Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում մեր հերոսների հաշվին գումար են վաստակում, մեզ մոտ եղածն էլ չենք պահպանում

Նոյեմբեր 13,2015 14:30

Զբոսաշրջությունը որպես գերակա ուղղություն հայտարարած կառավարությունը զբոսաշրջիկներին գրավող մի շարք մշակութային արժեքների նկատմամբ, մեղմ ասած, անտարբեր է: Խոսքը Մխիթար Սպարապետի՝ տարիներ ի վեր անմխիթար վիճակում գտնվող գերեզմանի մասին է: Քչերին է հայտնի, որ սպարապետի գերեզմանը գտնվում է Հին Խնձորեսկ գյուղի Անապատի եկեղեցու բակում: Պատճառն այն է, որ պատմական այս վայրը ո՛չ պատշաճ խնամքի է արժանանում, ո՛չ էլ որպես պատմամշակութային հուշարձան ներկայացվում ու «գովազդվում»: «Առավոտն» իր 23.10.2015 թվականի «Մխիթար Սպարապետի գերեզմանը մամռակալած է եւ անգամ ցանկապատ չունի» հրապարակմամբ անդրադարձել էր այս խնդրին` նշելով, որ նշյալ տարածքում գտնվում են նաեւ Սպարապետի զինակից ընկեր Մելիք Բարխուդարի, նրա դուստր Գոհարի եւ շատ հայտնի հերոսների գերեզմաններ, որոնց մի մասի գերեզմանաքարերի մաշվածության պատճառով անունները ընթեռնելի չեն: Այս սրբատեղին հիմա հարակից գյուղերի անասունների արոտավայրն է: Ժամանակի հոյակերտ Մեծ Անապատի եկեղեցական համալիրից եկեղեցու ավերակներն են միայն մնացել հետեւում՝ դպրոցինը, եկեղեցին էլ է մոռացված:

Մխիթար Սպարապետի վերջին հանգրվանը Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում է: Մխիթարը հայ ազատագրական պայքարի բոլոր ժամանակների ամենավառ հերոսներից է:
Սպարապետի գերեզմանի, Անապատ եկեղեցական երբեմնի հզոր համալիրի, կից ավերակ դպրոցի հետագա ճակատագիրը պարզելու համար դիմեցինք մշակույթի, էկոնոմիկայի նախարարություններին, Սյունիքի մարզպետարան: Պարզվեց, որ խնդիրը ի պաշտոնե միայն մշակույթի նախարարությանն է վերաբերում: Մյուս երկու կառույցները մեր հարցմանն ի պատասխան՝ ասացին, որ հետաքրքրված են ու մտածում են, թե ինչպե՞ս կարող են խնդրին օգտակար լինել:

«Առավոտի» այն հարցին, թե Սյունիքի մարզի Հին Խնձորեսկ գյուղի գերեզմանատանը շատ անմխիթար վիճակում գտնվող Մխիթար Սպարապետի գերեզմանը հատուկ պահպանվող կոթողների թվին պատկանո՞ւմ է, թե՞ ոչ՝ մշակույթի նախարարությունից արձագանքել էին. «Գերեզմանի տապանաքարն ընդգրկված է ՀՀ կառավարության կողմից 2005թ. դեկտեմբերի 29-ի N2322-Ն որոշմամբ հաստատված ՀՀ Սյունիքի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, գտնվում է գյուղատեղի Խնձորեսկի Անապատ Եկեղեցու գերեզմանատան տարածքում (պետ. ցուցիչ` 8.45.5.19.1.12)»:

Հետաքրքրվել էինք նաեւ, թե կա՞ արդյոք որեւէ ծրագիր գերեզմանի բարեկարգման հետ կապված:

Այս առնչությամբ նախարարությունից հայտնել են, որ համաձայն ՀՀ կառավարության կողմից 2008 թ.-ի փետրվարի 13-ին հավանության արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգի՝ ՀՀ մշակույթի նախարարության կողմից մշակվել եւ ներկայացվել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքային համայնքի «Հին Գորիս» («Կյորես»), «Հին Տեղ», «Հին Խնձորեսկ» գյուղատեղիների պատմամշակութային հուշարձանների եւ լքված քարանձավային կացարանների ու բնակելի տների վերականգնման եւ օգտագործման ծրագիրը, որը ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել ըստ 2010թ. հուլիսի 21-ի N 02/24.2/8532-10 հանձնարարականի. «Այդ ծրագրի շրջանակներում 2013թ.-ից սկսվել եւ շարունակվում է աշխատանքների առաջին փուլը՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի Սբ. Գեւորգ եկեղեցու ուսումնասիրման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման եւ վերականգնման աշխատանքները: Այս փուլի ավարտից հետո ՀՀ մշակույթի նախարարությունը իր միջնաժամկետ ծախսային ծրագրերում նախատեսել է մշակել եւ իրականացնել նաեւ ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի վարչական տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների, այդ թվում՝ Մխիթար Սպարապետի գերեզմանի ամրակայման եւ տարածքների բարեկարգման աշխատանքները»:

