Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վաղը էլի ասելու են՝ «բալը թանկ է»

Նոյեմբեր 13,2015 13:00
byuje

Կրթության փորձագետը կասկածի տակ է դնում 2016-ին իրականացվելիք կրթական բարեփոխումները, քանի որ բյուջեում չի տեսնում դրանց համար նախատեսված գումարներ:

Oրերս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր, թե կրթության որակի մասին գնահատական կարող է տալ ով ասես, բայց ո՛չ Մարդու իրավունքների պաշտպանը: Նաեւ ասել էր, որ ինքը չի ընդունում այն գնահատականները, որոնք այդ ինստիտուտի մանդատից դուրս են, որովհետեւ այդ լիազորությունը Օմբուդսմենը չունի:

Օմբուդսմենի աշխատակազմից էլ հետեւել էր պատասխան, թե կրթության իրավունքի իրականացման պարագայում պետության պարտականությունն է, ի թիվս այլնի, հետեւել նաեւ կրթության որակին, եւ կրթության որակին անդրադառնալն ուղղակիորեն է բխում Օմբուդսմենի մանդատից, քանի որ այն իրականացնում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը:

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը «Առավոտի» հետ զրույցում նույնպես տարօրինակ է համարում Արմեն Աշոտյանի հայտարարությունը:

«Նախարարի ասածի վերաբերյալ հրապարակման տակ մեկնաբանություն էի թողել, որ համամիտ չեմ իր ասածի հետ, որովհետեւ կրթության որակի մասին խոսելու համար մանդատ գոյություն չունի պետության մեջ, յուրաքանչյուր քաղաքացի, ում երեխան սովորում է որեւէ տեղ, հետաքրքրված է կրթության որակով: Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանին, նա առավել եւս պարտավոր է խոսել կրթության որակից, որովհետեւ որակյալ կրթություն տալը պետության պարտավորությունն է, ստանալը՝ երեխաների իրավունքը: Երեխայի իրավունքը պաշտպանողը Մարդու իրավունքների պաշտպանն է, հետեւաբար Կարեն Անդրեասյանը ոչ միայն կարո՛ղ է, այլեւ պարտավոր է խոսել այդ մասին»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ 2016 թ. կրթության բյուջեին:

«Ինձ՝ որպես կրթության ոլորտի մարդ, այն չի բավարարում, կրթության բյուջեն կրթության ոլորտի համար նախատեսվող բարեփոխումներն ինչպե՞ս է ապահովելու… Օրինակ, գնում ենք դեպի պարտադիր միջնակարգ կրթություն, ինչը ենթադրում է ավագ դպրոցների եւ միջին մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունների համակարգային փոփոխություն: Այդ համատեքստում առաջին տեղում է տեխնիկական հագեցվածությունը, դա փող է, հսկայական գումար, որը ես չեմ տեսնում 2016թ. պետական բյուջեում: Կամ հաջորդը՝ պետությունը հայտարարել է համընդհանուր ներառական կրթության քաղաքականություն որդեգրելու մասին, եւ մինչեւ 2025թ. բոլոր մարզերի բոլոր դպրոցներ պետք է ուսուցչի օգնականը մտնի, հաստիք ունենա դպրոցը, եւ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կենտրոններ լինեն բոլոր մարզերում, ինչը եւս հսկայական գումար է պահանջում: Ավելին՝ 2016-ից այդ գործընթացը սկսվում է, եւ այստեղ եւս կասկածով եմ նայում այդ ամենին, քանի որ 2016 թ. պետական բյուջեում չեմ տեսնում այնտեղ առնվազն այս երկու ծրագրերի համար դրված կոնկրետ գումարը: Շատ մտահոգ եմ, որ վաղը նորից ասելու են՝ «բալը թանկ է»: Իմիջիայլոց, անցյալ տարի ՀՆԱ 2,5%-ն էր ուղղված կրթության ոլորտին, հիմա էլ 2,6%-ը: Այդ չնչին ավելացումը չի կարողանալու ապահովել ենթադրվող փոփոխությունը, որոնք կարիք ունեն լուրջ ներդրումների, հետեւաբար ես իրավունք ունեմ կասկածի տակ առնել այն ծրագրերը, որոնք օրենքով հաստատվել են եւ պետք է իրականացվեն: Վստահ չեմ, որ օրենքով ընդունված ծրագրերը 2016-ի բյուջեով ստանալու են անհրաժեշտ ֆինանսավորումը»,-համոզված է կրթության փորձագետը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30