Լրահոս
Օրվա լրահոսը

Մազահեռացման քսուքների գողության համար դատապարտվածը նախընտրել էր Հակոբ Կոջոյանի եւ Արա Սարգսյանի կիսանդրիները գողանալ

Նոյեմբեր 13,2015 14:00

Արտակ Աղանիկյանը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքներ՝ գողություն կատարելու մեջ: Նա դատապարտվել էր երեք տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման եւ տուգանքի՝ 500.000 ՀՀ դրամի չափով:

Նրա նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատժի սկիզբը, ըստ դատարանի, հաշվվել էր այս տարվա փետրվարի 12-ից: Նա տեղափոխվել էր արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Այդպիսով, վերացել էր Արտակ Աղանիկյանի նկատմամբ մինչ այդ ընտրված քրեական գործով խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը:

Եվ, սակայն, այդ ժամանակահատվածում, մինչ ուժի մեջ կմտներ նրա դատավճիռը, Արտակը կատարում է նոր գողություն. գողացել էր նկարիչ Հակոբ Կոջոյանի կիսանդրին, վնասել քանդակագործ Արա Սարգսյանի դիմաքանդակը, եւ անհաջողության մատնվել: Կիսանդրիների գործով էլ երեկ եւ նախորդ օրը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հանդես եկած դատախազ Անդրանիկ Սիմոնյանը պահանջեց 8 տարվա ազատազրկում, համակցելով Արաբկիրի դատարանի դատավճռով սահմանված պատժաչափն էլ:

Ruzmin_11

Կենտրոն եւ Նորք-Մարաշի դատարանում տուժող է ճանաչվել Հայաստանի ազգային պատկերասրահը:

Ըստ մեղադրանքի կողմի, ամբաստանյալը Հ. Կոջոյանի եւ Ա. Սարգսյանի բրոնզե կիսանդրիները հափշտակելու նպատակով գնացել էր Երեւանի Պուշկինի փողոց, 62 շենքի մոտ, որտեղ պատվանդանի վրա գտնվող 9.000.000 ՀՀ դրամ արժողությամբ Կոջոյանի բրոնզե կիսանդրին իր հետ նախօրոք վերցրած մետաղյա առարկայի միջոցով կոտրելուց եւ պարկի մեջ տեղավորելուց հետո` ամրացման հատվածից պոկել էր նաեւ 7.000.000 ՀՀ դրամ արժողությամբ Ա. Սարգսյանի կիսանդրին, սակայն նկատելով մոտեցող անձանց՝ չի կարողացել պոկել կիսանդրին, եւ վերցնելով միայն Կոջոյանի կիսանդրին, հեռացել է` չկարողանալով հանցագործություններն ավարտին հասցնել իր կամքից անկախ հանգամանքներում: Ի դեպ, այս տարվա հունվարի 17-ին aravot.am-ում մենք առաջինը բարձրաձայնեցինք կատարվածի մասին, զրուցելով նաեւ Արա Սարգսյանի թոռնուհու հետ:
Դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ընթացող արագացված ընթացակարգով նիստին, պարզվել է, որ Արտակը ուներ յոթամյա կրթություն, ֆիզիկապես վատառողջ է, չի աշխատել, նախկինում դատված է եղել: Նա հաշվառման եւ մշտական բնակության վայր չի ունեցել, ժամանակավորապես բնակվել է Գյումրիում:

Արտակի պաշտպանությունն իրականացնում էր փաստաբան Կարեն Մեժլումյանը:
Ըստ Արաբկիրի դատարանում ավարտված քրեական գործի դատաքննության, որը նույնպես ընթացել էր արագացված ընթացակարգով, Արտակ Աղանիկյանն այս տարվա հունվարի 9-ին, ժամը 23.30-ի սահմաններում, մուրճի միջոցով պատը քանդելով, ապօրինի մուտք էր գործել տուժող Գրիշա Հովհաննիսյանի՝ Գյուլբենկյան փողոցի թիվ 27 շենքի ստորգետնյա տարածքում գտնվող ավտոտնակ: Նա ավտոտնակից հափշտակել էր 3 հատ 20 լիտր տարողությամբ տարայով «Հոնդայի» տեսակի ավտոմեքենայի շարժիչի յուղ, ճամպրուկ, «Ինդեքս» ֆիրմայի մարտկոց, լիցքավորման մալուխ, մեքենայի մեղմիչ եւ 8 հատ ավտոմեքենայի արգելակման սեղմիչներ՝ պատճառելով տուժողին մոտ 300.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Արտակն ապօրինի մուտք էր գործել նաեւ Հ. Հակոբյան փողոցի 1-ին շենքի բնակչի՝ տուժող Լաուրա Միսկարյանին պատկանող նկուղ, հափշտակել 3 զույգ դահուկ, այլ իրեր, տուժողին պատճառելով 50.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Մերօրյա Զաբուղոն նախկինում քանդել էր Գասպար Քենարաքիի ավտոտնակի պատը, մուտք էր գործել այնտեղ, գաղտնի հափշտակել այնտեղ պահվող 120.000 ՀՀ դրամ արժողությամբ երկու կապոց պղնձյա լարերը, 535.500 ՀՀ դրամ արժողությամբ թվով 15 արկղ մազահեռացման քսուք, մեկ այլ քրեական գործով էլ Գեւորգ Գալստյանին պատկանող ավտոտնակից գողացել էր անվադողեր, անվահեծ, սալիկների 4 տուփ, օվալաձեւ հայելի, կենցաղային իրեր՝ սեփականատիրոջը պատճառելով շուրջ 150.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Երեկ պաշտպանական ճառով հանդես եկած փաստաբան Կարեն Մեժլումյանն ասաց, որ Արտակը վատառողջ է, տառապում է անձի էմոցիոնալ խանգարումով, ունի ինքնավնասման հակում եւ որ իրեն մեղավոր է ճանաչել լիովին, տվել ինքնախոստովանական ցուցմունք: Ամբաստանյալը վերջին խոսքից հրաժարվեց, սակայն նրա պաշտպանական ճառը երկու նախադասություն էր. նա խնդրեց իրեն հնարավորինս մեղմ դատել, ասելով, որ մեղավոր է: Ի դեպ, նա չի էլ ճանաչել Հակոբ Կոջոյանին եւ կիսանդրին գողացել է, ինչպես ինքն ասաց՝ որպես վաճառքի ենթակա մետաղ: Դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց դատավճիռը՝ 7,5 տարվա ազատազրկում:

 

«Առավոտ» օրաթերթ
12.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30