Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2 տեսակի խոսք, որով ծույլ ծնողները խորտակում են իրենց երեխաներին

Նոյեմբեր 13,2015 12:00

Ահա թե ինչքան վնասակար են «կմեծանա՝ կսովորի» եւ «մարդու միջից պիտի լինի» խոսքերը երեխաների ապագայի համար:

Շատ ծնողներ խուսափում են երեխաներին դաստիարակելուց ու մտածում, որ «կմեծանա՝ կսովորի»: Երեւի այս խոսքը շատ եք լսել: Սա նման է նրան, որ սերմը ցանես հողի մեջ ու ասես՝ իրեն-իրեն կաճի: Այդպես չի լինում: Իրեն-իրեն մոլախոտ է աճում ու թրթուրներն ուտում են այն: Արդյունքում՝ ոչինչ չի ստացվում:

Իրեն-իրեն ոչ մի բարիք չի լինում: Աշխատել է պետք:

Դուք երբեւէ հող մշակե՞լ եք: Հայտնի է, որ մոլախոտն է միայն ինքնիրեն մեծանում ու բազմանում: Իսկ բարի պտուղներն այդպես չեն շատանում: Եթե դու սերմը ցանես հողի մեջ ու նրա վրա չաշխատես, ապա մոլախոտն ու թրթուրները նրան կուտեն: Նույնպես էլ՝ երեխաների պարագայում: Եթե դու քո զավակին փոքր հասակից բարիք չսովորեցնես, ապա այս կյանքի մոլախոտն ու թրթուրները նրա բարի հոգին քարասրտությամբ կմեծացնեն: Թեկուզ դու նրան լավագույն կրթության տաս: Չէ՞ որ այս աշխարհում պատերազմ սփռողները լավագույն համալսարաններն են ավարտել:
Մեր ժողովուրդն ասում է՝ «մարդու միջից պետք է լինի» (երբ չեն հաջողում մեկի դաստիարակության գործում): Բայց դա մի փափուկ բարձ է, որ մարդիկ դնում են գլխների տակ ու մի կողմ քաշվում, որովհետեւ չեն ուզում հոգնել: Նախ, պիտի սերմը ցանես, որ «մեջը լինի»: Ապա, հողը պետք է մշակել, պարարտանյութ տալ, ջրել, որ սերմը մեծանա, աճի ու պտուղ տա: Երկու սերմնացան սերմ ցանեցին իրենց արտերի մեջ: Մեկը գիշեր-ցերեկ քնեց ու նրա արտը արդյունք չտվեց: Իսկ մյուսն աշխատեց իր արտում, ջրեց, հողը փորեց, պարարտանյութ տվեց, ու սերմն աճեց: Հիմա այն մի արտում սերմ կար, այս մեկում չկա՞ր: Մենք պետք է հոգ տանենք, որ սերմն աճի:

Երեխայի դաստիարակությունը՝ այսինքն բարի բաների վարժվելը, տասնյակ տարիների գործ է: Իսկ երեխան հայհոյանք սովորում է մեկ օրում ու շարունակ կրկնում այն: Ախ, ինչ ցավալի բան է, երբ ազգականներն են երեխաներին հայհոյանք սովորեցնում:
Սրա համար, սիրելի հայ մարդիկ, մենք մեր երեխաներին փոքր հասակից մկրտում ենք, որպեսզի եկեղեցի գալուն վարժվեն, հավատքին վարժվեն, Սուրբ Հաղորդություն ստանան, որպեսզի երեխան մշտապես մեծանա Աստծո բարի խոսքը լսելով: Որպեսզի այս ամենը՝ սերը, հավատքը եւ բարին հակակշիռ ստեղծեն այն մոլախոտին, որն անկասկած հարձակվելու է ձեր բալիկի վրա՝ ամեն օրվա հետ:

Սիրելի ծնողներ ու ազգականներ, պապիկներ ու տատիկներ, ձեր հույսը մի դրեք այն բանի վրա, որ ձեր երեխան կմեծանա՝ նոր կսովորի ու երբ չսովորի, ձեզ արդարացնեք, թե մարդու միջից պիտի լիներ: Քանի ձեր բալիկը փոքր է, բարի սերմ դրեք նրա մեջ, հողը փափկացրեք, ջրեք ու պարարտանյութ տվեք: Երբ ձեր երեխան մեծանա, ձեր ծերության օրում բարի պտուղներ կքաղեք:

Դե, աշխատենք այս ուղղությամբ այսօր:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
Քննարկումների համար գրել Ֆեյսբուքի իմ էջին

«Առավոտ» օրաթերթ
12.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30