Լրահոս
Օրվա լրահոսը

5-10 միլիոն դոլար` սահմանադրական բարեփոխումներն իրականություն դարձնելու համար

Նոյեմբեր 13,2015 15:00

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի համար Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին հայտարարությունները ծիծաղելի են, իսկ ԵԽԽՎ-ի կաշառվածության մասին հայտարարությունները` զավեշտալի:

«Շատ հաճախ քաղաքական ուժերը փորձում են ներքին տկարությունը, ուժերի պակասը կապել դրսի ուժերի հետ: Կարծում եմ՝ որոշ դեպքերում նույնիսկ վտանգավոր են նման մոտեցումները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը` արձագանքելով դիտարկմանը, որ վերջին շրջանում մեզանում մոդայիկ է դարձել մեղադրանքներ հնչեցնել եվրոպացի չինովնիկների հասցեին, որ մեր փոխարեն մեր խնդիրները չեն լուծում: Ամենաթարմ օրինակներն են ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանի հնչեցրած մեղադրանքները Վենետիկի հանձնաժողովի` Գագիկ Հարությունյանի կողմից կաշառված լինելու մասին, ապա անգլիացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հասցեին, թե կաշառվել է ադրբեջանցիներից եւ ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցներ է գրում: Մեր զրուցակիցն այս ցանկին հավելեց եւս մեկը` ոչ վաղ անցյալում իշխանությունները մեղադրում էին Եվրոպային նրանում, որ Ասոցացման պայմանագիրը չստորագրվեց, քանի որ Եվրոպան մեզ մղեց դեպի Եվրասիական միություն: ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովում ընդունված հակահայկական զեկույցի առիթով հայաստանյան խորհրդարանական եւ դիվանագիտական դաշտի մեկնաբանություններից մեր զրուցակիցը տպավորություն է ստացել, որ ԵԽ խորհրդարանական վեհաժողովում բոլորը կաշառակերներ են:

Այս իրավիճակում նա հատուկ ընդգծում է այն իրողությունը, որ վաղը պետք է գնանք ու այդ մարդկանց խնդրենք, համոզենք, որ մեր օգտին քվեարկեն: «Նույնը Վենետիկի հանձնաժողովի մասով: Ինձ համար առնվազն զարմանալի են նման հայտարարությունները: Վենետիկի հանձնաժողովն ընդամենը խորհրդակցական մարմին է, որը դիտարկում է` քո ներկայացրած փաստաթուղթը համահո՞ւնչ է աշխարհում ընդունված չափանիշներին, կարելի՞ է դրանք մոդելավորել իբրեւ սկզբունքներ: Իսկ թե դրանից հետո ինչպե՞ս են Հայաստանի իշխանությունները կյանքի կոչելու այդ դրույթները՝ դա արդեն Վենետիկի հանձնաժողովի խնդիրը չէ:

Մեղադրել ՍԴ նախագահին, որ կաշառել է նրանց` առնվազն ծիծաղելի է»,- իր դիտարկումները ներկայացրեց Հովհաննես Իգիթյանը:
Անդրադառնալով արդեն սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեությանը՝ մեր զրուցակիցը կարծիք հայտնեց. «Այդ խումբը լավ է աշխատել: Այդ մարդկանց կրթական մակարդակը միանգամայն բավարարում է, ու նրանք կարողացել են թղթի վրա ներկայացնել մի մոդել, որն իրականացնելու դեպքում երկիրը կարող է զարգանալ: Այլ հարց, որ ես չեմ հավատում` այս քաղաքական թիմը, որն իր վրա է վերցրել Հայաստանի մենեջմենթը, առաջընթացի ապահովումն ու այդ թղթի վրա գրված սկզբունքների իրականացումը, ունակ է դա անել: Պառլամենտում, կառավարությունում, տարբեր նախարարություններում նստած են մարդիկ, որոնց մենք ճանաչում ենք. դժվար թե նրանք ընդհանրապես հասկանում են, թե ո՞ւր են գնում: Նրանք չեն կարողանում իրականացնել Սահմանադրության գործող մոդելը, որը դարձյալ լավն է, էլ ուր մնաց, որ համ իրենց պարտականություններն իրականացնեն, համ իրենց համար անհասկանալի փոփոխությունները փորձեն իրականացնել»:

