Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ մտահոգվել, նա հանրապետության նախագահն է, մինչև 2018 թվականը». Շարմազանով

Նոյեմբեր 12,2015 22:50

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանմամբ, հասարակության մեջ սահմանադրական փոփոխությունների հարցում կան ոչ միայն  «այո»-ի, «ոչ»-ի կողմնակիցներ, այլեւ չկողմնորոշվածներ:

Հարցին, թե ինչու են «ոչ»-ի կողմնակիցները հայտարարում, որ իրենց հանդիպումների ժամանակ նույնիսկ մեկ «այո» ասող չեն տեսել, Էդուարդ Շարմազանովը խորհուրդ տվեց սպասել մինչեւ դեկտեմբերի վեցի քվեարկությունը. «Դեկտեմբերի 6-ի երեկոյան պարզ կլինի՝ ով է ում հանդիպել… Ի տարբերություն Արամ Մանուկյանի, որը չգիտես ինչու՝ միայն «ոչ»-ն է լսում, մենք «ոչ» էլ, «այո» էլ տեսնում ենք, չկողմնորոշվածներին էլ ենք տեսնում: Հիմա, որ ես կանգնեմ, ասեմ՝ բոլորը «այո» են, ինձ լուրջ մարդ կհամարե՞ք, ինչպես լուրջ չեք համարի բոլոր նրանց, ովքեր ասում են, թե ողջ հանրությունը «ոչ» է ասում»:

Նրա խոսքով, Հայաստանին որակյալ հանրաքվե է պետք, դրա համար էլ Սերժ Սարգսյանը Մադրիդում եվրոպական միջազգային կառույցներին հրավիրել է Հայաստան դիտորդական առաքելություն իրականացնելու:

Հարցին՝ ի՞նչ են ցույց տալիս ՀՀԿ-ի հանդիպումները, ի՞նչ տրամադրություն կա ժողովրդի շրջանում, Շարմազանովը չհերքեց, որ որոշակի  պասիվություն է նկատվում. «Մարդկանց մեջ կան հարցեր, որովհետև «ոչ»-ի մեր գործընկերները քարոզում են ոչ թե բովանդակային հարցեր, այլ ասում են բաներ, որոնք գոյություն չունեն: Դրա համար պետք է համեմատել գործող Սահմանադրությունը նոր տեքստի հետ: Ու ժողովուրդը կորոշի՝ ինչպես կլինի ու կլինի այնպես, ինչպես ժողովուրդը կորոշի»:

Ինչ վերաբերում է «ոչ»-ի ճակատից շարունակաբար հնչող կարծիքներին, թե սահմանադրական փոփոխություններն արվում են իշխանության վերարտադրման համար, Շարմազանովը պնդեց. «Կներեք, եթե նման բան են ասում, ուրեմն կամ չեն կարդացել այս փաստաթուղթը, կամ էլ՝ տառաճանաչ չեն, որովհետև եթե բոլորը մեղադրում էին, որ կա 41 մեծամասնական տեղ, որ դրանցից 35-ը ՀՀԿ-ին է տրվում, որ միայն ՀՀԿ-ն է հաղթում, որ անհավասար պայմաններ են, բոլորը խոսում էին համամասնական ընտրակարգի անհրաժեշտության մասին, հիմա ամրագրում ենք, որ ընտրակարգը լինի բացառապես համամասնական, էլ ի՞նչ խնդիր կա»:

Դիտարկմանը, որ մտահոգությունները կապված են Սերժ Սարգսյանի վերարտադրման հետ, Շարմազանովը շարունակեց. «Նախ լավ է, որ մեր ընդդիմադիր գործընկերները համարում են, որ սահմանադրական փոփոխություններն անցնելու են ու արդեն մտածում են Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագրի մասին: Պետք չէ մտահոգվել, նա հանրապետության Նախագահն է, մինչև 2018թ.-ը իր ամբողջ լիազորություններով մնալու է Նախագահ ու երկար տարիներ դեռ լինելու է ՀՀԿ առաջնորդը, որի համար մենք բոլորս հպարտ ենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30