«Դինամո» մարզադահլիճում այս նշանաբանով անցավ Հայաստանի խոշորագույն մարզական հասարակական կազմակերպության հիմնադրման 90-ամյակին նվիրված հանդիսավոր տոնակատարությունը:
Աշխարհում ամենաուժեղը լինելու հիմքը դեռ 1938 թվականի դեկտեմբերի 30-ին դրեց լեգենդար ծանրորդ, ԽՍՀՄ եռակի չեմպիոն, գերծանր քաշային Սերգո Համբարձումյանը՝ եռամարտում սահմանելով համաշխարհային ռեկորդ եւ ամբողջ 8,5 կգ-ով գերազանցելով աշխարհի բարձրագույն նվաճումը:
Հիմնադրվելով 1925 թվականին Երեւանում, եւ ամեն ինչ սկսելով զրոյից՝ «Դինամո» ՄՀԿ-ն տարածվեց հանրապետության մարզեր ու ամենուրեք ստեղծեց տարբեր մարզաձեւերի սեկցիաներ: Հիմնական նպատակը մասսայական սպորտի զարգացումն էր, մարդկանց ֆիզիկապես ու հոգեպես կոփելը, ինչը կարճ ժամանակում հաջողություններ պետք է արձանագրեր նաեւ մեծ սպորտում: Բայց «միջամտեց» Հայրենական մեծ պատերազմը: Դինամոյական մարզիկները մեկնեցին ռազմաճակատ՝ ապացուցելու, թե որտեղ են ապրում ամենաուժեղ մարդիկ: Շատերը հերոսացան: Նրանցից մեկն էլ ԽՍՀՄ կրկնակի հերոս, գվարդիայի փոխգնդապետ, օդաչու Նելսոն Ստեփանյանն էր՝ «Դինամոյի» ծանրամարտի սեկցիայի նախկին սանը:
Պատերազմին հաջորդեցին խաղաղ տարիները՝ մարզական հաղթանակների տարիները: Ընկերությունը միշտ ու հիմա էլ առաջնային նշանակություն է տալիս որակյալ մարզիչների առկայությանը, որոնց սաներն են կռում մարզական մեծ հաղթանակները: Դրանք շատ-շատ են եղել ու մեր օրերում էլ պակաս չի զգացվում: «Դինամոն» աշխարհին տվել է օլիմպիական խաղերի երեք չեմպիոն, յոթ արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմաթիվ հաղթողներ ու մրցանակակիրներ:
Կարդացեք նաև
Մարզական հաղթանակները էլի կշարունակվեին, եթե չլիներ նոր պատերազմը: Արցախյան ազատամարտի հենց առաջին օրերից դինամոյական մարզիկները ոստիկանության հետ միասին նաեւ իրենց կյանքի գնով ապահովեցին մեր սահմանների անառիկությունը եւ, ի վերջո, նաեւ՝ հաղթանակը:
Այսօր «Դինամոյի» ղեկավարությունն Արցախյան պատերազմում զոհված իր ընկերների հիշատակը հավերժացնում է նրանց անունը կրող ավանդական դարձած հուշամրցաշարերով՝ Վաչիկ Մկրտչյանի բռնցքամարտի միջազգային, Սամվել Գեւորգյանի անվան հեծանվասպորտի հուշամրցաշարեր եւ այլն: Իսկ ողջ մնացածներն իրենց մարզական հմտությունները փոխանցում են երիտասարդներին, աճող սերնդին:
Շարունակելով մարզական բարձրագույն նվաճումների ավանդույթը՝ «Դինամո» ՄՀԿ-ն այսօր կարեւորում է նաեւ ոստիկանության համակարգի աշխատակիցների, զոհված ու վիրավորված ազատամարտիկների ընտանիքների անդամների, ինչպես նաեւ սոցիալական այլ խավերի երեխաների առողջ ապրելակերպի ապահովումը: Այդ նպատակով համագործակցելով մարզական տարբեր ֆեդերացիաների հետ եւ իր մարզաբազաները տրամադրելով՝ հարյուրավոր պատանիներ անվճար հիմունքներով իրենց նախասիրած մարզաձեւերով զբաղվելու հնարավորություն ունեն: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում դժվար դաստիարակվող, ինչպես նաեւ սիրիահայերի երեխաներին սպորտի մեջ ներգրավելուն:
Թեկուզ առայժմ փխրուն խաղաղության տարիների հաստատումով «Դինամոն» վերադարձել է իր հիմնական առաքելության իրականացմանը եւ հայկական սպորտը համալրում է օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի՝ նոր մեդալակիրներով, որոնք փառք կբերեին ցանկացած երկրի: Նրանց թվում են օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ, ծանրորդ Արսեն Մելիքյանը, հունահռոմեական ըմբիշ Ռոման Ամոյանը, սիրողական բռնցքամարտում Եվրոպայի եւ տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր, պրոֆեսիոնալ բռնցքամարտում բացառիկ՝ աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոս նվաճած Վախթանգ Դարչինյանը եւ այլք:
Մարզական նվաճումներն այսքան ակնառու չէին լինի, եթե չլինեն մարզումային բարվոք պայմաններ: Հենց այս պահանջն էլ իր համար դարձնելով թիրախային՝ ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ոլորտի բարեփոխումների առաջնահերթություններից մեկը դարձրեց մարզական կազմակերպության ենթակայության ներքո գործող մարզահամալիրի եւ բոլոր մարզօջախների հիմնանորոգումը: Դրանք այսօր վերածվել են հարմարավետ ու ժամանակակից մարզադահլիճների, որոնցում մարզական այբուբենն է յուրացնում շուրջ 700 երեխա եւ առողջությունն է կոփում ավելի քան 3000 ոստիկան:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.11..2015