Հովհաննես Իգիթյանը նկատում է, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը բավական արագ ընթացավ, կառավարման համակարգում գտնվող անձինք մեկ-երկու տարի առաջ անգամ պատկերացումներ չունեին խորհրդարանական կառավարման համակարգի մասին, մինչդեռ այժմ «խորհրդարանական կառավարման համակարգի դրոշը վերցրած` առաջ են գնում»: Մեր զրուցակիցը լուրջ մտավախություններ ունի, որ կառավարման մի ձեւից մյուսին անցնելով, այն էլ բացառապես սեփական շահի տեսանկյունից պետական կառավարման համակարգում գտնվող անձանցով, մենք կարող ենք ունեցածն էլ կորցնել: «Ես այդ փաստաթղթի որակների մասին չեմ խոսում, բայց իշխող քաղաքական թիմը թե ներքին կադրային քաղաքականությամբ, թե արտաքին, մասնավորաբար, միջազգային կառույցներում աշխատող պատվիրակությունների ձեւավորմամբ ապացուցել է, որ ունակ չէ պրոֆեսիոնալ թիմ ձեւավորել: Իրենց մոտ այլ չափանիշներ են գործում` բարեկամական, հավատարմության, քծնանքի, բայց ոչ թե պրոֆեսիոնալիզմի»:

«Առավոտի» դիտարկմանը` Դուք չեք վստահում կառավարիչների թիմին, մինչդեռ ձեր կուսակից ընկերները իրենց վստահության քվեն տվեցին նրանց` սահմանադրական բարեփոխումներ իրականացնելուն իրենց «այո»-ն ասելով, Հովհաննես Իգիթյանն արձագանքեց. «Այդ պատճառով էլ ես սիրում եմ մեր կուսակցությունը` այն ՀՀՇ-ն, որը ստեղծվել է 1988-90-ականների ՀՀՇ-ի մթնոլորտի վրա: Մեզ մոտ կարելի է ունենալ ցանկացած կարծիք: Սեփական կարծիք ունենալը, նույնիսկ հակառակ, որեւէ ձեւով չի ազդում անձնական հարաբերությունների վրա: Դրա համար քեզ դավաճան չեն անվանում, չեն ստորացնում, չեն վիրավորում, քո առջեւ հրաժարականի խնդիր չեն դնում: Սա այն է, ինչը որ բացակայում է այլ կուսակցությունների մոտ` իշխանական, նաեւ որոշ ընդդիմադիր կուսակցություններում»: Արդեն ըստ էության էլ նկատեց. «Մեզ մոտ տարբեր մոտեցումներ կան, այնպես չէ, որ բոլորը գոհ են իրավիճակից:

