Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ֆիլմի հերոսը մոտեցվել է Վանո Սիրադեղյանի կերպարին»

Նոյեմբեր 13,2015 13:30

Նկարվում է նոր սերիալ՝ սկանդալային զուգահեռներով

Ըստ «Առավոտին» հասած տեղեկության՝ հայ-ամերիկյան ֆիլմ է նկարահանվում ճանաչված ու սիրված Նշանյան արվեստագետների ընտանիքի մասին: Այդ ընտանիքը իսկապես մեր մշակույթում իր կշիռն ունի: Խոսքը գնում է օպերային արվեստի երախտավոր, սոպրանո Աննա Նշանյանի, նրա որդի՝ դերասան, ռեժիսոր Ժան Նշանյանի, հարսի՝ դերասանուհի Շաքե Թուխմանյանի եւ թոռան՝ երգիչ, դերասան Արման Նշանյանի մասին: Իսկ ֆիլմը բեմադրող ռեժիսորն ու օպերատորը Գրիգոր Վահրամյանն է: Այս անունը 2000-ականների կեսերից մեզ հայտնի է երկու հրաշալի ֆիլմերից՝ նվիրված քանդակագործ Դավիթ Բեջանյանին եւ դերասան Ռաֆայել Քոթանջյանին, որտեղ Գրիգորը բեմադրող օպերատորն էր, իսկ ռեժիսորը՝ ճանաչված կինովավերագրող Արման Երիցյանը: Նշանյան ընտանիքի մասին պատմող ֆիլմի լուրը մեզ ոգեւորեց, մտածեցինք՝ վերջապես ռուս գործընկերների օրինակով (հայտնի են Լարիսա Դոլինային, Ալլա Պուգաչովային, Սոֆիա Ռոտարուին, Լյուդմիլա Զիկինային, Լյուդմիլա Գուրչենկոյին նվիրված գեղարվեստական ֆիլմերը) մերոնք էլ խաղարկային կամ գեղարվեստական ֆիլմ են իրականացնում՝ ներկայացնելով հայ ճանաչված արվեստագետների կյանքի ու գործունեության գուցեեւ դեռեւս մեզ անծանոթ էջերը:

Griqor_Vahramyan_3

Գրիգոր Վահրամյանը՝ իբրեւ բեմադրող օպերատոր, հայտնի է հայաստանյան հեռուստաարտադրության սերիալներից, այդ թվում՝ «Կյանքի գինը», «Վերադարձ», «Եղբայրներ» եւ «Հյուսիս-հարավ» գեղարվեստական ֆիլմից, այս դեպքում՝ իբրեւ երկրորդ ռեժիսոր:

 

Գրիգոր Վահրամյանի հետ հանդիպման ժամանակ պարզեցինք, որ նա, իբրեւ բեմադրող ռեժիսոր եւ օպերատոր, ձեռնամուխ է եղել «Քարտ բլանշ» նախնական վերնագրով հայ-ամերիկյան 24 մասից բաղկացած ֆիլմի աշխատանքներին: Բազմասերիանոց նկարում հրավիրված են ճանաչված դերասաններ Շաքե Թուխմանյանը, Վիվյեն Բաստաջյանը, Ժան եւ Արման Նշանյանները, Սամվել Սարգսյանը, Ռուդոլֆ Ղեւոնդյանը, Վիգեն Ստեփանյանը, Հովակ Գալոյանը, Հայկ Սարգսյանը եւ այլք: Բայց այդ սերիալը բնավ էլ չի պատմում Նշանյան ընտանիքի մասին: Այն, մեր զրուցակցի ձեւակերպմամբ, ներկայացնում է Վանո Սիրադեղյանի արխիվը:

Griqor_Vahramyan_1

Կադրեր նկարահանման հրապարակից:

Griqor_Vahramyan_5 Griqor_Vahramyan_4 Griqor_Vahramyan_6
«Խորհրդային շրջանի երեք չինովնիկներ անկախ Հայաստանում տարբեր աշխատանքներ են վարում: Մեկը՝ գինեգործ, մյուսը՝ ԿԳԲ-ի գնդապետ, իսկ, այ, երրորդին փորձել ենք մոտեցնել Վանո Սիրադեղյանի կերպարին: Տարածված կարծիք կա, որ Վանոն ամեն ինչ գիտեր, բոլորից տեղեկացվածն էր… Ես հիմա չեմ պատրաստվում պատմել ողջ սցենարը: Միայն ասեմ, որ ֆիլմում գինեգործն ու գնդապետը իմանալով, որ որոնվում է հերոսի արխիվը, իսկ այդտեղ, բնականաբար, մութ անցյալով չինովնիկների մասին ահագին ինֆորմացիա կար, այդ թվում՝ նաեւ իրենց մասին, սկսում են տարբեր գործողություններ իրականացնել, պարզ պատճառով՝ եթե գտնվեր արխիվը, իրենք էլ կբացահայտվեն»,-մանրամասնեց Գրիգոր Վահրամյանը: Ռեժիսորը նշեց, որ սցենարի հեղինակը Աստղիկ Սիմոնյանն է, ու մի փոքր էլ բացեց փակագծերը. «Ֆիլմում «Վանոն» մտածում է, որ ավելի լավ է գերեզման տանի իր հետ արխիվը եւ այդ առիթով կազմակերպում է սեփական մահը: Գործողություններն էլ ընթանում են արխիվը հայտնաբերելու ուղղությամբ: Իսկ արխիվում անուններ են, այդ թվում՝ որոշ պատգամավորների ու պաշտոնյաների: Գինեգործն ու գնդապետը փորձում են ամեն գնով գտնել ու վերացնել արխիվը… Այսքանը»: Ո՞ր ժանրում է նկարված սերիալը հարցին՝ ռեժիսորը պատասխանեց, որ մինչ այժմ նման բան չի եղել, իսկ մեր ֆիլմի սցենարը թրիլերի, դետեկտիվի եւ դրամայի ժանրային միաձուլում է: Ասաց նաեւ, որ փորձել են իրականացնել սերիալ, որտեղ պրոբլեմները մինչ այժմ եղածներից կամ կենցաղայինից դուրս են: Գրիգոր Վահրամյանը նշեց, որ Հայաստանում նկարահանվել է 19 մաս եւ այս պահին ընթանում են մոնտաժման աշխատանքները, իսկ մնացած 5-ը նկարահանվելու է ԱՄՆ-ում: Առանց մանրամասնելու էլ հայտնեց, թե ֆիլմը ԱՄՆ-ում ավարտին կհասցնի այլ ռեժիսոր, քանի որ խնդիրներ է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ: Այդուհանդերձ, վստահ ասաց, որ ֆիլմը եթեր կհեռարձակվի «Շանթ» TV-ով, 2016թ. փետրվարի 1-ից:

Կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանն էլ, թե, փաստորեն, «մխրճվել» է սերիալների արտադրության մեջ, Գրիգոր Վահրամյանը պատասխանեց. «ԽՍՀՄ փլուզումից հետո հայկական ֆիլմարտադրությունը նոր-նոր է սկսվում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30