Մեր այն հարցին էլ, թե գյուղի բնակիչների եւ որոշ պատմաբանների կարծիքով՝ դա ոչ թե գերեզմանատուն է, այլ պանթեոն, կա՞ դրա հետ կապված որեւէ ուսումնասիրություն, մշակույթի նախարարությունից նշել էին, որ կառավարության կողմից հաստատված Սյունիքի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում այն հաշվառված է որպես գերեզմանոց, որտեղ առկա են նաեւ այլ տապանաքարեր եւ գերեզմանաքարեր, եւ որ այն պանթեոն չէ:

Իսկ թե ի՞նչ պատճառով պատմության այդ հատվածը ոչ մի պետական ուշադրության չի արժանանում՝ հարցին էլ նախարարությունից ուշագրավ պատասխան են տվել. նախ վստահեցրել են, որ հին գյուղատեղին իր գերեզմանոցով պահպանվում է պետության կողմից, ապա հայտնել, որ մշակույթի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայության աշխատակիցներն իրենց ուժերով, նաեւ զինծառայողների, դպրոցականների, համայնքի պատասխանատուների ու բնակիչների հետ համատեղ մշտապես սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացնում պետական պահպանության տակ գտնվող, այդ թվում նաեւ՝ վերոնշյալ հուշարձանի տարածքներում:

Ո՞վ է պատասխանատու հուշարձանի ներկայիս վիճակի համար՝ մեր հարցին էլ նախարարությունը պատասխանել է. «Հուշարձանը ՀՀ օրենսդրության սահմանված կարգով պահպանվում է վերոհիշյալ ՊՈԱԿ-ի մարզային ծառայության կողմից, ինչպես նաեւ պետական կառավարման տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ: Ներկա իրավիճակը բնական է եւ ձեւավորվել է երկարատեւ ժամանակահատվածում եւ բնակլիմայական ազդեցությունների պատճառով»:
Հարցրել էինք նաեւ, թե ով պետք է խնդրին լուծում տա. «Խնդիրը գտնվում է լիազոր մարմնի իրավասության շրջանակներում, եւ օրենքով սահմանված կարգով իրականացվում են հուշարձանի պահպանության միջոցառումները»:

Ինչ վերաբերում է հոդվածում տեղ գտած այն մտքին, որ հերոսների գերեզմանաքարերը մաշված են, մամռակալած ու վնասված, ապա նախարարությունից այսպես են արձագանքել. «Հայտնում ենք, որ տապանաքարը վնասված չէ: Սյունիքի ՊՄՊ մարզային ծառայության հուշարձանի պահապանը սահմանված գրաֆիկի համաձայն հոկտեմբերի 2-ին շրջայցով եղել է Քարաշեն եւ Խնձորեսկ համայնքների հուշարձանների տարածքներում եւ Խնձորեսկ համայնքում գտնվող Մ. Սպարապետի հուշարձանի արտաքին տեսքի փոփոխություն չի արձանագրել»:

ԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ. Գ. Թուրքիայի Բիթլիս քաղաքի քաղաքապետարանը օրերս հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ իրենք դիմել են «Արեւելյան Անատոլիայի զարգացման գործակալություն»՝ Թուրքիայի Բիթլիս քաղաքում գտնվող հայկական Կարմրակ Սուրբ Նշան եկեղեցին վերանորոգելու համար գումար ստանալու: Այս եկեղեցու բակում է թաղված հայտնի հայ հայդուկապետ Աղբյուր Սերոբի գլուխը: Ֆինանսավորումը հաստատված է: Բիթլիսի քաղաքապետարանը մտադիր է այն վերածել քաղաքային թանգարանի: Ակնկալում են, որ այս քայլով կխթանեն զբոսաշրջությունը: Այսինքն՝ անկախ այն բանից, որ մշակութային հուշարձանը հայկական է, Թուրքիայի տուրիզմի համար պատասխանատուները քաջ գիտակցում են, որ այն վերանորոգելով ու պահպանելով՝ հայ հայրենասերի եւ այլ զբոսաշրջիկների հաշվին մեծ գումարներ կվաստակեն:

«Առավոտ» օրաթերթ
12.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30