Բայց թե ինչ են ասում իմ ընկերները` իրենք հնարավորություն ունեցել են ներկայացնելու: Խոսքը հիմնականում այն մասին է, որ այս փաստաթղթում կան սկզբունքներ, որոնք մեր կուսակցությունը վաղուց քննարկել է, ավելին՝ որոշ կետեր սահմանվել են նպատակ` խորհրդարանական կառավարում, հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցում եւ այլն: Այս տեսակետից ընդունելի է: Բայց մենք հասկանում ենք, որ այնպիսի իրավիճակում ենք ապրում, որտեղ ժողովուրդն ու հասարակությունը տարանջատված են քաղաքական ուժերից, գործընթացներից»: Նա կասկած չունի` սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցնելու է ճիշտ այնկերպ, ինչպես սովորաբար Հայաստանում անցնում են ընտրական գործընթացները, մանավանդ որ՝ հանրաքվեի «մենեջերը» նույնն է. «Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ անելու է ճիշտ այնպես, ինչպես 2008-ի ընտրություններն էին: Ուղղակի հիմա իրենց համար ավելի հեշտ է, քանի որ առճակատում չի գնում` մարդը մարդու դեմ: Կա մեկ թուղթ, ու այդ թղթի վրա հասարակական լայն զանգվածների համար բազմաթիվ անհասկանալի բաներ են գրված: Մարդիկ չգիտեն` դա իրենց համար ավելի լա՞վ կլինի, թե՞ ավելի վատ: Թող ոչ ոք չփորձի նսեմացնել ժողովրդի հասկանալու ունակությունները, բայց սա ոչ ոք չի հասկանում: Այժմ կա մի փաստաթուղթ, որով վատ է, կա մեկ այլը` որով ոչ ոք չգիտե, թե ի՞նչ է լինելու, ու դրան այլընտրանք չկա: Նաեւ կա մի քաղաքական ուժ, որի ներկայացուցիչները մարդուն առաջարկում են գումար: Բոլորիս համար էլ հասկանալի է, որ գումար լինելու է, եւ բնավ պատահական չէ, որ ՀՀԿ-ն իր շուրջը հավաքում է հարուստ մարդկանց: Հայաստանում, որտեղ, պաշտոնական տվյալներով, աղքատությունը 30-50 տոկոս է կազմում, իսկ հանրաքվեին պիտի բերվի ընտրողների ընդամենը 25 տոկոսը, պարզ է, որ գումարով կբերեն: Նույնիսկ հաշվարկ կարելի է անել. խոսքը գնում է 5-10 միլիոն դոլարի մասին»: Այդ խախտումն ու կեղծիքը, ըստ մեր զրուցակցի, ոչ հասարակական կազմակերպությունները, ոչ դիտորդները, ոչ քաղաքացիական նախաձեռնությունները, ոչ էլ քաղաքական ուժերը չեն կարող կասեցնել. «Քանզի դա մարմնավաճառության պես բան է` բոլորը հասկանում են, որ այն կա, պայքարում են, բայց երկու կողմերն էլ բավարարված են, ոչ ոք չի դժգոհում: Ավելին՝ երկու կողմերն էլ հասկանում են, որ իրենց արածը քրեորեն պատժելի է, ու ոչ մի բողոք էլ չի լինի»:

Մինչ հանրաքվեի օրը նշանակելը ընդդիմադիր քաղաքական ուժերը դաշտի համախմբման, սահմանադրական բարեփոխուների հանրաքվեի գործընթացը իշխանափոխության վերածելու մասին բարձրագոչ հայտարարություններ էին անում, բայց որքան մոտենում է հանրաքվեի օրը, այնքան ակնհայտ է դառնում`լուրջ դիմադրություն չի լինելու: Մի փոքր ծիծաղելի է, բայց որոշ ուժերի ներկայացուցիչներ հայտարարեցին, որ քարոզարշավին մասնակցելու գումար չունեն: Ո՞վ է մեղավոր, որ ընդդիմությունը կրկին չի հաջողում, դարձյալ ժողովո՞ւրդը` մեր հարցին Հովհաննես Իգիթյանն ասաց, որ իր կարծիքով՝ մթնոլորտն է մեղավոր, իսկ մթնոլորտ ձեւավորողն իշխանություններն են: Միաժամանակ նա չի անտեսում ընդդիմադիր գործիչների մեղքի բաժինը. «Ազատ Արշակյանը կյանքի մեծ ճանապարհ անցած մարդ է ու բավական հետաքրքիր դիտարկում արեց` ասելով` եթե «Ոչ»-ի ճակատում որոշ մարդիկ չլինեին, ապա «ոչ» քվեարկողների թիվն ավելի շատ կլիներ: Ես հասկանում եմ` ինքն ինչ նկատի ուներ:

