«Սոցիոսկոպ» հասարակական կազմակերպությունը «Սահմանադրական փոփոխությունների ներկայացումը առցանց մեդիայում» թեմայով հետազոտություն էր իրականացրել: Հետազոտության արդյունքները հասարակական կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրեցին նոյեմբերի 12-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած «Լրադադար» ակումբի շրջանակներում:
Հետազոտող Արփի Մանուսյանն ասաց, որ ուսումնասիրվել են 1in.am, Aravot.am, A1plus.am, Tert.am, News.am, Armtimes.com, Lragir.am, Iravunk.com, Azatutyun.am, Epress.am առցանց լրատվամիջոցների սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին կատարած հրապարակումները: Նշված լրատվամիջոցներից սահմանադրական փոփոխությունների մասին ամենաշատ հոդվածներ են հրապարակել 1in.am-ը, Aravot.am-ը եւ A1plus.am-ը:
«Մենք դիտարկել ենք մոտ 1900 հոդված եւ մեդիատեքստերը ենթարկել ենք որակական բովանդակային վերլուծության՝ մի քանի բաղադրիչներով: Առաջին բաղադրիչը, թե ինչ շեշտադրումներով են խոսում լրատվամիջոցները սահմանադրական փոփոխությունների մասին, թեմատիկ հիմնական ֆոկուս ունի՞ այս դիսկուրսը: Դիտարկել ենք նաեւ, թե ինչպիսի դիրքորոշումներ ունեն՝ բացահայտ եւ լատենտ, եւ ուսումնասիրել ենք, թե հիմնականում ովքեր են խոսում սահմանադրական փոփոխությունների մասին»,- ասաց Արփի Մանուսյանը:
Նա ընդգծեց, որ հոդվածների մեծ մասը իշխանությունների եւ Սերժ Սարգսյանի վերարտադրման մասին է, այնուհետեւ՝ կառավարման համակարգի փոփոխության, հանրաքվեի մասին, իսկ նախագծի խնդրահարույց կետերի մասին հոդվածները շատ փոքր մաս են կազմում:
Կարդացեք նաև
Ուսումնասիրված լրատվամիջոցները հասարակական կազմակերպությունը երկու խմբի է բաժանել: Առաջին խմբում են 1in.am, Tert.am եւ News.am կայքերը:
«Եթե մենք անընդհատ չենք վերլուծում ըստ կատեգորիաների, մենք կարող ենք ասել՝ իրենք բազմակողմանի ե՛ւ «Ոչ»-ի, ե՛ւ «Այո»-ի կողմնակիցներին ներկայացնում են, իրենք իրենց տեսակետները ասում են, բայց շեշտադրումները Սերժ Սարգսյանի վերարտադրման դիսկուրսի վրա են՝ հիմնական թեման: Այս լրատվամիջոցներում չունենք կոնկրետ թեմատիկ քննարկումներ այդ խնդրահարույց կետերի մասին, չունենք նաեւ այդպիսի լուրջ լրագրողական վերլուծություններ, նկատի ունեմ՝ այստեղ հիմնականում տարբեր փորձագետներ են, քաղաքագետներ են, քաղաքական գործիչները: Բայց մյուս կողմից, ինչքան մենք դիտարկեցինք սեպտեմբերից մինչեւ հոկտեմբեր ինչքան հանրաքվեին մոտ էր, հետաքրքիր էր, որ այս լրատվամիջոցների մոտ միտում նկատվեց. եթե սկզբում ավելի բալանսավորված էր, հետո ավելի սկսվեց խոսել «Ոչ»-ի ճակատում առկա հակասությունների մասին, պառակտվածության մասին, եւ ինչքան հանրաքվեն մոտեցավ ավելի շատ խոսում էին «Այո»-ի կողմնակիցները»,- ասաց Արփի Մանուսյանը:
Նա նշեց, որ մյուս խմբի լրատվամիջոցները՝ Aravot.am, A1plus.am, Armtimes.com, Lragir.am, Iravunk.com, Azatutyun.am, խնդրահարույց դրույթների մասին բովանդակային վերլուծական տեքստեր ունեն, բայց նաեւ ունեն ակնհայտ բացասական չհիմնավորված դիրքորոշումներ, օրինակ՝ Iravunk.com-ը:
Անդրադառնալով Aravot.am-ին Արփի Մանուսյանն ասաց. ««Առավոտ»-ի դեպքում էլի համեմատաբար բալանսավորված եւ բազմակողմանի ներկայացում է: Այստեղ ինչպես Epress.am-ում եւ Azatutyun.am-ում ունենք ավելի բովանդակային քննարկումներ առանձին մարդու իրավունքների վերաբերյալ, սակայն, միեւնույն է, ընդհանուր առմամբ այստեղ դոմինանտ է իշխանությունների վերարտադրման թեման: Բայց այստեղ շատ հետաքրքիր առանձնահատկություն է, որ քննարկում կա այն մասին, որը որ շատ քիչ է եւ առավելապես այս լրատվամիջոցում ենք նկատել, թե արդյոք սահմանադրական փոփոխությունները իրենցից հանրային պահանջ է ներկայացնո՞ւմ: Այսինքն՝ այդ կարեւորագույն հարցը, թե արդյոք հանրությունը սահմանադրական փոփոխությունների կարիքն ունի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