ի դեսպան Ազրպէյճանի մօտ,
պահ մը յաջողեցաւ տիրացալ այդ պաշտօնին,
սակայն շուտով անկէ դուրս շպրտուեցաւ, Սփիւռքահայ կազմակերպութիւնների աշխատանքի շնորհիւ:
Անկէ ետք ան միացաւ «Ջեյմսթաուն» հիմնադրամին,
որու խօսնակի փայլուն կարծիքներն են հրատարակվում վերեւի յօդուածում:
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
https://www.shoushisummercamp.org/