Կա իշխանություն, որը գալիս է ժողովրդի մոտ, մի թուղթ է ցույց տալիս եւ ասում, որ այդ թղթի հետ իրենք լավ են ապրելու: Եվ կան մարդիկ, որոնք միշտ իրենց ներկայացրել են ժողովրդի կողքը կանգնած ընդդիմադիրներ, ժողովրդի փրկիչներ, եւ որոնք ասում են՝ ոչ թե իշխանության ցույց տված թուղթը վատն է, մեր թուղթն ավելի լավն է, այլ ասում են` իշխանությունը ոչ լեգիտիմ է, պայքար-պայքար, Սերժիկ հեռացիր: Դա ժողովուրդն արդեն տասը տարի լսում է, եւ այդ լոզունգները գնալով միայն պակասեցնում են ժողովրդի մոտ այդ մարդկանց նկատմամբ հավատը: «Ինչու»-ի մասին կարելի է երկար խոսել, ես կարճ ասեմ` եղել է մի պահ, որ ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնեց, իր հույսը կապեց այդ մարդկանց, այդ թվում նաեւ՝ ինձ հետ: Բայց ժողովուրդը չի կարող անվերջ հույս կապել: Գալիս է նաեւ հուսահատության պահ: Այսօր երեւի հասարակությունը փնտրում է այլ ուժ, որը կարող է դիմակայել: Չգտնելով` մարդիկ մտածում են, որ եթե մի ողջ քաղաքական ուժ տասը տարի չկարողացավ սրանց կոտրել, ապա ինչո՞ւ են հույսը կապում ինձ հետ, իմ «ոչ» ասելը ի՞նչ է փոխելու: Հանուն ինչի՞ ես պիտի գյուղապետի, ոստիկանապետի, հարկայինի, տեղական կրիմինալի դեմ կանգնեմ, ավելոդ խնդիրներ վաստակեմ: Հանուն այն մարդկանց, ովքեր տասը տարի ասում են` Սերժիկ հեռացի՞ր: Իսկ մյուս կողմից` համ վախը կա, համ գումար են տալիս: Սա է մթնոլորտը»:
Հովհաննես Իգիթյանը մեկ մտավախություն էլ ունի: Դա վերաբերում է մեր երկրում ներդրումներին. «Առանց այդ էլ Հայաստանը ներդրումների համար գրավիչ չէր, անգամ մեծ արտահոսք կա: Պատկերացրեք, որ եղածին գումարվում է քաղաքական եւ իրավական անհստակությունը: Պարզ է, որ կառավարման համակարգի փոփոխությունը երկարատեւ գործընթաց է, եւ այդ ընթացքում, կարծում եմ, գումարի մեծ արտահոսք կլինի, քանզի մարդիկ այդ անցումային շրջանում պարզապես չգիտեն` ո՞վ է զբաղվելու իրենց հարցերով, ո՞ւմ հետ են գործ ունենալու»:

Մեր զրուցակիցը հատուկ չի ցանկանում սահմանադրական բարեփոխումների փաստաթղթի բովանդակային քննարկմանն անցնել: Ցավով նկատում է, որ նույնիսկ խորհրդարանում նորմալ քննարկում չեղավ, ամեն ինչ անցավ անձնական վիրավորանքների եւ «ռազբիրատների» մակարդակում, որոշ պատգամավորներ դեմագոգիայով աչքի ընկան: Բայց ընդգծում է, որ աշխարհում կան երկրներ, որոնք բավական լավ ապրում են եւ խորհրդարանական համակարգով, եւ նախագահական համակարգով, նույնիսկ առանց Սահմանադրության, կան երկրներ, որոնք հարյուր տարի Սահմանադրություն չեն փոխել, կան որ ընդամենը մեկ էջ սկզբունքներ ունեն եւ այլն. «Դա էական չէ, ցանկացած մոդելով կարելի է ապրել: Հարցը միայն թուղթը չէ, այլ քաղաքական կուլտուրան, մթնոլորտը եւ այն քաղաքական ուժը, որն իր վրա վերցրել է Հայաստանի կառավարումը: Ցավոք, ես չեմ հավատում, որ այդ մարդկանց մոտ Հայաստանը բարելավելու խնդիր կա: Ես նույնիսկ վերարտադրման մասին չեմ խոսում: Մի բան պարզ է` այս բարեփոխումները որեւէ կապ չունեն Հայաստանի զարգացման հետ: Հիմա շատ արագ են զարգանում աշխարհի եւ տարածաշրջանային գործընթացները, ու Հայաստանը, կարծես, ետ է մնում: Երկու պատճառով` ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ է լինելու, ինքն իր տեղում մնալո՞ւ է, եւ կառավարման համակարգի պաշտոնյաները զբաղված են բացառապես սեփական ռեսուրսների հարցերով»: Ըստ նրա՝ Հայաստանը փոքր երկիր է եւ հնարավոր է այն կարգի բերել կառավարման ցանկացած մոդելով: Բայց քաղաքական կամք եւ համաձայնություն է պետք եւ երեք ամիս ժամանակ. «Դա միշտ էլ կարելի է անել: Չգիտեմ` ով եւ երբ կանի, բայց հույս ունեմ, որ կլինի»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լորիս says:

    Միշտ հաճելի է խելացի մարդու կարծիք կարդալ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30